ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հունձք, որ չի կորչի անհետ…

Հունձք, որ չի կորչի անհետ…
14.11.2014 | 11:07

Մանկան ոգևորությամբ նա սպասում էր իր հերթական գրքի ծննդին, թվով յոթերորդն էր, և ես, ավարտելով գրքի խմբագրական աշխատանքները, նրան ասացի. «7-ի խորհուրդն ուրիշ է… Հեքիաթային մի բան կա դրանում»: Բարի ժպտում էր և խոսում նոր ծրագրերից։ ՀՐԱՉԻԿ ՄԱՅԻԼՅԱՆԻ 7-րդ՝ հետմահու տպագրված գիրքը «Կենսագրական հուշապատումն» էր, որում փորձ էր արել իր կյանքի անմոռանալի, նվիրական դրվագները, «իր ներսում եղած լավն ու վատը» ցուցանել, պահ տալ սերունդներին այն արժեքները, որոնք այսօրվա մտահոգություններով ապրող մի հայ մարդու ներաշխարհն են կազմում։ Այս գիրքը դարձավ նրա կյանք-հեքիաթի յուրատեսակ ամփոփումը, միաժամանակ՝ գրական կտակը։
Պատանեկան հասակից էր սկսել ստեղծագործել, ոտանավորներ գրել սիրո ու գարնան մասին, թեև չէր անսացել խրախուսանքներին և հատուկենտ գործեր էր տպագրել երիտասարդ շրջանում, մինչդեռ կուտակել, ամբարել էր և կյանքի վերջին տարիներին աշնան բերքի նման առատ ու հասուն հանձնել ընթերցողին։ Քիչ է ասել, թե բազմաժանր էր Հրաչիկ Մայիլյանը, նրա գրական դաշտում առկա էին իրարից ամենահեռավոր տարածության վրա գտնվող թեմատիկ ու ժանրային միջօրեականները՝ բանաստեղծական շարքերից («Կարոտի ղողանջներ», 2010, «Տագնապներ և խոհեր», 2011) մինչև Սևքարեցի Սաքոյի պատմական կերպարը («Անմահության առհավատչյան», 2012), Հայրենականի և Արցախի հերոսամարտերին նվիրված ակնարկաշարերից («Հրե օրերի մեր հերոսները», 2009) մինչև գողտրիկ պատմվածքները, լրագրական հրապարակումներից մինչև գրականագիտական, հրապարակախոսական հոդվածները («Խեղված ճակատագրեր», 2008) և այլն։ Սակայն մի միասնական ոճական ընդհանրություն ունեն այս բոլոր ստեղծագործություններն ու գրքերը. նրանք ծնունդ էին առնում իջևանյան վճիտ բնաշխարհից սերված, բարություն և լավատեսություն սերմանող, աշխարհին հոգու աչքերով նայող հայորդու ձեռամբ, ով չէր կեղծաբանում, չէր հնարաբանում, այլ գրում էր այնպես, ինչպես ապրում էր՝ պարզ, շիտակ, ժպտադեմ, թվում էր՝ անտրտունջ։ Այսպես պարզ ու մատչելի էր նրա տարողունակ գիրը՝ խորքը տեսցնելու աստիճանի։
Բնաշխարհի ծնունդ էր և հազար ու մի տեսանելի ու աներևույթ կապերով կառչած էր իր հող ու ջրին, իր բնօրրանին և եթե տագնապում էր՝ մեր օրերի վայրիվերումներից՝ անարդարությանն ու հայրենյաց վտանգներին դեմ հանդիման։
Առանձնահատուկ հարգանք ուներ մեր գրական երևելիների հանդեպ։ Նրա գրականագիտական հրապարակումները նվիրված էին Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Պ. Սևակի, Հ. Սահյանի գրական վաստակին, և առօրյայում հաճախ էր նրանց անունները հիշատակում ու խոսքը համեմում նրանց խոսքերով։
Միշտ նոր մտահղացումներ ուներ, «անվերջ երազող» էր։

Թվում է, որքան երկար էլ ապրես,
Միշտ ինչ-որ մի բան մնում է թերի,
Որքան էլ կյանքում ճիգ ու ջանք թափես՝
Չես տեսնի վերջը քո երազների։

Չես տեսնի վերջը քո երազների,
Գալիքը միշտ էլ մնում է անհայտ,
Ձգտումներն են միշտ անհասանելի,
Որոնց ձգտում է ամեն մի անհատ։

Բայց մենք փոխվում ենք վայրկյան առ վայրկյան,
Տարիների հետ դառնում անճանաչ.
Հողն է լոկ հավերժ, այդ նա է միայն
Անցավորներիս գալիս ընդառաջ…

Հողը հավերժ է… անկասկած, բայց և անկորնչելի են Հրաչիկ Մայիլյանի երկրային լուսավոր կերպարը և իր թողած հարուստ գրական հունձքը։


Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ