ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ
08.03.2015 | 12:30

«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց Մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ:
Արդարև, կանանց կոչման մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսխն է ընտանիքի:
Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում` լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում: Հավասար հնարավորությունների մեր դարում անուրանալի է նաև կանանց դերն ու բերած ավանդը գիտության, կրթության, տնտեսության և հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառներում` նպաստելով մեր հասարակության բարօրությանն ու զարգացմանը:
Սիրելի մայրեր, քույրեր ու դուստրեր, մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ խնամքի ներքո հարստացնեք մեր կյանքը` լցնելով այն ձեր բարի գործերով, սիրով, հոգատարությամբ ու առաքինի օրինակով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` «առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից»:
Թող Ամենակալն Աստված շնորհազարդի ձեզ հոգևոր առաքինություններով և պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու անսպառ ուրախություն` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ