ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Երազենք գիշերը, իսկ ցերեկն աշխատենք»

«Երազենք գիշերը,  իսկ ցերեկն աշխատենք»
31.03.2015 | 00:43

Երբ Անդրեյ Սախարովը Նոբելյան մրցանակ էր ստանում, շնորհակալական խոսքում ասել է նաև. «…Ես հավատում եմ, որ այս մրցանակը տրվում է ոչ միայն ինձ, այլև Վլադիմիր Բուկովսկուն, Աշոտ Նավասարդյանին…»:


Սախարովը կարող էր այդպես ասել, կարող էր վկայել նաև ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ, ով տասնութ տարեկանից մասնակից էր ազգային ազատագրական ընդհատակյա պայքարին և իր գաղափարների տարածման համար խորհրդային տարիներին 13 տարի բանտարկության ու աքսորի օրեր ապրեց: Եվ բնական է, որ անկախության վերազարթոնքի օրերին՝ թե՛ Արցախի ազատագրման պայքարի, թե՛ անկախ Հայաստանի պետականաշինության գործի առաջամարտիկներից մեկը Աշոտը պիտի լիներ: ՈՒ եղավ՝ հիմնելով Հայաստանի հանրապետական կուսակցությունը և գործուն մասնակցություն ունենալով Հայաստանի Գերագույն խորհրդի օրենսդրական աշխատանքներին: Կուսակից ընկերների երդման տեքստն էլ ինքը գրեց՝ տասնամյակների ազատագրական փորձով, երազանքների տեսլականով. «...Ոգին հայկական անմահ է... Երդվում եմ ես քեզ, ժողովուրդ հայոց, երդվում եմ անմեղ զոհերիդ արյամբ... Ամենասուրբ մայրը դու ես, Հայաստան»:
...2002 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ազատագրման տասնամյա տոնակատարությանը, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան շնորհվեց նաև Աշոտ Նավասարդյանին: Աշոտը, սակայն, այնտեղ չէր, նրա այրին՝ Հասմիկ Նավասարդյանն էր մեկնել Արցախ: Այդ հանդիսությանը Հասմիկն ասաց. «Այսօր ինձ համար կրկնակի տոն է, որովհետև հենց այսօր 13 տարվա բանտարկությունից հետո, Աշոտը վերադարձավ տուն: Եվ այսօր նա ստանում է իր երախտիքի արգասիքը: Գուցե Աստված այնպես ուզեց, որ Աշոտի փոխարեն ես ստանամ նրա պարգևը... Իր մահից երկու օր առաջ Աշոտը Հայաստանի Ազգային ժողովում լսումներ էր պահանջում Արցախի հարցի շուրջ... Չհասցրեց: Ես կուզենայի, որ Արցախի ժողովուրդն իմանար Աշոտի մեծ սերն ու նվիրումը ազատագրված Արցախին: Աշոտն անկախության ա՛յս ձևակերպումն ուներ. «Անկախությունն ինքնանպատակ բան չէ, գենոֆոնդը պահպանելու և դրսևորելու միջոց է: Մեզ անկախ, բայց ոչ ազատ պետություն պետք չէ»:
...Մարդը, իր ճակատագրի թելադրանքով, ֆիզիկապես է հեռանում մեզնից՝ մեզ թողնելով իր կիսատ թողածի, իր գաղափարների իրականացման պարտականությունը: Թողնելով՝ պատգամ որպես, ճանապարհի ուղեցույց և ինքնադրսևորման միջոց:
Ահավասիկ դրանցից մի քանիսը՝ այսօրին համահունչ:

«Եթե չես պայքարելու քո անկախ պետականությունը վերստեղծելու համար, հանուն ինչի՞ ես գոյատևում... Եթե մի կերպ քարշ գալու կենսափիլիսոփայությունը, աշխարհի երեսից պարզապես չվերանալը մեզ համար դարձել են նպատակ, դարձել են արժեք, և եթե այդ արժեքով պիտի ապրի իմ ժողովուրդը, ավելի լավ է չլինենք... Ես չեմ ուզում գնչուական արժեքներով ապրել»:
«Եթե հայրենասիրության սահմանները վերևից թելադրելով է, ուրեմն ես հայրենասեր չեմ. թող մի անգամ էլ չթույլատրված բաներ ասեն»:
«Մենք ազգի շահը գերադասում ենք դեմոկրատիայից: Այն դեմոկրատիան, որ կարող է հակասել ազգային շահին, մենք մերժում ենք»:
...Աշոտ Նավասարդյանը Նժդեհի գաղափարներն էր որդեգրել, այդ գաղափարների դրոշակակիրն էր ինքը և դա էր պահանջում իր կուսակիցներից: Եթե Նժդեհն էր ասում, որ «Մտավորականությունը ժողովրդի դարբինն է», Աշոտն ինքն էլ հույսեր էր կապում մտավորականության հետ, և կոշտ էր նրա վերաբերմունքը, եթե մտավորականության ձայնն ու դիրքորոշումը հստակ չեն. «Մեր պաշտոնական մտավորականությունը փոխանակ հացից հրաժարվելով՝ ազատություն ուզի, ազատությունից հրաժարվելով՝ օրապահիկ է ուզում... Մտավորականը չպետք է ասի միայն այն, ինչ թույլատրված է... մեր նպատակը պարզապես ապահով ապրելը չէ»:
«Եթե կուսակցությունը հասարակության մեջ պաշտպանելու է որևէ խավի շահերը, մենք չէինք ստեղծի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Մենք պատկանում ենք կուսակցությունների այն խմբին, որն ազգային խնդիրներին է հետամուտ... մեր նպատակներից գլխավորը հայ ժողովրդի ազգայնացումն է: Միայն պետություն ստեղծելով ամբողջ նպատակն իրագործված չի կարելի համարել. ծագում է բնակչի՝ այս տան տիրոջ խնդիրը: Մենք ազգային պետություն ենք ուզում, ուր չեն վտանգվում ազգային արժեքները... Եթե չկան արժեքներ, արժեքային համակարգ, մարդու լիակատար ազատությունը աբսուրդ է դառնում»:
...Աշոտ Նավասարդյան անձը, կուսակցապետը սերունդներին բավարար չափով դեռ ծանոթ չէ, և նրան ներկայացնելու կարիքը, անշուշտ, կա: Դա է վկայում նաև հենց իր՝ պարզ, հասարակ մարդու խոստովանությունը. «Ես այնպիսի արժեքներ եմ կրում իմ մեջ, որ ինքս ինձ հետ էլ հակասության մեջ եմ: Ես երկփեղկված եմ իբրև անձ: Ես անձնական կյանքի դռներ չունեմ, կան միայն փոքրիկ պատուհաններ, որոնցով երբեմն-երբեմն նայում եմ իմ ներսը... Գոյություն ունի կյանքի կարոտ, բայց միաժամանակ պարտքի մեծ գիտակցություն, որը չի թողնում, որ այդ կարոտը դրսևորվի»:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ