Ապրիլի 1-ին «Կոլորադոյի հայեր» ընկերակցությունը տեղական և ազգային կազմակերպությունների հետ համատեղ հայտարարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող 2015 թվականի ապրիլ ամսվա միջոցառումները, որոնք տեղի են ունենալու «Փրկվել, վերածնվել և բարգավաճել» խորագրով։ Այդ մասին գրում է asbarez.com-ը:
«Մենք միացել ենք Կոլորադոյի հայ համայնքի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին: 2013-ին ես և Կոլորադոյի Գլխավոր ասամբլեան հաստատել ենք Կոլորադոյի Կապիտոլիումի տարածքում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական խաչքար տեղադրելու որոշումը: Մենք սպասում ենք այս տարվա ապրիլի 24-ին՝ բացելու այս գեղեցիկ հուշակոթողը»,- ասել է Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուպերը:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այս հանցագործության զոհերին, հայ ժողովրդին՝ փրկվելու իր տոկունության համար, և նրանց, ովքեր բարձրացնում են Հայոց ցեղասպանության իրազեկությունը և արվեստով ու երաժշտությամբ պահպանում հայկական մշակույթը: Մենք հպարտ ենք հայտարարելու, որ ապրիլի 21-ին տեղի կունենա «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակակիր կոմպոզիտոր Դենիս Ջենթիլինիի «Ես կենդանի եմ» մյուզիքլը:
Մենք՝ Կոլորադոյի հայկական համայնքի ներկայացուցիչներս, երախտապարտ ենք Կոլորադոյի քաղաքացիներին և քաղաքական գործիչներին թե՛ անցյալում, թե՛ ներկայում իրենց ցուցաբերած աջակցության համար, որոնք օգնել են փրկվել հազարավոր որբերի Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո:
«Կոլորադոյի հայեր» ընկերակցությունը երախտապարտ է նաև Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին խաչքարի նվիրատվության համար»,– ասել է «Կոլորադոյի հայեր» ընկերակցության նախագահ Սոնա Հեդեշյանը:
Կոլորադոյի Կապիտոլիումի խաչքարը կլինի առաջինն իր տեսակի մեջ, որն իր տեղը կգտնի ԱՄՆ կառավարական տներում: Խաչքարը քանդակել է հայտնի հայ վարպես Վարազդատ Համբարձումյանը: Այն ստեղծվել է 2005 թվականին ավիրված Ջուլֆայի խաչքարի՝ 1980 թվականին արված լուսանկարի հիման վրա:
Այս մասին գրում է asbarez.com-ը։
Հ. Գ.- Նշենք, որ Կոլորադոյում խաչքարը տեղադրվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 2014թ. «Կրթություն և տեղեկատվություն հանուն զարգացման» ՀԿ-ին տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։