Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Խառնաշփոթ թափուր աթոռի շուրջ

Խառնաշփոթ թափուր աթոռի շուրջ
12.05.2015 | 10:10

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր աթոռը շատերի աչքերի անուշ քունը կտրել է։ Մշակույթի նախարարությունը կարող էր երկարաձգել ՀԱՊ-ի երկարամյա տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի պաշտոնավարման ժամկետը, սակայն գերադասել է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ի դեմս պատկերասրահի տնօրենի գիտական գծով տեղակալ, արվեստաբան Հայկանուշ Հակոբյանի։ Մայիսի 2-ին պիտի հայտարարվեր մրցույթ տնօրենի թափուր տեղի համար։ Մրցույթը չի հայտարարվել։ Հունիսի 2-ին լրանում է Հ. Հակոբյանի ժամանակավոր պաշտոնավարման 6 ամիսը, և նա այլևս չի կարող պաշտոնավարել։ Մշակույթի նախարարությունը ևս 6 ամսով նոր պաշտոնակատար կնշանակի և գուցե թե տարեվերջին հայտարարի սպասված մրցույթը։ Այստեղ մի նրբություն կա։ Իրազեկ աղբյուրները հավատացնում են, որ Հասմիկ Պողոսյանը կամենում է ՀԱՊ-ի պաշտոնակատար նշանակել մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին և ազատվել վերջինիս հոգսաշատ ներկայությունից, քանի որ տիկին Հասմիկը, ով, ինչպես քաջ հայտնի է, չի հանդուրժում իր ենթակաների ինքնուրույնությունը, անզոր է կառավարելի դարձնելու տիկին Սամուելյանին, քանզի վերջինս վայելում է ինչպես նախորդ, այնպես էլ ներկա վարչապետի հովանավորությունը։ Բնականաբար, ՀԱՊ-ի տնօրեն Սամուելյանին նշանակելով պաշտոնակատար, այնուհետև ամեն բան թողնելով մրցույթի անկանխատեսելի քմահաճույքներին` Հասմիկ Պողոսյանը մեկ կրակոցով կգետնի երկու նապաստակ։ Սակայն այլ խնդիր էլ է առկա. կա ևս մեկ թեկնածու` Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը, ով ժամանակին փորձում էր դառնալ օպերային թատրոնի տնօրեն։ Չհաջողվեց։
Այնուամենայնիվ, ինչո՞ւ մրցույթը չկայացավ, գուցե ՀՀ մշակույթի նախարարությունում ա՞յլ մոտեցում են որդեգրել և զանազան ճնշումների տակ փորձում են այլ թեկնածուներ էլ հարմարեցնել մրցույթին և գործը «խաղաղորեն» գլուխ բերել։ Սակայն չպետք է մոռանալ ևս մի կարևոր հանգամանք, ՀԱՊ-ի տնօրենի որքան պատվաբեր, է՛լ ավելի պատասխանատու պաշտոնը կարող է ստանձնել ¥անշուշտ, մրցույթը շահելուց հետո¤ այն անձը, ով կերպարվեստի վարպետ է կամ արվեստաբան և այս բնագավառում կայացած մեկն է, ունի թանգարանային ոլորտում աշխատելու առնվազն 7 տարվա փորձ և զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ Ո՛չ Արև Սամուելյանը, ո՛չ էլ Արման Ծատուրյանը վերոնշյալ պահանջներին չեն համապատասխանում։ Սակայն նրանք համապատասխանում են ներհայկական խիստ գործուն ներկապնակի ամենաէական գույներին` ունեն հզոր հովանավորներ։ Մի՞թե այսօր հնարավոր է մոռացության տալ Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի աթոռի շուրջ փոթորկվող իրադարձությունները, երբ նշյալ պատվավոր աթոռը դարձավ գրող և դաշնակցական գործիչ Ալվարդ Պետրոսյանի ընտանեկան կապալը։ Օրեր առաջ էլ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն փաստացի նշանակվեց նախկին երկարամյա տնօրեն Անելկա Գրիգորյանի եղբորորդի Գրիգոր Գրիգորյանը, ով նկարիչ է և ուրիշ ոչինչ, այսինքն` չունի թանգարանային աշխատանքի փորձ և պրոֆեսիոնալ հմտություն։
Մի խոսքով, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնը արդեն իսկ հայտնվել է կամայականությունների շրջապտույտում։ Եվ այս պարագայում մի հարց է ելուստվում. արդյո՞ք վաղուց ժամանակը չէ մրցույթ հայտարարելու ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնի համար։ Այս աթոռը միշտ էլ թափուր է։ Հասմիկ Պողոսյանին էլ չհաջողվեց շենք ու շուք տալ նրան։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ