Նյուրնբերգի օպերային թատրոնի Գլուք Զալում կայացել է Հրաչուհի Բասենցի մենահամերգը «Տուն արի» խորագրով` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Հնչել են Կոմիտասի գերմաներեն և հայերեն երգերը, ներկայացվել են ազգային տարազներ հանրահայտ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու և «Սփյուռքից Հայրենիք» մշակութային-հասարակական կազմակերպության հավաքածուից:

«Սփյուռքից Հայրենիք»-ի տնօրեն Աստղիկ Պետրոսյան-Սոֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարազներով աղջիկները մասնակցել են նաև Հռոմում ապրիլի քսանչորսին կայացած բազմամարդ երթին: Պատմական Հայաստանի տարազները ներկայացվել են նաև Իտալիայի հեռուստաալիքներով:

«Անցյալ տարի տարազները ցուցադրել ենք միայն Մադրիդում` «Մադրիդի հայեր» ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանի նախաձեռնությամբ: Ցուցադրությունը տեղի հայերի շրջանում աննախադեպ ընդունելություն գտավ»,- ասաց Աստղիկ Պետրոսյան-Սոֆյանը:
