Թալինում այսօր բացվեց մանկական գեղարվեստի դպրոցը, որտեղ ուսանում են Թալինից և շրջակա գյուղերից 74 աշակերտներ: Գեղարվեստի դպրոցի շենքը՝ 1040 քմ ընդհանուր մակերեսով, կառուցվել է 1970-1972 թթ. և սկզբում գործել է որպես մանկապարտեզ: 2013-ին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թալին այցի ընթացքում տրված հանձնարարականով գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել և հիմնանորոգվել է: Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 35 տարվա պատմություն ունեցող դպրոցը ֆիզիկապես քայքայման եզրին էր. «Խնդրանքով դիմեցինք հանրապետության նախագահին, և ահա արդյունքը տեսնում ենք: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է, ամբողջովին կահավորվել: Դպրոցն ունի 11 դասարան՝ նախկին 6-ի փոխարեն, որոնցից 3-ը կիրառական արվեստի, 8-ը՝ գեղանկարչության»: Գեղարվեստի դպրոցի տնօրենը համոզված է, որ նոր ուսումնական տարում երեխաների թիվը կավելանա 50-ով: