«Համա քաղաքի փողոցներուն մեջ մարդ մը շուն կը հալածէր։ Ցնցոտիներ հագած մարդը, հակառակ իր ուժաթափ վիճակին, մեծ քայլերով կը վազէր շան ետևէն։ Հակառակ փչող սաստիկ պաղ հովին՝ մարդը սկսած էր քրտնիլ, իսկ շունը հևալով-հևալով կը ջանար վազել և ապահով անկյուն մը գտնել՝ իր բերնի հացը ուտելու համար։ Օ՜, այդ լման նկանակը շան բերնի մեջ, որքա՜ն մեծ երազ էր զայն ձեռք ձգելը։ Մարաշցի Յակոբը, հակառակ անոր, որ ոտքերուն կոշիկներուն մնացորդները չէին կրնար պաշտպանել խիճերէն և քարերէն, կը վազեր չտեսնուած մոլուցքով մը։ Որոշում տուած էր, վճռած էր, անպայման այդ հացի նկանակը ձեռք ձգել և տանիլ չորս զավակներուն, որոնք գաղթի առաջին ձմեռը սովահար էին։ Յակոբ յամառ մարդ էր, իր վճռածը վճռած էր՝ այդ հացը ի՛ր զավակներուն բաժին պիտի դառնար»։
Ընթերցումը կիսատ թողնենք, չակերտը գոցենք, շունչ քաշենք, ու թե անխիղճ էս աշխարհում գութ է մնացել ու խիղճ, փորձենք խղճի մեր ձեռքը դնել մեր սրտին ու մտածենք։ ՈՒ մտածենք։ Հզոր, խաղաղ, փոթորկուն գրող ես. 17 ճամփա, 17 ծով, 17 սար ես կտրել-անցել, որոնել ու գրել ես քո գիրքը՝ «Ցկեանս նահատակութիւն»։ Փրկարար գրիչ ունես, զորավոր։ Շնորհակալ եմ, որ մուսալեռցիների մեջ իր տեղն է գտել ճակատագրի քեսաբցին։
Հեղինակն իր պատումի հենց առաջին պարբերության տողերի-բառերի-տառերի շնչառությամբ մեզ մտորել է տալիս մեծ գաղթի ու ժամանակի գաղթի, չորս զավակի հայր մարաշցի Հակոբի, նրա սոված զավակների ու շան բերնի հացի մասին։ Հենց էսպես էլ վերնագրել է՝ «Շան բերնի հացը»։ Էս պատումը կարդալու ժամանակ, և ամիսներ հետո, մտածում էի հեղինակի կատարած ազգային սխրանքի մասին, որը, պարզ ասած, այրմարդու գործ է՝ կարողացել է լսել, ապա գրառել։ Էսպես՝ տասնյոթ պատմություն ու ճակատագիր, որ դարձել են սպասված, ապա և որոնված գիրք՝ «Ցկեանս նահատակութիւն»։ Փորձենք մտերմանալ ու այսուհետ մերը դարձնել շան բերնեն թռցրած... էս պատմվածքը, որը հաց է, նկանակ։ ՈՒժ, աչք, սիրտ ու խիղճ ու հենց ձեռք ու հոգի ունենանք մարաշցի Հակոբին, քեսաբցի գրող Գևորգ Աբելյանին հասկանալու, ընկալելու, մեզ իրենց մեջ, հենց շան մեջ, հենց հացի պատառի մեջ տեսնելու, զգալու։ Աստծուց կրա՞կ էինք ուզում՝ եղեռն, սպանդ, տարհանում, քիչ է ասել՝ խեղաթյուրված ճակատագրեր՝ մեկ ու հազար չէ, մի հին ու մեծ հայրենիքի, մի հին ու ազնիվ ժողովրդի, իր հողն ու երկինքն ունեցող ժողովրդի զավակներին, չքնաղ երազանքներին ու բարբառներին ի՞նչ պատահեց։ Հպանցիկ նայել չի լինում հեղինակ-հերոսների տողերին, բառերի ընտրությանը, ոճին, բաժանվել չի լինում ոչ միայն շան բերնի հացից, այլև հենց շնից, որի վաստակը փորձում է խլել սովալլուկ երեխաների հայրը՝ մարաշցի Հակոբը։ Սա զուտ զգացական պատմություն չէ, և գիրքն ամբողջովին եղեռնի օր ու տարիների ապրում-քարտեզագրություն է, հազիվ գտած արյուն, հավաստի, աղբյուրագիտական ժամանակագրություն։ Ի՞նչ կարող է մարդը. զավակները «մեծ վարպետութիւն ձեռք բերած էին գրաստներու և կովերու թրիքի կոյտերուն մէջէն զատելու գարիի հատիկներ...»՝ անգամ նախադասությունը չավարտած ձեռքդ տանում ես սրտիդ, սրբում արցունքներդ։ Ի՞նչ կարող է մարդը. «Յակոբ իր կինը՝ Խաթունը, ձգած էր Ղապ կոչեցեալ ընդարձակ ու անծայրածիր սուրիական հովիտին մեջ։ Այդ դաշտին մէկ անկիւնը կինը մնացած էր ինկած տեղը, անթաղ»։ «Թուրքը երազ ուներ, համաթուրանականութեան երազը։ Իսկ Յակոբը շան բերնի հացը ձեռք բերելու երազը կը հետապնդէր թուրքերու խենեշ երազի պատճառաւ»։
Փորձել խոսք ասել էս պատմվածքի մասին, նշանակում է այն նորից ու դարձյալ կարդալ... գրառելով։ Նույնը կարող եմ ասել տասնյոթճյուղանի էս հատորի ամեն մի ասքի մասին։ Գևորգ Աբելյանի «Ցկեանս նահատակութիւն» հատորն առաջին անգամ կարդացել եմ 2008-ի ապրիլին՝ «Նարեկացի» արվեստի միության հաճելի աշխատակիցների հանձնարարությամբ։ Գիրքս ձեռքս առնելու հետ մտածումս սա էր. ապրիլ է, վատառողջ եմ, ինչպե՞ս պիտի «հաղթահարել-յուրացնել» 450-էջանոց գրքի ընթերցումը։ Բայց հենց առաջին պատումների շնչառությունը, գրաբույրը, հեղինակի որդիական սերը վկայեցին, որ գիրքն այսուհետ իմն է, մեր ժողովրդի վավերագիր պատմության մի հորդառատ, բնականաբար, քիչ է ասել տխուր, աղբյուրն է։ Ափսոսանք ապրեցի, որ հեղինակին չեմ ճանաչում։ Իսկ նա՝ հասուն այրը և հայասեր գրողը, Քեսաբի Քորքյունե գյուղում ծնվածը, ինչպես գրքում զետեղված ծանուցագիրն է հուշում, տպագիր գրքերի հեղինակ է, ինչպես վայել է ամեն մի իսկական գրողի՝ ունի նաև անտիպներ։ Ճանաչվել է որպես ուսուցիչ, դպրոց է հիմնել, աշխատակցել է «Ազդակին»։ Նրա ստորագրությունը կապվում է նաև «Բագին» գրական ամսագրի հետ, էն էլ տասնամյակներ շարունակ։ Բազմազբաղ մտավորականը չի մոռացել իրեն ընծայել գրական մաքուր կեղծանուն՝ Ձյունական։
Գրքի կազմ-շապիկին դրոշմված է՝ ԱՅՆՃԱՐ-ԼԻԲԱՆԱՆ, որը, անշուշտ, հուսալի է, կարիք չունի թարգմանության՝ եղեռնի զավակներս ապրում, ստեղծագործում, հայոց կյանքն ենք շարունակում մայրիկների երկրում։ Եվ նրանց հետ, նրանց մեջ՝ մեր հեղինակը։ Գրքի ընթերցման պահին ես, ասես, զրուցում էի իմ գրչեղբոր հետ, ասելով.
Հպարտ ու խոնարհ գրիչ Գևորգ.
Մեր ինքնության անձնագիրը, հայոգի կերտվածքը՝ վիպերգը՝ ժողովրդական դյուցազներգությունը՝ մեր Աստվածաշունչը՝ էպոսը, քանի՞ պատում, քանի՞ ճյուղ ունի։ Մեր վիպերգի մեջ մենք ենք, մեր վիպերգը մեր մեջ է, մենք շարունակում ենք ծնվել մեր վիպերգից։ Մենք շատ ենք նման մեր ծնածին։ Տեր Աստված, միայն չփոխվենք, միայն չբաժանվենք, չօտարանանք իրարից։ Ավելի արդար ժառանգություն մեզ չի տրվել։
Կարդալով «Ցկեանս նահատակութիւն» ազնիվ շարադրանք գիրքդ՝ պատում առ պատում, 17 վիպապատում, նախ զգացի, հասունայր տարիքում դու կատարել ես դեռ ծնվածդ օրերից քեզ պարտադրված պարտքդ՝ մոռացության մրրիկներից փրկելով զուտ ազգային ճակատագիր-էջեր՝ արարելով քո՝ թեկուզ քիչ է ասել` անհավատալի դաժան, բայց սքանչացումի վիպերգի պատումները։ Իհարկե, հենց էս պահին զգացի, որ սքանչելի, սքանչացում բառերը տեղին չեն, թեև, հասկանում եմ՝ հենց էս պահին զգացի, որ սքանչելի, սքանչացում բառերը տեղին չեն, թեև, հասկանում եմ՝ հենց շան բերնից հացը խլելով ու սովահար զավակներին մի պահ մունջ անելը, ոգեծլումը, հավատի կայծը հենց լավատեսություն են, հոգու խեղճ ու կրակ ափերին հասած մի բուռ գութ ու ջուր։ Այո՛, հեշտ չէ կարդալը, հեշտ չէ լսել-զգալ-գրելը, մենք գոնե հուզմունքի թունդ պահին դադար կառնենք, իսկ ի՞նչ ասեն նրանք, ովքեր ապրել են էդ կյանքը, որ եթե փորձեին թեկուզ մի պահ դադար առնել, նշանակում է հանգչել, կայծը կայծին չկպցնել, ինքն իրեն, հրաշքով փրկվածներին չտեսնելու օրվա ու վաղվա մեջ։ Պատում, հայոց պատում եմ ասում, հենց նշխար եմ ասում պատումներդ, շնորհակալ-երախտապարտ լինենք, բայց ի՞նչ ասենք հազարավոր էն պատումներին, որ ճամփին մնացին, որ չծնված միլիոնավոր մանուկների նման էդպես էլ չմտան մեր գրականություն, բանահյուսության գանձարանը։
Հուզող էս հարցերին մեզանում առաջինը կարող է պատասխանել մեր պատմությունը, մեր ճակատագիրը, բանահավաք միտքը, ազնիվ-նվիրական բանահավաք տիկին Վերժինե Սվազլյանը՝ իր բազմաթիվ հատորներով։ Նրա ամեն մի հատորը մի հուշարձան է։ Այո՛, դու ևս գրի շնչի անմահ հուշարձան ես կանգնեցրել բոլոր նրանց հիշատակին, ում հանդիպել ես, ովքեր խոսք ու բառ ունեն եղեռնի, սպանդի միջով անցած տարաբախտ մեր հայրենակիցների մասին։ Գիրքդ դառնում է Հայապատում։ Հանդիպել ես, ականջ ես դրել, հոգու ու սրտի ունկ, նրանց, հիշողության ժառանգներին, ովքեր քո աչքերին, ունկերին, մտքին, քո կարող ու անտրտունջ գրչին վստահել են անհետ կորչող պատմությունների, եղելությունների մարմրող կայծ։ Քեզ նման ազնիվ գրիչները պիտի հրդեհեն հիշատակի ու հիշողության խարույկները սերունդներին փոխանցվող, հենց պատմությանը, հենց մարդկությանը փոխանցվող հայոց գրի սուրբ կրակը։ Դու աշխարհին, հենց մեզ, հենց Թուրքիային ու հենց թուրքերին ես հասցեագրել քո գիրքը։ Ես չեմ ասի՝ հեղինակի լեզու, ո՛չ էլ հերոսների, ո՛չ էլ պատմողների։ Պատմողը չի կարող գունազարդել։ Հիշողությունն ինչ տալիս է, ջրաղացի նման աղում-տալիս է՝ մաքուր, անխառն, լսած-տեսած ու հոգում ամբարած։ Ամեն պատումի վերջում գրառած պատմությունն ավելի հավաստի, իրական, կասկածանքից զերծ պահելու համար, նշել ես, թե ումից ես լսել ու գրառել։ «Այս ոդիսականը պատմեց քանկալցի Մինաս», «Հակոբ Կարապետյան՝ Հարություն որդեգիր զավակը հավելյալ և թանկագին մանրամասնություններ տրամադրեց ինծի, Դամասկոսի իր գրասենյակին մեջ», մոռացել եմ, որ արտագրության ժամանակ փոխել եմ հեղինակի ուղղագրությունը, այ, ո՞վ է պատմել, ումի՞ց է լսել «Շան բերնի հացը». «Այս պատմութիւնը պատմեց Միհրանին եւ Եղսային դուստր՝ տիկ. Ծաղիկ Գվրգեան-Գէորգեան»... Ասացի՝ քիչ է ասել, թե բոլոր ասքերն էլ հուզիչ են։ Օ՜, կապույտ խանձարուրով Մարի. «Գրեթէ քսանամեայ Մարիին կեանքը եղած էր որբանոցէ-որբանոց ոստոստում մը։ Մանկութիւնը բնավ չէր յիշեր, ո՛չ մայր, ո՛չ հայր։ Միսիոնարները վերցուցած էին զինք՝ ծառի մը տակէն. ըսած էին, որ Մարաշէն քանի մը քիլոմեթր հեռու, ընկուզենիի ծառի մը տակ գտած էինք զինք. կապոյտ խանձարուրով մը փաթթուած։ 1915-ի գաղթէն ետք Մարաշ վերստին կենդանացած էր, եղեռնէն պրծած հայորդիները վերադարձած էին հոն»։ Ցնցող պատմության էջերը նոր են բացվելու։ Մահը հետապնդում է։ Եվ լավը էն է, որ հեղինակը ականջալուր է անում. «ՈՒթսունամեայ Մարի-Լուսին, հակառակ ապրած տառապանքին, հակառակ անոր, որ քանի մը տարի առաջ իր չափահաս որդին զոհ գացած էր սրտի տագնապի մը, քէն չունի աշխարհի հանդէպ»։ ՈՒրեմն. «Տղա՛ս, Զատիկը կը մոտենայ. սուրճ չխմեցիր, բայց իմ շինած զատկուան բոկեղէն հատ մը կեր»։ Ապա՝ երջանկության նման մի բան. «Մարիին պատմութիւն պատմեց նոյն ինքն՝ Կապոյտ խանձարուրով Մարին»։
Հավաստի պատմությունները ազնիվ շաղախից հետո դառնում են գրական էջեր։ Եթե դու գրող ես ու գրում ես, հենց դու, հարգարժան Գևորգ Աբելյան, չես կարող ճշմարիտ չլինել, չապրել մարդկանց ապրածով ու չապրածով։ Մեզ համար հնարովի ոչինչ չկա։ Մեր ժողովրդական հեքիաթները՝ իրապատում, թե հրաշապատում, ինձ թվում է՝ ոչ մի ժամանակ, անգամ հնարելու թունդ պահին, հնարովի չեն եղել, թեկուզ հազար էլ սկսեն՝ եղել է, չի եղել կամ դիմեն անհայտ ժամանակներին՝ ժուկով-ժամանակով։
1915 սև թվականը՝ եղեռնով, կոտորածով, տեղահանությամբ, ամեն սարսափով, մտավ ոչ միայն հայ գրականության, պատմագրության մեջ։ Պատմություն կրողը մնում է ժողովուրդը։ Ժողովուրդը քայլող հող է. քայլող հող եմ կոչել երջանկահիշատակ Մեսրոպ արք. Աշճյանին։ Նա ապրում էր հայոց բոլոր ժամանակներում, մարդկանց մեջ արթնացնում էր պատմություն, հայասիրություն, հիշողություն։ Մեր մարգարեն՝ մեծն Հովհաննես Թումանյանը, կոչ էր անում՝ ականջը պահել ժողովրդի ձայնին։ Կարող ենք տասնյակ ու տասնյակ գրողների անուններ հիշել, ովքեր ականջել են ժողովրդի ձայնին։ Հենց Հովհաննես Թումանյանը։ Հենց Հակոբ Մնձուրին, հենց հանիրավի չգնահատված Էդվարդ Բոյաջյանը։ Մեր Ակսել Բակունցը, մեր Համաստեղը, Խաչիկ Դաշտենցը, Մուշեղ Գալշոյանը, Հրանտ Մաթևոսյանը։ Նրանցից շատերը չեն մտածել իրենց գրական հերոսներին անվանակնքելու մասին։ Պահել են ավազանի անունները։ Լավ գրողը ազգի հարստությունն է։ Ազգային արժեք ու հարստություն է Պողոս Սնապյանը։ Դու ընթերցող նվաճող գրող ես, սիրելի Գևորգ։ Գիրքդ հիշեցրեց թուրք գրող Քեմալ Յալչընին՝ «Սիրտս քեզնով կխայտայ» գրքի ազնիվ հեղինակին։ Փոխվում են ժամանակները, ո՞ր մեկիս մտքով կանցներ, որ թուրք հեղինակը կարող է նման ճշմարտապատում գիրք գրել՝ աղբյուրագիտական արժեքով՝ իր ուսուցչի, հայուհի Մելինեի հորդորներին տեղի տալով։ Հեղինակն ուշ է իմանում, որ իր ուսուցչուհին հայ է։
Եղել է, ինչ որ եղել է, այն է եղել, ուրիշ բան չի եղել։ Աչք փակել չկա։ Ճշմարտություն, միայն ճշմարտություն։
Ասացի՝ ամեն մի պատումդ ճակատագիր է, հայի բախտի նման ընկած մի ոճ։ Ականջել ես շատերին՝ չկորցնելով, ավելի ճիշտ՝ պահպանելով գրողի քո ինքնությունը, հենց խոնարհ իշխանությունը։ Գիրքդ նաև ուրիշ մտորում պարգևեց ինձ. Հակոբ Մնձուրին իր «Արմտան» հրաշալի գրքի պատմվածքներում հիշում է Հակոբ Հայրանյան ¥Հայրունի¤ անունը։ Երզնկացի Հակոբ Հայրունին եղեռնի ժամանակ կորցնում է իր յոթ զավակին, կնոջը. թուրքերը նրանց սպանում են։ Ամեն ինչ կորցրած հայը Զորավար Անդրանիկի հետ գալիս է այսօրվա Հայաստան, Սևանի Լուսակունք գյուղում տուն է սարքում, ութ զավակ ունենում իր նման ամեն ինչ կորցրած Զաբել կնոջից, մեղվապահությամբ, գյուղատնտեսությամբ պահում իր ընտանիքը։ Նա գրաբար գիտեր, ընտիր հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն, քրդերեն։ Երբ սկսվում է Համաշխարհային երկրորդ պատերազմը, գյուղի ու իշխանությունների ծակակտիվ «նվիրյալները» մտածում են, որ էս բազմալեզու խորհրդավոր մարդը, որը նաև տարբեր լեզուներով դիմումներ էր գրում ու կատարում թարգմանություններ, անպայման... լրտես կլինի։ Եվ 43-ին բանտում մահանում է ¥մահանո՞ւմ է, թե...¤ Հակոբ Հայրունին։ Քանի անգամ եղել եմ գյուղում, հանդիպել զավակների, թոռների, արդեն ծոռների հետ, եղել եմ արխիվում և... աններելի ուշացնում եմ «Հայրունիներ» գեղարվեստավավերագրական վիպակը։ Սիրելի Գևորգ, դու հզոր գրիչ ես։ Աստված չի ներում ծույլերին, օրվա գործը վաղը գցողներին։ Դու ոչ միայն քո տոհմածառն ես հարստացնում, դարձնում օրհնելի, այլև հայ տոհմապատմագրությունը։
Էնքան խելոք ու խելացի գիրք է, որ ավելորդ բառ չունի։ Լիքն ամբար է, խոհամատյան, մտքադարան։ Հեղինակը երախտիքով հիշեցնում է. «Այս հատորին հրատարակութեան լրիվ ծախսերը հոգացել է Մուսա լերան հայրենակցական միութիւնը - Գալիֆորնիա՝ Մ. Ն.»։ Իր ձոնի մեջ հեղինակը հիշեցնում է, որ իր երկը «կը նուիրուի հեղինակին և մեկենասին կողմէ Հայկական Ցեղասպանութեան ընթացքին կորսուած և մահէ փրկուած այն բոլոր, յայտնի թե անհայտ, հայորդիներուն, որոնց կեանքը վերածուած է ՑԿԵԱՆՍ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ»։ Էս հղումները, ասես, նոր գույներ են ավելացնում երախտագետ հեղինակի ամբողջական դիմագիր-դիմանկարին։
Սիրելի Գևորգ, ես գրաքննադատ չեմ, համարում եմ ինձ պարզ ընթերցող ¥մեր գյուղից մարդ չկա՝ պարծենամ¤, լավ գիրք, լավ գործ որոնող, ճարող ու ընթերցող։ Հիմա՝ էնքան էլ չէ։ Ձեր գիրքն ամբողջապես պիտի համարենք լավ ու գերազանց, երբեք չասելով, որ հաջողված են է՛ս, է՛ս, է՛ս գործերը։ Բայց մեզանում միշտ էլ առիթ է լինում խտրություն ու խտրականություն դնելու։ Բացառություն պիտի չլիներ «Ցկեանս նահատակութիւն» գրքի ընթերցման պարգևած դառնագին ապրումների ժամանակ ինձ պատած թախիծը։ Որովհետև... տիկնոջս ծնողները սեբաստացիներ են. Արտեմիս մայրիկը զարմանքով ու չհավատալով էր հիշում Դանիել Վարուժանին։ Համաշխարհային համբավի տեր սքանչելի երգչուհի Հասմիկ Պապյանը, ով գերել է նաև լիբանանցիներին, նրանց թոռնուհին է, դրա համար ցանկանում եմ շունչ առնել կամ շունչս կտրել «Ասոնք որբ չեն, ի՞նչ են հապա» հրաշալի պատումով՝ նորից չկարողանալով բաժանվել ազնվագույն հեղինակի ապրումներից, իր հերոսներին ճանաչելու հոգեբանությունից, ձայնից ու պատկերազգացումից։
«...Սեբաստիոյ Քանկալ գիւղաքաղաքէն Կարօ երկու մանչուկներուն հետ, ընկերակցութեամբ այլ ազգականի մը, Պոլսոյ փողոցներէն մէկուն մէջեն անցնելով կդիմէ Կէտիկ փաշայի Հայ Պատանեկան Տուն... Քրտինք, փոշի և փսխունք լաճերուն վիճակը դարձուցած էին անտանելի։ Հազիվ Պոլիս ժամանած՝ դիմած էր ազգականի մը տունը։ Այս անմիջապէս կարգադրած էր, որ կինը բաղնիքը վառէր և երկու մանչուկներուն աղուոր տաք լոգանք մը տար։
-Ո՛չ,- ընդդիմացած էր Կարօ։- Ասոնք ասանկ պիտի մնան։ Ասոնք որբեր են, Սեբաստիայէն եկած որբեր։ Վաղը առաւոտ կտանինք, կյանձնենք այդ էֆէնտիին, անոր քով թող լոգնան, իրենց վրան փսխեն։
-Ասոնց ո՞ր տեղը որբ է, Կարօ։ Քու զաւակներդ չե՞ն. կինդ ո՞ղջ չէ։
-Եթէ՞։ Ասոնք որբեր են, որբե՜ր, «Էօքսիւզ օղլու էօքսիւզ»։ Վաղը դուն ալ նոյնը պիտի ըսես այդ Կէտիկ փաշային։ Ասոնք որբե՜ր են, ո՜րբ։
Հիմա փողոցէն կքալէին Կարօին երկու «որբ»երը։ Ճամբուն վրայ մանուկներուն մեծը՝ Մինաս, նկատած էր հայերէն օրաթերթ մը։ Գետին նետուած եւ դեղնելու սկսուած «Մարմարա» օրաթերթի հին թիւ մը, աշնանային թեթեւ հովին հետ, ասդին-անդին կթռչկոտէր։ Մինաս թերթին ետեւեն վազելով վերցուցած էր զայն և տարած բերնին, ապա՝ ճակատին։ Ապա բերած էր զայն եղբօր՝ Յովհաննէսին.
-Յովհաննէ՛ս, Յովհաննէ՛ս, Աւետարա՛ն, Աւետարա՜ն...
Յովհաննէս համբուրած էր «Մարմարային» հին թիւը և տարած ճակտին։
Ազգականը շշմած էր այս ելոյթէն. զարմացական նայած էր Կարօյին, տղոց։ Ի՞նչ գաղտնիք էր այս։
-Տեսա՞ր, տեսա՞ր։ Ասիկա որբութիւն չէ՞,- չոր ու ցամաք յարած էր Կարօ»։
Մեր հեղինակը սիրում է, ավելի ճիշտ՝ ստիպում է, որ իր գրածները կարդան մտքում, բարձրաձայն։ Ոչ միայն կարդան-անցնեն, այլև խորհեն, մտածեն։ Ես փոխանակ տպավորություններիս տերը լինեմ, համարեմ արդեն իմ հարստությունը, քաղառում եմ, ծաղկաքաղում, ենթարկվում եմ հեղինակի ճշմարտապատումին ու նրա հերոսների ճակատագրին ու ապրումներին։ Ճակատագիր է, չէ՞, ինչո՞ւ էին Մինաս և Հովհաննես եղբայրները համբուրում Ավետարան թվացող «Մարմարա» օրաթերթի հին համարը։ Քանկալի տան մեջ հայությանը իրենց կապող միակ բանը հին Ավետարանն էր՝ սրբություն սրբոց տնեցիների համար։ Տուն են, մեծ ու փոքր են, առավոտյան, երեկոյան պիտի համբուրեն ու ճակատներին պիտի տանեն սրբությունը։ Այդքան, այդպես։ Ո՛չ Կարօն հայերեն կարդալ գիտեր, ո՛չ էլ կինն ու զավակները, այլ, հիմա պիտի զարմանանք երեխաների զարմանքի վրա. հայերեն գրությունը՝ Ավետարանը, գետի՞ն ընկած։ Եղբայրների, հեղինակի հետ մենք էլ կանչենք՝ «էս ի՜նչ սրբապղծութիւն էր, Աստուած»։
Թե ինչ ճանապարհ անցան «որբ» երեխաները, դա էլ մի ոդիսական է, գլխավորն այն է, որ այս պատմությամբ հեղինակին զինող Մինասը «յաջորդ տարեմուտին պիտի երթար Լիբանան, Այնճար «մարդ» ըլլալու, «որբութեան վերջ դնելու»։
Ընտրյալ են և՛ գրքի անվանումը, և՛ պատմվածքների վերնագրերը։ Հեղինակը գիրքը օժտել է բառարանով, զետեղել իր-մեր հերոսների լուսանկարները։ Արած գործի համար կարելի է երկար խոսել, անվերջ խորհել։
Չէ՞ որ սա հայոց պատմություն է, և իր ընտիր ու ճշմարտացի էջերով մատենագիր Գևորգ Աբելյանը եկել է հարստացնելու այդ էջերը։ Հազար կածան, արահետ, ջղիր դառնում են ճանապարհ, հազար աղբյուր դառնում է առվակ ու գետ, տառ-տառ միանում իրար, դառնում են բառ, բառ-բառ միտք են դառնում ու նախադասություն, իսկ դու, Գևորգ Աբելյան, քո մտքի կածանները, քո սրտի աղբյուրները, քո գրերը միացրել ես իրար ու հյուսել մի գիրք, որ կարելի է կոչել Դպիր Գևորգի Ավետարան, դրա համար քիչ է ասելը, թե շատ շնորհակալ ենք, սիրելի գրիչ ու ծաղկող Գևորգ Աբելյան։
Հրաչյա
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ