Դավիթ
ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հարգելի խմբագիր «Իրատեսի», մտադիր չէի պատասխանել Ձեր թերթի սույն թվականի 46-րդ համարում (7-9 հուլիս) տպագրված «Զավակներս, ձեզ ո՜նց մենակ թողնեմ էս անիրավ աշխարհում» հրապարակմանը, որովհետև հոդվածագիրը ոչ թե ասելիք ունի, այլ սոսկ իր վրա ուշադրություն հրավիրելու հավակնություն, ինչը գալիս է գրապատմական իրողությունների անտեղյակությունից: Բայց դեռևս կան գրասեր մարդիկ, և ընթերցողը պարզաբանումներ է պահանջում: ՈՒստի այս պատասխանն առաջին հերթին ուղղում եմ թերթի ընթերցողներին:
Որևէ մեկի կողմից որևէ գրական անդրադարձ, այն էլ բանավիճային սադրանքներով, ենթադրում է բանիմացություն ու շրջահայացություն, ինչն իր հերթին պահանջում է փաստերի և որոշակի հարաբերության կամ իրադրության մանրամասների իմացություն: Հակառակ դեպքում առաջնորդող ուժ են դառնում կամայականությունը, հավակնոտությունը, որոշակի իրադրության շրջանցումը և դրան հաջորդող ինքնագոհ բարոյախրատական ճառը, որ անգամ հասնում է դասականներին վերախմբագրելու անմխիթարական «մտահոգության»:
Չարենցն իր օրագրային գրառման մեջ դժգոհություն հայտնեց Նվարդ Թումանյանից և «ցեղ» բառը դրեց չակերտների մեջ: Իսկ դա նշանակում է, որ Չարենցին պետք է ճիշտ կարդալ, ոչ թե խորհուրդ տալ ու խմբագրել:
Այն, որ Չարենցը պաշտամունք է ունեցել Թումանյանի անձի, գործի ու ստեղծագործության հանդեպ, կասկածից վեր է: Դա են վկայում նրա բազմաթիվ բանաստեղծություններ և առանձին գրություններ: Ահավասիկ այդ շարքը.
1. «Հ. Թումանյանին», նամակ, 1923, 1 հունվար (տե՛ս «Երկերի ժողովածու», հ. 6, էջ 396-397),
2. «Հովհաննես Թումանյան», գրել է մահվան անմիջական ազդեցությամբ, տպագրվել է «Խորհրդային Հայաստան» թերթում, 1923, թիվ 62, 25 մարտ,
3. «Երկու աշխարհի սահմանագծում», տպագրվել է «Խորհրդային Հայաստան» թերթում, 1923, թիվ 68, 3 ապրիլ,
4. «Եղբայրության շաղախը», տպագրվել է «Խորհրդային Հայաստան» թերթում, 1923, թիվ 77, 15 ապրիլ,
5. «Հ. Թ.» («Ես կարդում եմ նրան ու ասում…»), 1933, «Գիրք ճանապարհի»,
6. «Հ. Թ.» («Նա մեծ էր ավելի, քան եղավ …»), 1933, «Գիրք ճանապարհի»,
7. «Հ. Թ.» («Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ…»), 1933, «Գիրք ճանապարհի»,
8. «Թումանյանի երգերը…», 1934, «Գիրք ճանապարհի»,
9. «Հ. Խ. Գ. Մ. կազմկոմիտեին», 1933, 20 հուլիս (տե՛ս «Երկերի ժողովածու», հ. 6, էջ 466-469),
10. «Խմբագրողի կողմից», առաջաբան Թումանյանի «Գեղարվեստական երկեր»-ի, 1934:
Թումանյանին Չարենցն անդրադարձել է նաև այլևայլ առիթներով` հատկապես գրականության լեզվի հարցերին նվիրված ասուլիսում (1934):
Իսկ «Երեքի դեկլարացիան» (1922) վերստին ճիշտ ընթերցում է պահանջում, որովհետև Չարենցն ըստ էության ոչ թե մերձավոր դասականների վաստակին էր դեմ, այլ նորոգվող պոեզիայի պահանջներին էր կողմնակից: Սրանք գեղագիտական տարբեր շերտեր են, որովհետև նույն օրերին Չարենցն ամենաբարձր գնահատանքով է խոսել նրանց մասին:
Նշված նյութերից ցանկացած մեջբերում միայն պատիվ կբերի Չարենցին, որովհետև նա ավելիով գիտեր Թումանյանի արժեքն ու կշիռը, քան այս միջամուխ հոդվածագիրը: Ահա, օրինակ, տողեր Մոսկվայում հիվանդ պառկած Թումանյանին Չարենցի հասցեագրած 1923 թվականի հունվարի 1-ի նամակից.
«…մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության, տրադիցիաներից:
…Ընդունեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած ու իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:
Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն, համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը»:
Այս ամենը իմանալու դեպքում` տեսե՜ք- տեսե՜ք-ի հանգույն հոդվածագիրն անտեղի չէր խորանա Թումանյանի տոհմաբանության մեջ, չէր հասնի մինչև Աբովյան և չէր շահարկի նրա նախնիների ու զավակների շատ թանկ ու շատ նվիրական անունները:
Իսկ ինչ վերաբերում է Նվարդ Թումանյանին, ապա Չարենցի դժգոհության շարժառիթը որոշակի ժամանակի մեջ մեկ որոշակի դեպք է:
1933-1934 թթ. Չարենցը խմբագրում էր Թումանյանի «Գեղարվեստական երկեր» ժողովածուն` ըստ էության սկզբնավորելով նրա գիտական հրատարակությունների շարքը: Այդ առիթով նա առնչվել է Նվարդ Թումանյանի հետ, աշխատանքային փոխհարաբերություններից ունեցել խորագույն դժգոհություն և այդ կապակցությամբ արտահայտվել թե՛ մի առանձին գրության մեջ, թե՛ «14. 03. 1934» թվագիր օրագրային գրառման:
Թումանյանի «Գեղարվեստական երկեր» գրքի խմբագիր Չարենցին ամենից շատ «խանգարել է» Թումանյանի դուստր Նվարդը: Այդ կապակցությամբ էլ Չարենցն արել է զայրույթի շեշտեր ունեցող օրագրային գրառումը, իսկ դրանից առաջ «Հ. Խ. Գ. Մ. կազմկոմիտեին» (1933, 20 հուլիս) հղած դիմումում Նվարդ Թումանյանի կապակցությամբ գրել.
«Շփոթելով իր կատարած աշխատանքը պատ. խմբ. ֆունկցիաների հետ` նա սկսել է տարածել… հերյուրանքներ, որոնք դուրս են գրական ամենատարրական էթիկայի սահմաններից: Այս ամենն առանձնապես դառնացնում է ինձ այն անսահման գուրգուրանքից և խնամքից հետո, որ ես ցույց եմ տվել դեպի Հ. Թ. յուրաքանչյուր տողը, տառը, ստորակետը (մի բան, որ չի կարող հերքել անգամ ինքը Ն. Թ.): Հաճախ մի «ը»-ի կամ ստորակետի համար ես ստուգել եմ մի քանի վարիանտներ, պահանջել եմ ձեռագրեր և այլն. առհասարակ ավելորդ չեմ համարում հայտնել, որ ավելի անշնորհակալ, կասկածամիտ… վերաբերմունք դեպի գրողը և խմբագիրը, որի միակ հանցանքն է անսահման սերը դեպի Թում.,- ես ոչ միայն չեմ հանդիպել կյանքում, այլև եթե այդ ամենը մի հազարերորդ անգամ ես կարողանայի նախատեսել սկզբից - չէի ձեռնարկի այդ գործը, թեկուզև դրանից կախված լիներ իմ կյանքի փրկությունը: Եվ այժմ հայտնում եմ ահավասիկ, որ ես տեսնելով նման անշնորհակալ… վերաբերմունք դեպի ինձ Ն. Թ. կողմից, ես ոչ միայն կտրականապես հրաժարվում եմ որևէ գործ ունենալուց Ն. Թ. հետ, հրաժարվում եմ այլև Հ. Թ. երկերի խմբ. աշխատանքից, որի մասին պաշտոնապես հայտնել եմ Պետհրատին ու խնդրել այլ խմբ. Հ. Թ. երկերի համար կամ պահանջել, որպեսզի Ն. Թ. պաշտոնապես ետ վերցնի իր անհիմն մեղադրանքները…
Հայտնելով այս մասին Ձեզ, խնդրում եմ կազմել հեղինակավոր հանձնաժողով և քննել այս կոնֆլիկտը, որից հետո հրապարակային եզրակացություն հանել… և պաշտպանել Պետհրատի առջև իմ շահերը, իբրև գրողի, որպեսզի ես կարողանամ ստանալ կատարած աշխատանքի թե նյութական, թե բարոյական հատուցումը»:
Ընթերցողին տեղեկացնենք, որ Չարենց-Նվարդ Թումանյան «կոնֆլիկտը» ժամանակին հարթվել է, Չարենցը շարունակել է խմբագրական աշխատանքը, և մեծ գրողի գիրքը 1934-ին լույս է տեսել:
Չարենց-Զորյան հարաբերությունները ևս պահանջում են փաստերի խորքային իմացություն: Նախ նրանք իրենց ստեղծագործական խառնվածքով միանգամայն տարբեր անհատականություններ էին: Դրա առաջին ազդականչը Չարենցի «1922, 25. 08» թվակիր նամակն է Զորյանին (տե՛ս «Գիրք մնացորդաց», էջ 209): Ավելի ուշ հաջորդում է թերթում մեջբերված օրագրային հիշյալ գրառումը: Տպագրվել են Զորյանի հիշողությունները Չարենցի մասին, բայց… հատվածաբար: Ժամանակն է այդ հուշերը տպագրել ամբողջական տեսքով, մանավանդ որ 1935 թ. դեկտեմբերի 30-ին Կրեմլում Չարենցի որպիսության մասին Ստալինի հարցերին պատասխանել է հեց ինքը` պատվիրակության անդամ Ստեփան Զորյանը:
Ամոթալի է այն վարկաբեկիչ վերաբերմունքը, որ սույն հոդվածագիրը դրսևորում է ոչ միայն Չարենցի ու Թումանյանի, այլև Զորյանի հանդեպ, որովհետև ճամարտակելու հավակնություններ ունի, իսկ գիտություն, գոնե իմացություն, առնվազն տեղեկացվածություն` ո՛չ:
Եվս մի դիտարկում: Գրական հանրության ինչ-ինչ անդամներ ամեն կերպ փորձում են իրենց չարոխային ճաշակը պարտադրել դասականների ժառանգությանը` այս կարելի՞ է տպագրել, այն` չի՞ կարելի: Սա այլ բան չէ, եթե ոչ գրական քաղքենիություն, եթե ոչ մտավոր հետամնացություն, հիվանդագին զգուշավորություն: Մինչդեռ գրապատմական առողջ պահանջն այն է, որ դասականները տպագրվեն ամբողջությամբ (գոնե մեկ անգամ), ինչին էլ ուղղված է իմ ջանքը` նկատի ունենալով «Նորահայտ էջեր» (1996) և «Գիրք մնացորդաց» (2012) հատորները, որոնց ծանոթագրություններում ընթերցողը կարող է գտնել իրեն հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ:
Ընդ որում, ասեմ` «Գիրք մնացորդաց»-ի հանդեպ ընթերցողն ավելի պատրաստ գտնվեց, քան տարբեր անուն ու տեսք, պաշտոն ու դիրք ունեցող այդ գրական քաղքենին:
Անմտություն է գրողներին հակադրելու տղայական պահվածքը: Սա նշանակում է համահարթել նրանց հզոր անհատականությունները, ստեղծագործական անկրկնելի առանձնահատկությունները, խոսքի ու ոճի ուժականությունը, բառի էներգետիկան, չհասկանալ նրանց և կառչել արտաքին հարաբերությունների ինչ-ինչ կեռմանների:
Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ապա կարծում եմ, որ դասական գրողների անգամ ցանկացած պատառիկը պետք է հրապարակել, որովհետև անկախ բուն գրական արժեքից, դրանք ունեն նաև կենսագրական, ճանաչողական, բառապաշարային նշանակություն: Եվ բավակա՛ն է, ինչքան խմբագրեցին մեր դասականների նամակներն ու հոդվածները, օրագրերն ու գեղարվեստական երկերը. նրանք պետք է երևան այնպես, ինչպես կան, որովհետև նրանց հանճարի խորքում ամեն ինչ ունի իր բացատրությունը, իր թաքնված շեշտն ու շերտը, իր նրբությունն ու նրբերանգը, որոնք մասնագիտական աչքը իրավունք չունի անտեսելու, իսկ սիրողականի համար մեկ է:
Այդ թվում նաև Չարենցի բաց բովանդակության զգայավառ, բոցավառ երկերը: Եթե քաղքենին քիթը խոթում է գրողի անկողնու մեջ, ապա գրականության մարդը այդ բանաստեղծություններում ու պոեմներում փորձում է արվեստի, ստեղծագործական հոգեբանության, անձնական դրամայի հետքեր որոնել: Գտավ` լա՛վ, չգտավ` վաղը մեկ ուրիշը կգտնի, բայց մերժել դրանց հրապարակումը, որոնց մեջ գաղտնագրված շատ տողեր կան և մեկ առ մեկ բացահայտվել, մեկնաբանվել ու ծանոթագրվել են «Նորահայտ էջեր» և «Գիրք մնացորդաց» ժողովածուներում, կոպիտ սխալ է, հակագրական, հակագիտական ու հակապատմական քայլ: Քաղքենին և հակագրական ոչնչությունը միայն դրանք կորակեն այս դեպքում ոչ տեղին օգտագործված, ուստի քստմնելիագույն «աղտեղություն» բառով:
Չեմ ուզում երկարացնել: Պատճառն անգամ 40 աստիճանի հասնող այս ճոխ ու շռայլ շոգն էլ չէ, այլ այս էլ որերորդ անգամ պատի դեմ առնելու տասնապատիկ ավելի բարձր աստիճան ունեցող հուսահատությունը:
Ընթերցողը կարոտ է մնում հասուն, լուրջ ու ծանրակշիռ գրական խոսակցության, որովհետև ինքնուս հոդվածագիրները կանխում են խորքային թափանցումները, շեղում ուշադրությունը և ամեն ինչ մշտապես փորձում պահել մակերեսի վրա: Այս հայացքի տեր հոդվածագիրները, ինչպես Չարենցը կասեր, տեսնում են լոկ այն, ինչ տեսնում են, մինչդեռ ամեն ինչ ոչ թե մակերեսին է, այլ խորքերում:
Ահա Չարենցի այդ քառյակն ամբողջությամբ.
Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.- նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Դու ծաղրի՛ր նրան, իմաստո՛ւն. դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,- նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է: