ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց հետո արել են առաջին քայլերը՝ երկու երկրների թշնամանքը նվազեցնելու համար՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Կարևորն այն է՝ որ ուղղությամբ ենք մենք շարժվում: Շարժվում ենք մենք թշնամանքը խստացնելո՞ւ, թե՞ նվազեցնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ մենք արել ենք առաջին քայլերը՝ թշնամությունը նվազեցնելու ուղղությամբ»,- ասել է Ռուհանին։ Նա նշել է, որ չնայած պայմանավորվածությանը՝ «տարաձայնությունները, երկկողմ հարաբերություններում վստահության բացակայությունն առաջիկայում չեն անցնի»։ Նա նաև ասել է, որ մարդկանց խումբը, որ Թեհրանում «Մահ Ամերիկային» է բացականչում, իրականում վատը չի կամենում ամերիկացիներին։ Այդ կարգախոսները, որոնք հաճախ հնչում են ուրբաթօրյա աղոթքների ժամանակ, վերաբերում են ԱՄՆ-ի նախկին քաղաքականությանը: