Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն վրացական քաղաքացիությունից զրկելը չի բացառում նրա արտահանձնումը Վրաստանին՝ ասել է գլխավոր դատախազ Իրաքլի Շոթաձեն: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել էր Սաակաշվիլուն վրացական քաղաքացիությունից զրկելու հրամանագիրը` ՈՒկրաինայի քաղաքացիություն ստանալու պատճառով: Շոթաձեն պարզաբանել է, որ թեև ՈՒկրաինան հանդիսանում է իր քաղաքացիների սահմանադրական երաշխավորը և նրանց չի արտահանձնում, սակայն եթե Սաակաշվիլին ձերբակալվի մեկ այլ երկրում, այնտեղից կարող է փոխանցվել Վրաստանին, քանի որ քրեական գործերը հարուցել է վրացական կողմը: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին նշել է, որ այժմ Սաակաշվիլու արտահանձնման գործընթացն ավելի բարդ կլինի:
«Սաակաշվիլին այժմ այլ երկրի քաղաքացի է: Նրան այլ պետություն է պաշտպանում: Եթե նրա մեղավորությունը հաստատվի դատարանում և արտահանձնման հարց լինի, նա ավելի պաշտպանված կլինի, քան նախկինում: Երբ անձն իր երկրի քաղաքացին է, և դու պահանջում ես նրա արտահանձնումը, դա համեմատաբար հեշտ է, իսկ այժմ նրա և մեր միջև կանգնած է ուկրաինական ղեկավարությունը` որպես պաշտպան»,- նշել է Ցուլուկիանին։