2015-ին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի նախաբանում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հիշեցնում է ՀՀ նախագահի և ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդների արձանագրած ընտրախախտումները, ապա նշում. «Մարդու իրավունքների հետ կապված առավել լուրջ խնդիրները տարվա ընթացքում եղել են իշխանությունը պահող հանրապետական կուսակցության քաղաքական էլիտայի պաշտոնյաների՝ տնտեսական և քաղաքական իշխանության կիրառումը աջակիցների հարստացման նպատակով, իրավապահների և արդարադատության համակարգի կոռուպցիան, արդարադատության համակարգի անկախության սահմանափակումը»:
«Իշխանությունները չեն կալանավորել որևէ մեկին՝ 2008-ի բախումների հետևանքով 10 մարդկանց սպանության համար»,- նկատել են պետքարտուղարության զեկույցի հեղինակները:
Քաղաքական ազատություններ
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ զեկույցում նշված է. «Դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ տեղական և միջազգային դիտորդները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և լրագրողները հաղորդել են ընտրախախտումների բազմաթիվ տեսակների մասին, ներառյալ՝ վարչական ռեսուրսի կիրառում, բազմակի քվեարկություն, լցոնում և պաշտոնյաների՝ հանձնաժողովների անդամներին ու դիտորդներին ահաբեկում»:
Քաղաքական ազատությունների վերաբերյալ հատվածում է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու պատմությունը:
Հիշատակվում են Սահմանադրության փոփոխություններին ընդդիմացող կուսակցությունների հանրահավաքները, զեկույցի հեղինակները նշում են. «Սերժ Սարգսյանը, որը նաև իշխող հանրապետական կուսակցության նախագահն է, հրապարակավ սաստեց Գագիկ Ծառուկյանին, դա հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ, նրան հեռացրեց Ազգային անվտանգության խորհրդից՝ պաշտոնյաներին հանձնարարելով ստուգել դժգոհությունները նախկինում նրա կատարած հանցագործությունների, հարկերից խուսափելու վերաբերյալ, և ակնարկեց, որ նա կարող է հեռացվել Ազգային ժողովից»:
Քաղաքական կարծիքի ազատության ոտնահարման օրինակների շարքում պետքարտուղարությունը վկայակոչել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումը, որի հետևանքով Արշակ Այվազյանը դատապարտվեց մեկ ամսվա ազատազրկման:
Զեկույցում հիշատակված են լրագրող Հրայր Մանուկյանի պնդումներն ու ձայնագրության հրապարակումը, որի միջոցով նա հայտարարում էր, որ իրեն հավաքագրելու փորձ է կատարել նախկինում ԱԱԾ աշխատակից, ներկայումս՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Պետքարտուղարության ամենամյա զեկույցում տեղ է գտել նաև պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունը՝ կապված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջ մասին հրապարակումների հեղինակների գլուխները կտրելու, նրանց հայտնաբերելու դեպքում՝ բռնաբարելու հայտարարությունների հետ:
Բանակ
Զեկույցում ներառված են «բանակում ոչ մարտական պայմաններում կասկածելի մահերը, զինակոչիկների նկատմամբ սպաների վատ վերաբերմունքը, որոնց համար նրանք պատասխանատվության չեն ենթարկվել»:
Անդրադարձ կա Հայկազ Բարսեղյանի սպանության գործին:
«Զինվորների ընտանիքները մեղադրում են կոռումպացված պաշտոնյաներին, որոնք ղեկավարում են զինվորական ստորաբաժանումներ, և մարդու իրավունքների վիճակին հետևողները, Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ կառավարությունը շարունակում է զորակոչել զինվորների, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ»,- նշված է զեկույցում:
Կոռուպցիա
«Կոռուպցիան, օրենքի ընտրողաբար կիրառումը և ազդեցիկ պաշտոնյաների անպատժելիությունը և դրանց հետ կապված հանգամանքները խնդիր են եղել»,- 2015-ին ուշադրության արժանացած երևույթներն ի մի բերելով՝ նշում է պետքարտուղարությունը: Որպես օրինակ՝ վկայաբերվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և ընկերների մասնակցությամբ Հարություն և Մուշեղ Զաքարյաններին ծեծելու առնչությամբ մամուլի հրապարակումները: «Եղբայրները ստացել են բազմաթիվ վնասվածքներ, Հարություն Զաքարյանը անդառնալի վնաս է ստացել՝ կորցրել է տեսողությունը»,- նշված է զեկույցում, որտեղ նաև հիշատակված է փաստը, որ որոշ ժամանակ անց Զաքարյանները փոխել են ցուցմունքները: «Գործի քննությունն ավարտվեց առանց Տիգրան Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու»,- նշված է զեկույցում:
Հիշատակված են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցների թանկարժեք տների, ավտոմեքենաների վերաբերյալ բացահայտումների, եկեղեցուն վարչապետի նվիրատվության մասին տեղեկությունները: «Սեպտեմբերի 17-ին կառավարությունը որոշեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը վաճառել ռուսաստանաբնակ հայ գործարարին պատկանող օֆշորային ընկերությանը»,- նկատում են զեկույցի հեղինակները:
«Թեև օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվություն, կառավարությունն արդյունավետ չի կիրառում օրենքը, և հաճախ պաշտոնյաները ներգրավվում են կոռուպցիոն գործարքների մեջ՝ առանց պատիժ կրելու»,- արձանագրել է պետքարտուղարությունը՝ հիշատակելով Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության 2014-2015-ի զեկույցը, ըստ որի՝ կոռուպցիան ամենախնդրահարույց գործոնն է երկրում բիզնեսով զբաղվելու դեպքում:
Խոսքի ազատություն
«Զանգվածային լրատվամիջոցներում բացակայում է քաղաքական բազմակարծությունը, և շատ դեպքերում արտահայտվում է կառավարության տեսակետը: Ինքնագրաքննությունը խնդիր է»,- նշված է զեկույցում:
«Կային վստահելի հաղորդումներ, որ ոստիկանությունը թիրախավորել է լրագրողներին՝ քաղաքացիների ցույցի ժամանակ»,- նշված է զեկույցում՝ հունիսի 23-ի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ դրսևորված վերաբերմունքի ամփոփմամբ. «24 լրագրողների աշխատանքային սարքավորումները վնասվել էին, ոստիկանները ֆիզիկական ուժ էին գործադրել»: Հիշատակված է նաև Բաղրամյան պողոտայում նստացույցը ջրցանով ցրելը, 237 անձանց ձերբակալությունը խուլիգանության կասկածանքով՝ ավելի քան 12 ժամ պահելով և նրանց կարգավիճակը չհստակեցնելով:
Հիշատակված է լրագրողներին թիրախավորելու առնչությամբ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգի մասին: «Թեև կառավարությունը որոշ քայլեր է կատարել իրավախախտումների համար իրավապահներին պատժելու կապակցությամբ, ոստիկանները շարունակում են իրավախախտումները՝ առանց պատասխանատվության ենթարկվելու», - նկատում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
Զեկույցում նշված է iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված գործը, որը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի նամակից հետո կարճվեց:
Խոշտանգումներ՝ մեկուսարաններում
Չի շրջանցվել նաև ոստիկանությունում քաղաքացիներին խոշտանգելու, ցուցմունքներ կորզելու նպատակով կիրառվող վատ վերաբերմունքը՝ ձերբակալության և հարցաքննության ժամանակ: Զեկույցում ներառվել են մեկուսարանների ծանրաբեռնվածության, հակասանիտարական, բժշկական օգնությունից զուրկ պայմանների վերաբերյալ ձևակերպումներ:
Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հատվածներից մեկը նվիրված է Վանաձորի ոստիկանությունում քաղաքացի Անի Բոշյանի արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների գործին:
Պետքարտուղարության ուշադրությանն է արժանացել Նուբարաշենի մեկուսարանում արձանագրված իրավիճակն ըստ մեկուսարաններում հսկողություն իրականացնող խմբի 2014-ի զեկույցի: Այդ տարվա 10 ամիսներին, ըստ զեկույցի, բանտում մահացել է 24 դատապարտյալ, մեկը՝ հոսանքահարումից: