ՌԴ-ն ու ԱՄՆ-ը Սիրիայի հարցով Ժնևում որևէ գաղտնի բանակցություն չեն վարում՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև որևէ գաղտնի բանակցություն չկա։ Կա նորմալ աշխատանքային խորհրդակցությունների ռեժիմ, ինչպես նաև Սիրիայի հարցով միջազգային խմբի շրջանակում երկու երկրների համագործակցություն, նաև՝ այդ խմբում հաշտեցման նպատակով ստեղծված ենթախմբերի շրջանակում»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ Սիրիայի կառավարական զորքերը չեն գործում հրադադարն ընդունած ընդդիմադիր խմբավորումների դեմ, այդ թվում՝ Հալեպում։ ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ «Հալեպի շրջակայքում ԻՊ-ի ուժեղ դիրքեր կան, և բավական մեծ տարածք, որը վերահսկում է ահաբեկչական համարվող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը»։ Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրին՝ Լավրովը նշել է, թե ԱՄՆ-ում և Թուրքիայում քիչ չեն մարդիկ, որ ցանկանում են աշխատել «Պլան-Բ»-ի վրա և տապալել նախագահ Ասադին։