MK-Turkey-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մուհարեմ Ինջեն, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վրա բարդել կառավարության վերջին տարիների բոլոր սխալները, հետո նրան դարձնել ահաբեկիչ։ Ինջեն հիշեցրել է, որ 2013-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչները, խոսելով կառավարության ու քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի վեճի մասին, պնդում էին, որ որևէ թշնամանք չկա Էրդողանի ու Գյուլենի միջև: «Ներկայումս նրանք պնդում են, որ նույնը տեղի է ունենում Դավութօղլուի և Էրդողանի միջև։
Այդ ամենի ճիշտ անվանումը «պալատական հեղաշրջում» է։ Ցանկանում եմ զգուշացնել Դավութօղլուին, որ եթե սկզբում կար ETÖ՝ այսինքն «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպություն, հետո հայտնվեց FETÖ-ն՝ Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը, այժմ նրան կփոխարինի DOTÖ-ն՝ Դավութօղլուի ահաբեկչական կազմակերպությունը։ Էրդողանը հեշտությամբ կդավաճանի վարչապետին։ Դավութօղլուին կվերագրեն իշխող կուսակցության բոլոր անհաջողությունները՝ սկսած սիրիական ճգնաժամից մինչև քրդական հարցի ձախողում»,- ասել է նա։