Սերգեյ Լազարևի հաղթանակի դեպքում մրցույթը տեղի կունենա Ռուսաստանում։
Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ եթե Ստոկհոլմում հաղթի Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, Ուկրաինան կհրաժարվի մրցույթին մասնակցել: Եվրատեսիլի կանոնադրությամբ՝ հաջորդ մրցույթն անցկացվում է ընթացիկ մրցույթի հաղթողի երկրում։ Լրատվական գործակալությունները նշում են, որ նախադեպեր եղել են. 2012 թվականին Հայաստանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող մրցույթին։ Ուկրաինան ներկայացնող Ջամալան կատարում է Ղրիմի թաթարների տեղահանման ողբերգությանը նվիրված երգ և հասել է եզրափակիչ։
«Ուրախ եմ Ջամալայի համար՝ անկախ, թե ի վերջո որ տեղը կգրավի և հիշեցնում եմ, որ Եվրատեսիլի կանոնադրության համաձայն, հաղթող երկիրն է մյուս տարի անցկացնելու մրցույթը», - գրել է Ալասանիան։ Սերգեյ Լազարևի You Are the Only One երգը, ըստ քննադատների և բուքմեյքերների, ունի հաղթելու լավ հնարավորություններ։ Եզրափակիչում մրցելու են 26 կատարողներ՝ 10-ական առաջատարներ երկու կիսաեզրափակիչներից և եզրափակիչում առանց մրցույթի ավանդաբար ընդգրկվող Եվրատեսիլի հիմնադիրներ ու գլխավոր հովանավորներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի պատվիրակները։ Եվրատեսիլի մեկնաբանները նշում են Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի հետ կապված ինտրիգը՝ Լեռնային Ղարաբաղի դրոշը պարզելու համար նա զգուշացվել է, որ արարքը կրկնելու դեպքում կորակազրկվի, իսկ Ադրբեջանը պաշտոնապես բողոք է հայտնել։