Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված՝ Մերձավոր Արևելքը բաժանող Սայքս Պիկոյի պայմանագրի 100-ամյակին նվիրված NY Times-ը հոդված ու քարտեզներ է հրապարակել, որը հասցրել է կատաղեցնել Թուրքիային, քանի որ քարտեզներում Թուրքիան մասնատված է, իսկ Հայաստանին հասել է իր պատմական հայրենիքի զգալի մասը։ NY Times -ը գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարություն էր տարածել, որ Մերձավոր Արևելքում խնդիրների պատճառը արհեստական սահմանագծերն են։ Արևմտյան իմպերիալիզմը Մերձավոր Արևելքի պատմության վրա չարաբաստիկ ազդեցություն է ունեցել, նշում է թերթը։ «Բաժանիր, որ տիրես» ցինիկ սկզբունքով պայմանագրով Մեծ Սիրիայի մանդատն անցնում էր Ֆրանսիային, որը պետության տարածքը ավելի փոքր պետությունների էր բաժանում՝ սահմանագծերն անցկացնելով էթնիկ, կրոնական գծերով՝ ալավիներ, դրուզներ, թուրքեր։ 1919-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը պատվիրակություն է ուղարկել՝ տարածաշրջանը բաժանելու լավագույն միջոցը մշակելու համար: Աստվածաբան Հենրի Քինգը և արդյունաբերող Չառլզ Քրեյնը հարյուրավոր զրույցներ են անցկացրել, որ պատրաստեն այնպիսի քարտեզ, որն առավելագույնս կհամապատասխանի ազգային ինքնորոշման գաղափարին:
Արդյոք դա տարածաշրջանի «իրական» սահմանները գծելու լավագույն հնարավորություն էր: Մանրամասն ուսումնասիրելուց հետո Քինգը և Քրեյնը հասկացել են, թե ինչ բարդ խնդրի առջև են կանգնած: Նրանք քննարկել են Լիբանանն անկախ պետություն դարձնելու կամ Սիրիայի կազմում ինքնավարություն ստեղծելու տարբերակները: Նրանք մտածում էին, որ քրդերի համար լավագույն տարբերակը կլինի ներառել Իրաքի կամ նույնիսկ Թուրքիայի կազմում: Նրանք վստահ էին, որ սուննիներն ու շիաները կարող են ընդգրկվել միասնական Իրաքի կազմում: Հայաստանի համար նախատեսվում էին մեծ տարածքներ, որոնք հասնում էին Սև ծովի ափեր, իսկ հարավում ներառում էին Վանա լիճը: Ի վերջո, ֆրանսիացիներն ու անգլիացիները անտեսել են այդ առաջարկները: Եթե միայն այդ առաջարկներին ականջալուր լինեին, ամեն բան բոլորովին այլ կլիներ: