Կոլումբացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունամոխիրը պահվել է Կարտախենայի համալսարանի դամբարանում, ուր բերվել է Մեքսիկայից, որտեղ գրողը մահացել է 2 տարի առաջ՝ 87 տարեկանում, գրում է BBC-ն: Նախկին կաթոլիկ Լա Մերսեդ մենաստանը դարձել է համալսարանի մի մասը: Մոտակայքում է նաև Մարկեսի ընտանեկան տունը, որը կդառնա նրա թանգարանը: «Հարյուր տարվա մենություն» և «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերի հեղինակի աճյունամոխրի պահման արարողությանը ներկա է եղել 400 հյուր, նրանց թվում` Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
Մարկեսը Կարտախենայում անցկացրել է իր կյանքի մեծ մասը: Առաջին անգամ նա այս քաղաք է եկել 1948-ին՝ թերթերից մեկում աշխատելու համար: Նրա ամենահայտնի վեպերից մեկի`«Սերը ժանտախտի ժամանակ»-ի գործողությունները նույնպես ընթանում են այս նավահանգստում: Մարկեսը մահացել է 2014թ. ապրիլին Մեքսիկայում: Կյանքի վերջին տարիներին գրողը հազվադեպ է հայտնվել հանրության մեջ։