Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ժամը 21.00-ին, Խնկո-Ապոր գրադարանի բակում տեղի կունենա «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսի մասնակիցների համար կգործի բացօթյա տոնավաճառ, կբեմադրվի հատուկ ներկայացում՝ աճպարարի, քիմիկոսի և այլ փոթերյան հրաշագործների մասնակցությամբ, կկազմակերպվի նաև գրքի հերոսների կերպարների շքերթ, և լավագույնները կարժանանան կախարդի՜չ մրցանակների:
Հարրի Փոթերի վիպաշարը մանկապատանեկան գրականության համաշխարհային բեսթսելլեր է, որի հիման վրա ստեղծվել է համանուն հոլիվուդյան շքեղ խաղաշխարհը: Մեր շուկայում վեպերը հայտնի են ռուսերեն, ինչպես նաև հեղինակային իրավունքը շրջանցող հայերեն թարգմանություններով:
«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է վեպի բնօրինակից կատարված և հեղինակային իրավունքով պաշտպանված թարգմանությունը, որը կատարել է թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, հեքիաթին նվիրված մի շարք մենագրությունների հեղինակ Ալվարդ Ջիվանյանը: