Գերմանական մամուլը փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացակա Բունդեստագի նիստին: Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ սերտ կապ կա փախստականների փատճառով կանցլերի ներքաղաքական խնդիրների և Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միջև: Մի քանի օր շարունակ Թուրքիայի ղեկավարությունը փորձում էր ազդել Մերկելի վրա: Վարչապետ Բինալի Յիլդիրիմը և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մերկելին խնդրել էին կասեցնել Բունդեստագում բանաձևի քվեարկությունը: Մերկելը նախնական քվեարկությանը կողմ էր քվեարկել և թույլ տվել բանաձևը դնել խորհրդարանի քննարկմանը:
Հետո ավելի չեզոք կեցվածք էր ընդունել և ներկա չէր եղել Բունդեստագի քվեարկությանը: Tagesspiegel-ի գնահատմամբ Մերկելի բացակայությունը նրա անկարողության ապացույց էր: «Անգելա Մերկելը, արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը ներկա չէին քվեարկությանը: Նրանք ավելի հաճելի պլաններ ունեն, քան 100 տարի առաջ հայոց ջարդերի վրա գլուխ ջարդելը: Մերկելը Կոնգրեսում ելույթ պիտի ունենար, Շտայնմայերը՝ մեկներ Լատինական Ամերիկա: Քվեարկությունը առանց նրանց էլ կայացավ, սակայն պարզ է, որ գրաֆիկը կարելի է փոփոխել, պայմանավորվածությունը՝ չեղարկել, եթե ավելի կարևորի մասին է խոսքը: Քաղաքական տեսակետից նրանց բացակայությունը անկարողության ապացույց է: Ցավալի է, որ քվեարկության ժամանակ խոսքը միայն հայերի և նրանց պատմության մասին է, այլ ոչ թե կոնկրետ Էրդողանի դեմ: Բայց դրա համար պետք է ձեզ կարողանաք պահել որպես կանցլեր, կուսակցության ղեկավար և արտգործնախարար»,- գրում է թերթը: