ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մահացել է Հրաչյա Թամրազյանը

Մահացել է Հրաչյա Թամրազյանը
03.09.2016 | 12:59

Այս գիշեր ծանր հիվանդությունից մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը
Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953թ. դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։

1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ