ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արդար ու վաստակած նինջ մայր հողի գրկում

Արդար ու վաստակած նինջ մայր հողի գրկում
06.09.2016 | 07:40

Դժվար օրերի հոլովույթում արդեն քանի՜ տարի առավել ծանր է մեր տարեց և ծեր մարդկանց վիճակը։ Հիմա էլ անխորհուրդ ժամանակի սանձազերծած գուժաբեր հերթական ալիքը՝ սիրիահայոց և բախտակից ժողովուրդների գլխին կախված դամոկլյան սուրը։ Նենգամիտ կամակից ուժեր, ի սեր իրենց ահագնացող շահի, փորձում են զավթել աշխարհը։
Այս թոհուբոհում եղան, սակայն, մարդիկ, այսօր էլ կան, ի վերուստ օժտված մարդկային շնորհներից բարձրագույնով՝ Բարությամբ, որ ջանք են թափում բարեշրջելու աշխարհն իրենց հնարավորության չափով։ Թեկուզ իրենց շրջապատի սահմաններում, դա էլ քիչ բան չէ։ Բարության այդ ջահակիրներից էր, ավաղ, այսօր մեզնից հեռացող ՀՌԻՓՍԻՄԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության բազմամյա հիմնադիր նախագահը։


1988-ի երկրաշարժը, տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները, արդյունաբերության փլուզումը՝ գործազրկության և արտագաղթի հետևանքներով, դրամի արժեզրկումը, խնայողությունների կորուստը ամբողջացրին անհաշտելի իրականության պատկերը։ Բազմադեմ այս չարիքը հարվածեց նախ բնակչության տարեց և ծեր խավին։ Անպատսպար վիճակում հայտնված մեր այս հայրենակիցները կամ նրանց մեծ մասը փոթորկի ուժով ափ նետված ձկան ճակատագիր ունեցան... Հիշելն իսկ ծանր է՝ դռան թակոցի հետ շեմին հայտնվում էր օրվա՛ հացի հարցը լուծելու խնդրանքով պատկառազդու մի մամիկ...
Եվ ահա, տարիներ ի վեր ինժեներ-ծրագրավորողի մասնագիտությամբ հանրահայտ Մերգելյանում իրեն դրսևորած սրտացավ ու ձեռներեց հայուհին՝ Հռիփսիմե Կիրակոսյանը, որոշում է ծառայել իր ժողովրդին, ոչ, ծառայելն այն խոսքը չէ, նվիրվել։ Նվիրվելու ընդունակ են մեծ հոգիները, և նվիրումն էլ անհատույց չի մնում։ «Նմանն զնմանը կգտանե»՝ իմաստախոսում է ասացվածքը։ Գտնվեցին Հռիփսիմե Կիրակոսյանի նման հայրենապահ հոգիներ և մեկտեղեցին իրենց ջանքերը։ Դիմեցին ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, շվեդական, շվեյցարական, դանիական խորհուրդներին, «Թուֆենկյան» հիմնադրամին։ Ներկայացուցչություններ սկսեցին գործել Սիդնեյում, Լոս ԱՆջելեսում։ Արդյունքը չուշացավ. Հայաստանի Հանրապետությունում ասպարեզ եկան առողջապահություն, սնունդ, խնամք ապահովող, փախստականներին ժամանակավոր կացարաններում տեղավորող ծառայություններ։


«Առաքելություն Հայաստանն» իր թևերը փռեց ՀՀ 8 մարզերում և 22 քաղաքներում։
Մեր մեծագանձ Թումանյանի՝ պահին շա՜տ հարմար տողերով ավարտենք հիշատակի այս խոսքը.
Գո՛րծն է անմահ, լավ իմացեք,
որ ապրում է դարեդար,
Երնեկ նրան, ով իր գործով
կապրի անվերջ, անդադար։
Երանելի հայուհուն՝ Հռիփսիմե Կիրակոսյանին մաղթենք արդար ու վաստակած նինջ մայր հողի գրկում։
Օրհնյա՜լ ես դու ի կանայս։


Երախտագետ շահառուների անունից՝
Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ