Սեպտեմբերի սկզբին Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում քվեարկությամբ որոշվեց՝ «Օսկար» ամերիկյան 89-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կմասնակցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Հայաստանի ազգային կինոակադեմիան ամերիկյան կինոակադեմիայից ֆիլմն Օսկարի ցանկում ընդգրկելու մերժում ստացավ: «Ֆիլմը մերժվել է, քանի որ փաստաթղթերի պակաս կար, թերի էր ներկայացվել: Մենք լրացուցիչ փաստաթղթերն արդեն ուղարկել ենք: Չգիտեմ՝ կվերանայե՞ն հարցը, թե՞ ոչ»,- ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ ԱՄՆ կինոակադեմիայի ներկայացուցիչները տարակուսել են՝ ֆիլմը հայկակա՞ն, թե՞ ռուսական կինոարտադրության է: «Այո, սխալ չափորոշիչներ են ներկայացրել: Ամեն դեպքում՝ արդեն մնացյալ փաստաթղթերն ուղարկվել են, բայց, կարծում եմ, դժվար թե վերանայվի»,-նկատեց նա: