Եվրամիության պետությունների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկում են Բաշար Ասադի վարչակազմի և դրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ «Սիրիայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչով չի օգնի Հալեպի խաղաղ բնակչությանը»:
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «ԵՄ պետություններից ոչ մեկը դեռ չի առաջարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով»: Վաշինգտոնն ու Լոնդոնը քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։