Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին` ժամը 19-ին, մենահամերգով հանդես կգա ինքնատիպ «Յոթ/ՈՒթ»(«Seven/ Eight Band») խումբը:
Հայ հանդիսատեսի համար խմբի հետ ելույթ կունենան հատուկ հյուրեր Նորայր Բարսեղյանը և Միսիրլի Ահմեթը:
Համերգը կազմակերպել է Mezzo Production ընկերությունը:
Խմբի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն է, բայց երեկոյին կներկայացվեն նաև դասական և ժողովրդական գործեր, հեղինակային նոր ստեղծագործություններ՝ յուրահատուկ գործիքավորմամբ:
«Seven/ Eight Band»-ն առաջին անգամ ելույթ է ունեցել 2014 թվականին Ռուսաստանի նկարիչների կենտրոնական տան բեմում: Խմբի ստեղծման գաղափարը ծագել է Վարդան Կարիմյանի մեջ, որը ցանկություն ուներ մեկ երաժշտական նախագծում միավորելու Ռուսաստանի` միաժամանակ տարբեր գործիքներ նվագող լավագույն երաժիշտներին: Ի դեպ, «Յոթ/ՈՒթ» խմբի պրոդյուսերն է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմից հայտնի Արսեն Դանիելյանը:
Հավելենք, որ խմբի անդամ և համերգային երեկոյի հյուր հայազգի Նորայր Բարսեղյանը 14 տարեկանից ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ, զուռնա, կլառնետ և այլ գործիքներ: Նա աշխատել է ռուսական շոուբիզնեսի այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են Ավրաամ Ռուսոն, Սոսո Պավլիաշվիլին, Գլյուկոզան և Իրինա Ալեգրովան: