Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը:
Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916-ին Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում: 1941-ին. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում:
Նկարչուհու ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր` Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ: Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել: Գեղանկարչուհին վրձնել է շուրջ 300 գործ, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում:
Այս տարի լրանում է Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը (մահացել է 1964 թ.), և այսօր մայր թանգարանի և ընտանիքի համագործակցության շնորհիվ հայ արվեստասեր հանրությանը ներկայացվում է Ա. Նալբանդյանի 65 աշխատանք: Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է պատկերագիրք: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը: