ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչել է Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը

Խաչատրյանական փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչել է Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը
18.11.2016 | 13:30

Նոյեմբերի 17-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչել է Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ այն կատարել է մենակատար կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը։ Համերգային ծրագրում հնչել է նաև Կլոդ Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարում էր Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


Դավիթ Գյուլամիրյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին կլարնետն է։ Նա նկատում է, որ քառամյա պատմություն և մեծ համբավ ունեցող Խաչատրյանի միջազգային փառատոնի հետ իր առաջին հանդիպումը տեղի է ունեցել հենց չորս տարի առաջ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում։ «Փառատոնը Հայաստան է հրավիրում առաջատար երաժիշտ կատարողների՝ միավորելով նրանց հայկական մշակույթի շուրջ։ Այսօր ինձ բախտ է վիճակվել խաչատրյանական փառատոնի շրջանակում ներկայանալ որպես մենակատար և լինել մեծահամբավ երաժիշտների կողքին»,-ասում է Դավիթ Գյուլամիրյանը։


Որպես կանոն, յուրաքանչյուր երաժիշտ ունենում է իրեն ամենահոգեհարազատ կոմպոզիտորին և ստեղծագործությունը։ Դավիթ Գյուլամիրյանը նկատում է, որ շատ դժվար է առանձնացնել որևէ մեկին։ Սակայն, այդուհանդերձ, հիշատակում է Մոցարտի Կլարնետի կոնցերտը, որը կլարնետահարների այցեքարտն է, առանց որի, նրանց երկացանկը չի լրանա։ Մոցարտի կողքին կլարնետահարը նշում է նաև Բրամսի, Շպորի, Վեբերի անունները։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 10-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ