ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պատանի ձեռագործները՝ սահմանից

Պատանի ձեռագործները՝ սահմանից
05.01.2017 | 17:15

Տավուշի մարզի Ոսկևան համայնքում «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2016-ին ստեղծվել և գործում է ձեռքի աշխատանքների խմբակ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհը հատկացվել է «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգում։ Ձեռքի աշխատանքների խմբակում ներգրավված են ինչպես դպրոցականներ, այնպես էլ մեծահասակներ, որոնք տիրապետում են տարբեր արհեստների։

«Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի նախագահ Արման Հայրապետյանը նշում է, որ իրենք սահմանամերձ տարբեր համայնքներում արդեն իսկ ստեղծել են ձեռագործության խմբակներ, որոնք արդյունավետությամբ գործում են, և հաջողված փորձն այս անգամ կիրառվել է սահմանամերձ Ոսկևանում։ Հասարակական կազմակերպության կողմից խմբակի համար գյուղի մշակույթի տանը ընտրվել է ապահով (հակառակորդի դիտակետից հեռու) սենյակ, վերանորոգվել, կահավորվել և ապահովվել է համապատասխան նյութերով։ Մասնագետների կողմից կազմակերպվել են վարպետության դասեր, պարապմունքներ՝ նկարչությունից, հուլունքագործությունից, հելունագործությունից, փայտագործությունից և այլն։ Վարպետներն այստեղ երիտասարդ սերնդին փոխանցում են իրենց հմտությունները։ Ձեռագործ խմբակները լուծում են նաև զբաղվածության խնդիր։


Արման Հայրապետյանը նկատում է, որ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը միջնորդ է հանդիսանում խմբակի անդամների և կազմակերպությունների միջև՝ օգնելով ցուցադրել և վաճառել խմբակի անդամների ձեռքի աշխատանքները տարբեր ցուցահանդեսներում, ամանորյա տոնավաճառներում։ Համապատասխան էջ է բացվել նաև ֆեյսբուքում, որտեղ ներկայացվում են սահմանամերձ շրջանների պատանիների ձեռքի աշխատանքները և նպաստում դրանց վաճառքին։
Արման Հայրապետյանը շեշտում է, որ նպատակ ունեն խմբակներ բացել այլ համայնքներում նույնպես, ստեղծել խմբակների ցանց։ Իրենք ունեն պայմանավորվածություններ կազմակերպությունների և անհատների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել խմբակների զարգացման գործում՝ լինի դա փորձի փոխանակման, ձեռքի աշխատանքների սպառման տեսքով։

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ