ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռիչարդ Հոգլանդ. Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ հարցի կարգավորումը

Ռիչարդ Հոգլանդ. Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ հարցի կարգավորումը
14.01.2017 | 17:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անհամբերությամբ սպասում է տարածաշրջանային այցին` լսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի դիրքորոշումները: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ մտադիր է սերտորեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը՝ կարգավորման հետագա ուղին նախանշելու հարցում:

«Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը»,- ասել է Հոգլանդը:
«Արմենպրես»-ի հարցին, թե որքանո՞վ են անհասցե հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը պատասխանել է. «Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ի հայտարարությամբ կողմերին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և խստիվ հետևել 2016 թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է կարգավորումը և երկարաձգում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տառապանքները: Վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունն ու բարեկեցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»։


Անդրադառնալով բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ընդգրկելու հարցին, ԱՄՆ համանախագահն ասել է, թե անձամբ ինքը մոտ ապագայում որևէ արմատական փոփոխություն չի կանխատեսում։ «ՈՒզում եմ շեշտել, որ համանախագահները նախկինում նշել են, որ հասկանում են հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները լսելու կարևորությունը: Իսկ այն, թե այդ դիրքորոշումներն ինչպես են ներառվելու բանակցություններում, մի հարց է, որ համանախագահները շարունակում են քննարկել կողմերի հետ»,- ասել է Հոգլանդը:
Հարցին, թե առաջիկա ամիսներին միջնորդները ծրագրո՞ւմ են այցելել տարածաշրջան, ԱՄՆ համանախագահը պատասխանել է. «Իմ գործընկեր համանախագահները և ես խորհրդակցում ենք տարածաշրջան մեր հաջորդ այցի համար առավել հարմար ժամանակ գտնելու շուրջ: Անձամբ ես անհամբերությամբ սպասում եմ այդ այցին, որ կարողանամ լսել բոլոր դիրքորոշումները»։


Հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ե՞րբ է ծրագրվում, Հոգլանդը պատասխանել է. «Համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևով, որը կարող է տևական կարգավորման հանգեցնել: Մենք շարունակում ենք խրախուսել նախագահներին ու արտաքին գործերի նախարարներին հանդիպել հնարավորինս շուտ՝ շարունակելու հիմնական հարցերի, այդ թվում՝ հրադադարի պահպանման կարևորության և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիարժեք կատարման համար քայլերի ձեռնարկման շուրջ կարևոր քննարկումները»:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ