ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դոնալդ Թրամփ. «Ես ուզում եմ, որ նոր գործարանները Ամերիկայում կառուցվեն, մեքենաներն այստեղ վաճառվեն»

Դոնալդ Թրամփ. «Ես ուզում եմ, որ նոր գործարանները Ամերիկայում կառուցվեն, մեքենաներն այստեղ վաճառվեն»
25.01.2017 | 15:41

«Առաջին հերթին՝ Ամերիկան» կարգախոսով Սպիտակ տուն եկած Դոնալդ Թրամփը աշխատանքային երկրորդ օրը սկսել է երկրի խոշորագույն գործարարների հետ հանդիպելով: Այս անգամ նա Սպիտակ տուն էր հրավիրել Ամերիկայի ավտոարդյունաբերության հսկաների՝ «Ջեներալ մոթորսի», «Ֆորդի» ու «Ֆիատ Քրայսլերի» ղեկավարներին: «ՈՒզում եմ, որ դուք նոր աշխատատեղեր ու գործարաններ ստեղծեք Ամերկայում»՝ դիմելով Դեթրոյթի երեք խոշորագույն գործարարներին,- ասաց նա: «Մենք ուզում ենք կրկին զբաղվել արտադրությամբ, ոչ թե ապրանքներ ներկրենք: Դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք առևտրից, ընդամենն ուզում ենք, որ ապրանքներն ինքներս և այստեղ արտադրենք: Եվ եթե նայեք Ամերիկայի երբեմնի մեծ ու հզոր առաջնորդներին, կտեսնեք, որ նրանք շատ սկզբունքային դիրքորոշում են ունեցել այս հարցում: Եվ մենք պատրաստվում ենք արտոնություններ սահմանել այն ընկերությունների համար, որոնք արտադրությունն այստեղ կիրականացնեն, հարկերը ներկայիս 35 տոկոսից հասցնելու ենք մինչև 15-20 տոկոսի»:


Դոնալդ Թրամփը ավտոարդյունաբերողներին հավաստիացրել է, թե չեղարկելու է բոլոր կարգավորումները, որ խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը: «Այդ կարգավորումները սահմանափակում են հնարավորություններդ, և թույլ չեն տալիս ամբողջությամբ անել այն, ինչ կարող ես»,- հայտարարեց ողջ կյանքը անշարժ գույքի բիզնեսով զբաղված Թրամփը: «Ես գործարարներ գիտեմ, որ դժգոհում են, թե այդ կարգավորումներով ավելի շատ մարդ է զբաղվում, քան բուն արտադրությամբ, և այս վիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Կարծում եմ՝ մենք կարող ենք կրճատել նրանց 75 տոկոսով, գուցե՝ ավելի շատ: Եվ երբ դուք ուզենաք ընդարձակել ձեր գործարանները կամ որևէ նոր ու հսկայական բիզնես սկսել, անհրաժեշտ կարգավորումներն անցնելու և հաստատումը ստանալու եք շատ արագ»,- խոստացավ նա: Ավտոարդյունաբերող հսկաներից մեկը՝ «Ջեներալ մոթորսը» հայտարարել էր, թե պատրաստվում է մինչև 2018-ը 5 միլիարդ դոլար ներդնել Մեքսիկայում՝ կրկնապատկելով արտադրական հզորությունները: Ընկերության ղեկավարը նախագահին հավաստիացրեց՝ «Ջեներալ մոթորսը» մտադիր է վերանայել այդ ծրագիրը: Անցած շաբաթ էլ «Ֆորդն» էր չեղարկել Մեքսիկայում 1,5- միլիարդ դոլարանոց գործարան կառուցելու ծրագիրը՝ փոխարենը խոստանալով 700 միլիոն դոլար ներդնել Միչիգանի գործարանում: «Մենք պատրաստ ենք օգնել նրանց, ովքեր կմնան Ամերիկայում և բարձր հարկեր սահմանել ներկրողների համար»,- վերստին հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ հանդիպումից առաջ Թվիթերում գրելով. «Ես ուզում եմ, որ նոր գործարանները Ամերիկայում կառուցվեն, մեքենաներն այստեղ վաճառվեն»:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ