Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հունվարի 31-ին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը:
Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք է, կյանքի է կոչվել 2013 թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում` ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ջանքերով: ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց 16-րդ արձանագրության նշանակությունը, որով կանոնակարգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ԵԽ անդամ երկրներին տրամադրվող խորհրդատվական օժանդակության ընթացակարգերը, ինչն ազգային մակարդակով հնարավորություն կընձեռի առավել սերտացնել Ստրասբուրգի դատարանի և ՀՀ դատաիրավական համակարգի համագործակցությունը:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին արժևորեց Հայաստանի ներդրումը ԵԽ դերակատարության և տվյալ դեպքում` ԵԽ կոնվենցիոն գործիքների ամրապնդման գործում` միաժամանակ նկատելով, որ Հայաստանը 16-րդ արձանագրությունը վավերացնող ԵԽ անդամ յոթերորդ երկիրն է: Գլխավոր քարտուղարի տեղակալը հավելեց, որ արձանագրությունը շուտով ուժի մեջ կմտնի՝ ԵԽ անդամ ևս երեք երկրի կողմից վավերացման դեպքում:
Արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո Պարույր Հովհաննիսյանը և Գաբրիելա Բատայինի-Դրագոնին հակիրճ անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ԵԽ-Հայաստան փոխգործակցությանը: