Հեռուստասերիալների սիրահարներն այս տարի ևս մեկ նվեր ստացան. հունվարին եթեր հեռարձակվեց թուրքական նոր «Ծիծեռնակի փոթորիկը» հեռուստասերիալը: Երկվորյակ եղբայրների պատմությունը, որոնք այդպիսին չեն, կհետաքրքրի նաև հայ հեռուստադիտողին, քանի որ ռեժիսորը հայկական ծագմամբ Օզջան Ալփերն է:
Ալփերը համշենահայ է: Նա ծնվել է 1975-ին` Թուրքիայի հյուսիս-արևելքի Հոփա քաղաքում: Այդ տարածքը ժամանակին ներառված է եղել Մեծ Հայքի Գուգարք նահանգում: Այստեղ այժմ էլ բնակվում է հեմշիլների էթնիկ խումբը (համշենցիներ): Ալփերն իրեն հայ է համարում, նա ամուսնացել է Հրանտ Դինքի զարմուհու` Լուսինի հետ: Ստամբուլի համալսարանում նա ֆիզիկա, գիտության պատմություն է ուսումնասիրել: 2000-ականների սկզբին տարվել է կինոյով և սկսել կինոստուդիայում ռեժիսորի օգնական աշխատել:
Իր առաջին կարճամետրաժ «Մոմի» ֆիլմն Ալփերը նկարահանել է համշենյան բարբառով և դատապարտվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով` «անարգանք թուրքական ինքնագիտակցությանը»: Ռեժիսորին տուգանել են ու մեկ տարի պայմանական ազատազրկման դատապարտել` պայմանով, որ հինգ տարի չպետք է շոշափի Հայոց ցեղասպանության թեման: 2009-ին Երևանի 6-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնական ծրագրում ներկայացվել է նրա դեբյուտային լիամետրաժ «Աշուն » ֆիլմը, որը «Film New Europe» պարբերականն անվանել է «թուրքական կինոյի նոր ձայն»:
Երիտասարդի պատմությունը, որ տասը տարի բանտում լինելուց հետո հայրենի գյուղ է վերադառնում, նկարահանվել է Կինոյի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ: Ֆիլմն ունի հրաշալի գեղարվեստական հատկանիշներ ու արժանի էր բարձր պարգևի, սակայն որոշ հայ կինեմատոգրաֆիստներ էթիկայից դուրս համարեցին Հայաստանում թուրքական ֆիլմին մրցանակ տալը: Ժյուրիի նախագահ ճապոնացի Կոհեա Ագուրին պնդել է կինոնկարին հատուկ դիպլոմ և Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ հանձնել:
2012-ին Ալփերը կրկին «Ոսկե ծիրան»-ին նոր ֆիլմ ներկայացրեց` «Ապագան տևում է հավետ», որը դրամա է քուրդ ժողովրդի մասին: Ռեժիսորը նշում է, որ արտացոլված են թուրք հասարակության բոլոր խնդիրները: «Թուրքիան նման է բազմաբնակարան տան, որտեղ փակ են բոլոր դռները: Երբ խնդիր է ծագում, բնակարանի դուռն ուղղակի բանալիով փակվում է»: 2011-ի սեպտեմբերին ֆիլմը թուրքական «Ոսկե գունդ» կինոփառատոնի ժամանակ Թուրքիայի կինոքննադատների ասոցացիայի հինգ մրցանակ է ստացել, այդ թվում` որպես «Լավագույն ֆիլմ»: Երևանում արժանացել է Էկումենյան ժյուրիի հատուկ հիշատակությանը: Սեպտեմբերին Օզջան Ալփերը «Եվրասիա» ութերորդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն պրոդյուսեր» մրցանակին:
Ռեժիսորի վերջին աշխատանքը «Քամու հիշողությունները» պատմական դրաման է: Ֆիլմը ռեժիսորն այսպես է բնութագրում. «Դա պատմություն է հավերժ զուգահեռների մասին` պատմական իրադարձությունների` կոնկրետ մարդու անհատական ընկալման և ամբողջ Թուրքիայում այդ իրադարձության ընկալման մասին»: Եվ չնայած կինոնկարը պատմում է Արամ անունով հայազգի բանաստեղծի մասին, որը Երկրորդ աշխարահամարտի վերջին տարիներին ստիպված է եղել փախչել Թուրքիայից` իր աշխատանքը ռեժիսորը նվիրել է 1915-ի ողբերգության զոհերին, որից դասեր չեն քաղել և որի արձագանքներն իրենց մասին իմաց են տալիս: Անթալիայի 52-րդ կինոփառատոնի ժամանակ ֆիլմը երեք մրցանակի է արժանացել, այդ թվում` «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
2016-ի մայիսի 27-ին Ռոտերդամի «Կարմիր կակաչ» կինոփառատոնում Ալփերը ստացել է համանուն մրցանակը, հունիսին Մոնրեալում թուրքական ֆիլմերի փառատոնում, որտեղ 130 կինոնկար էր ներկայացված, Ալփերը եղել է լավագույնների եռյակում: «Իմ կինոնկարները քաղաքական, քարոզչական նպատակներ չեն հետապնդում: Բայց այն, որ դրանց հերոսները խոսում են համշեներեն, յուրովի բողոք է»,- ասել է ռեժիսորը: