Մայիսի 28-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրում, կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային 5-րդ մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից փառատոնին կմասնակցի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Մերի Մուսինյանը (դասատու՝ Ծովինար Հովհաննիսյան): Պատանի քանոնահարը կկատարի Ծովինար Հովհաննիսյանի «էքսպրոմտ» ստեղծագործությունը:
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նպատակ ունի ուշադրություն հրավիրել մանկական երաժշտական կրթության և դաստիարակության հարցերին, հայտնաբերել պատանի տաղանդավոր երաժիշտների, ովքեր կշարունակեն կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները: