Հունիսի 2-ին, Թումանյան և Նալբանդյան փողոցների հատման մասում, Երևանի թիվ 155 հիմնական դպրոցի չորրորդ դասարանցիներն արքայական ծիրանիներով հանդերձավորված ֆլեշ-մոբ անցկացրին։ Նրանք բոլոր անցորդներին բաժանեցին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացնող բազմալեզու ազդագրեր։ Մաթեմատիկոս, մանկավարժ և օրիգամիի վարպետ Ռիտա Ալիխանյանի պատրաստած թղթե գունեղ հանդերձներն ընդգծել էին երեխաների ուրախ տրամադրությունը և ավելացրել միջոցառման գրավչությունը, իսկ պուրակով մեկ հնչող սպենդիարյանական երաժշտությունն ուղղակի հրավեր դարձավ շատերի համար։ Այսպես մեկնարկեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Երեխաները՝ մեծերի ու փոքրերի համար» խորագրով միջոցառումը, որի ընթացքում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և հարակից պուրակի տեր ու տիրականները երեխաներն էին։
Նրանք պուրակը լցրեցին ոչ միայն իրենց ներկայությամբ, այլև ամենաուղղակի իմաստով ծածկեցին իրենց նկարչությամբ՝ մասնակցելով կավճանկարի մրցույթին։ Հաղթողներն արժանացան Ալեքսանդր Սպենդիարյանի շարժանկարով կրծքանշանը կրելու պատվին։ Միջոցառումը շարունակվեց տուն-թանգարանում՝ հատուկ էքսկուրսիայով, որը վարեցին Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի 13 չորրորդ դասարանցիներ։ Փոքրիկ էքսկուրսավարների վարպետանալուն օգնել են տուն-թանգարանի աշխատակիցները և դասվար Ալվարդ Հայրապետյանը։ Մեծ ու փոքր ունկնդիրները աշակերտ էքսկուրսավարների շնորհիվ ծանոթացան կոմպոզիտորի կյանքի ուշագրավ դրվագներին և նրա ստեղծագործություններնին։ Ֆլեշ մոբի մասնակիցներն ու փոքրիկ էքսկուրսավարները արժանացան հատուկ շնորհակալագրերի։