Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուբեն Գևորգյանցի պայծառ հիշատակը կմնա գործընկերների, մտերիմների, կինոսերների սրտերում

Ռուբեն Գևորգյանցի պայծառ հիշատակը կմնա գործընկերների, մտերիմների, կինոսերների սրտերում
24.06.2017 | 11:52

Հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը (Կևորկով):

Ռուբեն Ստեփանի Կևորկովը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին, Երևանում: 1964-69 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում, 1982-1989 թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար, իսկ 1989 թվականից մինչ օրս՝ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար:


Իր առաջին իսկ ֆիլմերից Ռուբեն Գևորգյանցը դրսևորեց իր բացառիկ տաղանդն ու համարձակությունը, ինքնատիպությունը՝ նոր շունչ բերելով հայ վավերագրական կինո:
Ռուբեն Գևորգյանցը ստեղծել է ավելի քան 60 ֆիլմ, որոնցից 26-ը արժանացել են տարբեր միջազգային կինոփառատոների մրցանակների, 8-ը՝ գլխավոր մրցանակի՝ «Բարի հետք», «Ոգեշնչում», «Սպասում», «Կղզիներ», «Ռեքվիեմ», «Փարաջանով. վերջին կոլաժ», «Ընդմիշտ», «Հրաշագործի աշունը»: Վերջինս արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:
1982 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 2006-ին արժանացել ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը:


Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից, իր մասնագիտական պարտքը կատարելով՝ եղել է ամենաթեժ կետերում, վավերագրել արցախյան պատերազմի տարեգրությունը: Պարգևատրվել է Հաղթանակի շքանշանով, Վ. Սարգսյան. «Արծիվ Մահապարտ» շքանշանով:
1982-2015 թթ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ռուբեն Գևորգյանցը նաև սցենարիստ է, գրող և բանաստեղծ՝ երեք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, գրել է բազմաթիվ պատմվածքներ և «Փարաջանով. կոլաժ երկուսի համար» գիրքը:
Ռուբեն Գևորգյանցը հայկական կինոյի երախտավորներից էր, ում ակներև բանաստեղծականությամբ և հուզական շնչով ստեղծված ֆիլմերում երևակվեց հայ մարդու միտքն ու բարքը, նրա առօրյան, վավերագրվեցին մեր իրականության կարևոր և հանգրվանային դրվագները, մի ողջ դարաշրջանի պատմությունն ու իրադարձությունները:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:


Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:


Կառավարական հանձնաժողով

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ