Օրերս մեկնարկած «Երևան Քարտ» ծրագրում ներառված են նաև համայնքային ենթակայության թանգարանները, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային պաշտոնական երթուղին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծում, որ նմանատիպ քարտային ծրագրեր գործում են աշխարհի մի շարք առաջադեմ երկրներում և քաղաքային ու մշակութային զբոսաշրջության զարգացման ժամանակակից ուղղություններից են:
Կազմակերպիչները հույս են հայտնել, որ «Երևան Քարտը» ծառայությունների փաթեթի միջոցով մեր երկիր այցելած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան միասնական տոմսի միջոցով օգտվել զբոսաշրջային մի շարք ենթակառուցվածքներից, անվճար մուտք գործել քաղաքի և հարակից վայրերի 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների և զգալի զեղչեր ստանալ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում: