Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը անցկացվում են «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Է. Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարությունների և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ մշակութային ծրագրով:
Հայաստանում և Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձաններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, աստղադիտումներ, ծառատունկ, քայլարշավներ դեպի բնության և մշակույթի բացառիկ հուշարձաններ:
Այս տարի ևս մի շարք միջոցառումներ կնվիրվեն «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիային (Ֆարո), դրա սկզբունքներին ու կիրարկմանը, կկազմակերպվեն մշակութային զբոսանքներ Երևանում, Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում, որոնք նորովի կբացահայտեն պատմական քաղաքների հսկայական ժառանգությունը և դերը համայնքների բնակչության համար` որպես սոցիալ-տնտեսական կարևոր ռեսուրսի:
Միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է մշակութային և բնության ժառանգության պահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը և երիտասարդության ներգրավվածությունը:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը: