2017-ին Նոբելյան կոմիտեն Գրականության մրցանակը շնորհել է ծագումով ճապոնացի, բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյին: Նոբելյան կայքը արձանագրում է, որ նա «հուզական մեծ ուժ ունեցող վեպերում բացահայտել է անդունդը աշխարհի հետ կապի մեր պատրանքային զգացումի հետևում»: BBC-ին հարցազրույցում գրողն ասել է, որ չափազանց շոյված է. «Դա մեծագույն պատիվ է և նշանակում է, որ ես գնում եմ մեծագույն գրողների ոտնահետքերով»։ Կաձուո Իսիգուրոն ծնվել է 1954-ին, Նագասակիում: 1960-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: 1978-ին Իսիգուրոն ստացել է անգլերենի և փիլիսոփայության բակալավրի աստիճան Քենտի համալսարանում: Նրա գրական կարիերան սկսվել է 1981-ից: Բրիտանացին 8 գրքերի հեղինակ է, որ թարգմանվել են 40 լեզուներով:
Նրա ամենահայտնի` «Օրվա մնացորդը» (1989) գիրքը Բուկերյան մրցանակ է ստացել և էկրանավորվել է 1993-ին: Շվեդական ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը Կաձուո Իսիգուրոյի ստեղծագործությունն անվանել է «Ջեյն Օստինի, բարքերի կատակերգության և Ֆրանց Կաֆկայի խառնուրդ»։