Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հերոսական մարդիկ` առանց վայֆայի ու համակարգչային խաղերի

Հերոսական մարդիկ` առանց վայֆայի ու համակարգչային խաղերի
02.11.2017 | 20:21

Lույս է տեսել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը: «Բուկինսիտը» հրավիրում է երկար սպասված գրքի շնորհանդեսին և հեղինակի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ շաբաթ, ժամը՝ 13:00, Երևանի պետական կամերային թատրոնում (հասցե՝ Մաշտոցի 58): «Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:

Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է այլ լեզուներով, ինչպես ասում է վիպակի գործող անձանցից Տան՝ համադամ կերակուրը վերջում են մատուցում:

Թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, ով նույնպես Բերդից է: Մայրենի լեզվով թարգմանության մասին հեղինակն ասում է. «Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել: Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն»:


Շնորհանդեսի ժամանակ գիրքը կարող եք ձեռք բերել հատուկ գնով, հեղինակի մակագրությամբ, սպասվում են անակնկալներ:
Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ