Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». Կարեն Կարապետյան

«Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». Կարեն Կարապետյան
23.11.2017 | 13:29

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն այսօր իրականում գինու վերածնունդ է ապրում: Պահպանելով գինեգործության մեր ավանդույթները՝ համադրում ենք դրանք ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների և գիտական ներուժի հետ` հույս ունենալով և ստանալով որակյալ գինի: Իսկ հայկական գինի ասելով՝ մենք հասկանում ենք ավելի քան 6000 տարվա պատմություն, ավանդույթներ, մշակույթ, նվիրվածություն և սեր խաղողի վազի և գինու նկատմամբ:

ՀՀ կառավարության կողմից ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: Ստեղծել ենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ երկրում խաղողագործության զարգացումը խթանելու, երկրի գինեգործության վարկանիշն ու մրցունակությունը միջազգային ասպարեզում բարձրացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու, Հայաստանի գրավչությունը՝ որպես գինեգործական երկիր բարձրացնելու համար: Մեր վերջնական նպատակն է, և մենք վստահ ենք, որ հասնելու ենք դրան՝ հայկական գինին դարձնել ճանաչելի միջազգային բրենդ, ներգրավել նոր ներդրումներ գինեգործության մեջ, հասնել գինու արտահանման ծավալների մեծացմանը և աշխարհի «գինու քարտեզի» վրա մեր հաստատուն և կայուն տեղն ունենալ:

Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ միտումները բավական դրական են. Հայաստանում 2016 թ. արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Արտահանման առումով ունենք նույնպես լավ ցուցանիշ՝ 2016 թ. արտահանվել է ավելի քան 1,8 մլն. լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Գործընկերներս խոստացել են, որ 2017 թ. վերլուծությունը դեռ ավարտված չէ, բայց դինամիկան պահպանվում է և նույնպես դրական է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր Հայաստանում ունենք ֆրանսիական, իտալական, գերմանական տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած գինու գործարաններ, ունենք արգենտինական, ամերիկյան, շվեյցարական և իտալական ներդրումներ, և ներդրողների մեջ զգալի մաս են կազմում սփյուռքահայ գործընկերները:

«Ուրախալի է նաև, որ ունենք ներքին ներդրումների աճ: Սա չափազանց կարևոր փաստ է, որովհետև տնտեսության մեջ ներքին ներդրումների աճ ունենալու դեպքում համոզված ենք, որ կունենանք նաև մեծածավալ արտաքին ներդրումներ: Հայաստանը բաց է գինու, խաղողագործության և այլ ոլորտներում մեծածավալ ներդրումների ներգրավման համար, և պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել՝ լավագույն գործարար միջավայրն ապահովելու ներդրողների համար: Իսկ այս համաժողովը Հայաստանի համար, կարծում եմ, յուրահատուկ հարթակ է՝ աշխարհի տարբեր երկրներից լավագույն մասնագետների հետ քննարկելու գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը, համագործակցության նոր կապեր ստեղծելու հայկական գինեգործության զարգացման համար և նոր փոխշահավետ նախագծեր ձևակերպելու մեր միջազգային գործընկերների հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը լավ տրամադրություն է մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ համաժողովից հետո կձեռնարկվեն շատ ավելի գիտակցված և որոշակի քայլեր, որպեսզի այս ոլորտը լավ զարգանա:

Գինու միջազգային համաժողովը նախաձեռնել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Այն անցկացվում է «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո: Համաժողովի նպատակն է՝ շահագրգիռ մասնագետներին և ընկերություններին միջազգային հարթակ տրամադրելու միջոցով վերհանել ոլորտի զարգացման, ներդրումների ներգրավման, մասնագիտական կարողությունների ամրապնդման, գործարար և գիտական հետագա համագործակցության հեռանկարները:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ