Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Բրայլյան և «խոսող» գրքեր

Բրայլյան և «խոսող» գրքեր
05.12.2017 | 18:00

«Իրատեսի» զրուցակիցը Հայաստանի կույրերի միավորման հրատարակչության տնօրեն ԹԵԼՄԱՆ ԲՈՅԱՋՅԱՆՆ է: Հանդիպման առիթը Գրքի երևանյան փառատոնն էր, որտեղ կույրերի միավորման հրատարակչությունը ներկայանում էր առանձին տաղավարով: Բրայլյան համակարգով և աուդիո տարբերակով հրատարակված գրքերի ցանկը բավականին բազմազան էր` Համո Սահյան, Քրիս Բոհջալյան, Լևոն Խեչոյան, Վարդգես Պետրոսյան, Ֆեոդոր Դոստոևսկի և շատ այլ հայտնի անուններ:


Թելման Բոյաջյանը նկատեց, որ լավ ընթերցողը խտրություն չի դնում` արտասահմանյա՞ն, թե՞ ազգային, դասակա՞ն, թե՞ ժամանակակից: Այդ առումով իրենք ուշադրություն են դարձնում և՛ հայազգի, և՛ օտարազգի նշանավոր գրողներին: Կույրերի միավորման հրատարակչությունը գործում է 1956-ից: Տպագրել է ավելի քան 1200 անուն գիրք, ինչը, հրատարակչության տնօրենի խոսքով, բավական հարուստ գրքային հավաքածու է, թեև, եթե հնարավորություն ունենային, ավելի շատ անուններ կներկայացնեին: Տեսողական խնդիրներ ունեցող ընթերցողներին գրականությունը մատուցվում է նաև «խոսող» գրքի տարբերակով, որի ձայնագրությունը ՀԿՄ հրատարակչությունը սկսել է 1965-ից: Մեր զրուցակիցը նշեց, որ խորհրդային տարիներին, միավորման ընթերցողների կարիքները բավարարելուց զատ, դպրոցական դասագրքեր են տպագրել ու անվճար տրամադրել թիվ 14 հատուկ դպրոցին: Հիմա միայն պատվերի դեպքում են հրատարակում: Միջոցները սուղ են: Խնդիր կա նաև գրադարանները բարեկարգելու, որ գրքերն ավելի լավ պայմաններում պահպանվեն, ընթերցողներն ավելի հեշտ օգտվեն գրադարաններից: Թելման Բոյաջյանի կարծիքով` մեր օրերում ընթերցողին սպասարկելու ամենաարդյունավետ ձևը գրքերի առաքումն է, քանի որ տեղի է ունեցել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց ապակենտրոնացում: Ավագ սերունդը, կույրերի միավորումը ստեղծելիս, աշխատանքը, մշակութային սպասարկումը կազմակերպել է այնպես, որ միավորման շրջակայքում լինեն կույրերի բնակարանները, նրանց սպասարկող գրադարանները, մշակութային տները, հանգստյան տները և այլն: Սակայն այսօր արդեն շատերը, ֆինանսական և այլ խնդիրների պատճառով, վաճառել են տները, տեղափոխվել այլ շրջաններ: Միավորման կազմակերպությունների հետ կապը խզվել է, գրադարաններից օգտվելը` դժվարացել:


Թելման Բոյաջյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունը 2018-ին գրքեր է հրատարակելու նաև պետպատվերի շրջանակում: Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ նախատեսվում է հրատարակել Թումանյանի երկհատորյակը, «Սասունցի Դավիթ» էպոսը թողարկվելու է աուդիո տարբերակով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ