Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Շառլ Ազնավուրը քննադատում է ու երգում

Շառլ Ազնավուրը քննադատում է ու երգում
18.12.2017 | 13:43

Երբ մեկը 2 ձու է գողանում, բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որ միլիոններ են գողանում, մնում են անպատիժ` Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում ասել է Շառլ Ազնավուրը։ «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»,- ասել է Ազնավուրը: Նրա խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ` ինչ մտածում եմ»: Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»:

Ըստ նրա` Հայաստանն այժմ շատ վատ ուղու վրա չէ, առաջ է գնում, որոշ բաներ լավ են, գլխավոր խոչընդոտը՝ կոմունիստական հասարակարգի թողած դրոշմն է, որից ամբողջապես ազատվելու համար դեռ մի քիչ ճանապարհ պետք է անցնել: Շանսոնիեն անդրադարձել է նաև «Շառլ Ազնավուր» հիմնադրամին, որը փոխարինում է 1988-ի երկրաշարժից հետո ստեղծված «Ազնավուրը Հայաստանի համար» միությանը: Ազնավուրը նշել է, որ հիմնադրամը շարունակում է մարդասիրական գործունեությունը՝ տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար, բայց նաև մշակութային գործունեություն է ծավալելու: Հարցազրույցում Ազնավուրն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահներին՝ Ֆրանսուա Օլանդին և Էմանուել Մակրոնին:


«Պետք է դեռ թողնել, որ նա աշխատի, պետք է վստահություն ցուցաբերել նրա հանդեպ»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Մակրոնին․ «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ օգտակար լինի Հայաստանի համար»: Ազնավուրը շարունակում է համերգները: Անցյալ շաբաթ Փարիզի ամենամեծ համերգասրահում տեղի ունեցավ նրա մենահամերգը: Մամուլը բազմաթիվ գրախոսականներով արձագանքեց Ազնավուրի մենահամերգին՝ նրան որակելով «ֆրանսիական երգի վերջին արքան»: Ազնավուրը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում համերգներով հանդես կգա հունվարի 20-ից փետրվարի 6-ը:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ