Սրտի անհուն ցավով եմ գրում այս տողերը սիրելի ընկերոջս՝ ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ մասին: Ձեռքս դողում է, ձեռքիս սովոր գրիչս չի ենթարկվում ինձ, և «հիշատակին» ողբերգական բառը թվում է անիրական, ուղղակի անտեղի ու անիմաստ: Դեռ երեկ նա, ծերունազարդ, բայց աշխույժ ու աշխատասեր այդ Մեծ հայը նոր ու հետաքրքիր հոդվածն իր մշտական ուղեկից պայուսակում Նորքի զանգվածից կենտրոն էր իջնում՝ մեր թերթի՝ «Իրատեսի», «Դե ֆակտո» ամսագրի ընթերցողներին մի նոր լուր, հետաքրքիր պատմություն, հուշ հաղորդելու համար:
Նա ապրեց ոչ լրիվ 80 տարի: Հայրենիքին անմնացորդ ծառայելու, բարությամբ, սիրով, մերձավորի հանդեպ կարեկցանքով և հոգատարությամբ լի տարիներ: Ապրեց` երբեք ի ցույց չդնելով իր արժեքը, ապրեց` երազելով մի ափ բարություն, ցաված սիրտը շոյող մի ջերմ խոսք, ինչն ինքը շռայլորեն բաժանեց ծանոթ ու անծանոթ մարդկանց: Արթուրը կենսասիրությամբ ու հումորով լեցուն մարդ էր, ազնիվ, բարի, կյանքին միշտ նայում էր վճիտ հայացքով: Նուրբ հումորը միշտ լուսավոր էր պահում իր ներքին էությունը: Կյանքը հորդում էր իր մեջ, ապրում էր` իր պայծառ կենսականությունը տարածելով շուրջը, փոխանցելով ուրիշներին: Խորհրդային տարիներին Սփյուռքի կոմիտեում աշխատելիս հանդիպումներ ունեցավ Վիլյամ Սարոյանի ու Ալիսիա Կիրակոսյանի, Լևոն-Զավեն Սյուրմելյանի ու մյուս հայազգի մեծերի հետ, ուղեկցեց նրանց Հայաստանում՝ հետագայում իր հետաքրքիր հուշերը հանձնելով ընթերցողներին:
Գնաս բարով, սիրելի Արթուր, թող մայր հողը թեթև լինի վրադ, հիշատակդ՝ հավերժ:
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հոգեհանգիստը՝ հունվարի 22-ին, ժամը 18-ից Երևանի Բագրևանդ թաղամասի սկզբնամասում գտնվող սգո սրահում: Թաղումը՝ հունվարի 23-ին, ժամը 14-00-ին, նույն սրահից: