Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել ՈՒիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, որ Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ: Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսի դատին ներկայացված ֆիլմից՝ ընդգծելով, որ կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ տպավորված է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում լայն ընդունելության արժանացած ֆիլմից, որը վավերագրական հարուստ նյութի հիման վրա մեկ անգամ ևս փաստացի վերականգնում և վերահաստատում է ճշմարտությունը, որ ժխտողականությունը ծնում է նոր հանցագործություններ, և որ ճանաչումն ու դատապարտումը, թերևս, ամենակարևոր միջոցներն են այդ հանցագործությունները կանխելու համար: «Կարծում եմ՝ այս ֆիլմի կարևորությունը նաև նրանում է, որ չնայած գիտական շրջանակներում այս խնդրի մասին շատ են խոսել, բայց փաստավավերագրական ֆիլմերի պակաս կա, և «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը լրացնում է այդ պակասը: Եվ զուգահեռներն այսօրվա ու 100 տարի առաջվա իրականության հետ շատ կարևոր են: Ինձ հետաքրքրեց նաև այն հանգամանքը, որ կարծում եմ՝ դուք ցանկացել եք ասել, որ ժխտողականությունը, անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում, ունի շատ ընդհանուր հատկանիշներ: Այսինքն՝ կատարողները նախօրոք գիտեն, որ հետո պետք է ժխտեն և վստահ են, որ իրենց այդ ժխտումն անցնելու է, քանի որ նախկինում ևս այդպես է եղել: Իհարկե, շատ հետաքրքիր էր զուգահեռը Հայոց ցեղասպանության և այն իրադարձությունների հետ, որ այսօր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով պարգևատրել է պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան ՈՒիլյամսին և դերասան, պրոդյուսեր Դին Ջորջ Քեյնին։ «Պրոդյուսերները հույս են հայտնել, որ իրենց նկարահանած ֆիլմը կօգնի փոխել ընկալումները ներկայացված հարցի վերաբերյալ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»:
Յուրաքանչյուր վավերագրողի համար, որ նման ֆիլմեր է պատրաստում, ըստ պրոդյուսերներ Դին Քեյնի և Մոնթել ՈՒիլյամսի, կարևոր է դիտել իր աշխատանքի արդյունքն այլ անձանց հետ միասին և տեսնել այն մարդկանց արձագանքները, ովքեր այդ պահին դիտում են ֆիլմը: Նշելով, թե տեղյակ են, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ականատեսն ու մասնակիցն է եղել ֆիլմում նկարագրվող՝ Լեռնային Ղարաբաղի դեպքերի, պրոդյուսերները հույս են հայտնել, որ ինչ պատկերել են ֆիլմում, համապատասխանում է իրականությանը, որ նախագահն է տեսել իր աչքերով: Նրանք իրենց աշխատանքի լավագույն գնահատականը համարել են ֆիլմից ստացած արձագանքները: