«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ես ձեր աղբյուրն եմ, ինձ մի պղտորեք»

«Ես ձեր աղբյուրն եմ, ինձ մի պղտորեք»
04.05.2018 | 18:45

Լրացավ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, մանկավարժ, Ստեփան Զորյանի անվան գրական մրցանակի դափնեկիր ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը: 2008 թվականին, երբ Սարգսյանը նշում էր իր 70-ամյակը, ես հաղորդում պատրաստեցի տաղանդաշատ գրողի մասին:

Հաղորդման ընթացքում հնչեցին Լիպարիտ Սարգսյանի բանաստեղծությունները, ցուցադրվեցին բանաստեղծի լուսանկարները մեր գրականության մեծերի հետ: Հաղորդմանը մասնակցում էին Լիպարիտ Սարգսյանի որդիները, թոռները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Լիպարիտ Սարգսյանը ծնվել է Լոռվա Վահագնի գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:


Լիպարիտ Սարգսյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում, երբ նա դեռ աշակերտ էր: Սիմվոլիկ է, որ գրողի աշխատանքային գործունեությունը սկսվեց հենց «Պիոներ կանչ» թերթում: Աշխատել է նաև «Սովետական գրող» հրատարակչությունում, «Արևիկ», «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերում: Հրատարակվել են գրողի բազմաթիվ ժողովածուներ՝ թե բանաստեղծական, թե արձակ: Նրա բանաստեղծությունների տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Էմմա Միհրանյանը, Ռոբերտ Պետրոսյանը, Գեղունի Չթչյանը, Արեգ Լուսինյանը, Հրաչյա Օհանյանը: Լիպարիտ Սարգսյանը թարգմանել է Սամուիլ Մարշակի, Ելենա Նիկոլաևայի, Վիկտոր Կլյուչևսկու ստեղծագործությունները: Լիպարիտ Սարգսյանը դաստիարակել է բազմաթիվ երիտասարդ բանաստեղծների: Տարիներ շարունակ նա ղեկավարել է Երևանի պիոներ պալատի գրական խմբակը: 90-ականներին ստեղծել է և մինչ օրս ղեկավարում է Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի «Բողբոջներ» գրական ստուդիան: Արդեն լույս են տեսել նրա սաների բանաստեղծությունների 2 ժողովածուները՝ «Առաջին ծիլեր», «Բողբոջներ»:


Լիպարիտ Սարգսյանը դասավանդել է նաև «Գալիք» և «Գրիգոր Նարեկացի» համալսարաններում: Հաղորդման ընթացքում Լիպարիտ Սարգսյանը պատմեց հետևյալը.
-Մեր գյուղի դեմ դիմաց Հովհաննես Թումանյանի գյուղն էր: Շատ փոքր էի, երբ լսեցի այդ անուն-ազգանունը և չէի հասկանում, թե դա ինչ է նշանակում: Ես տառերը չգիտեի, բայց նրա բանաստեղծությունները անգիր էի արել. ավագ քույրերս հաճախ էին արտասանում այդ բանաստեղծությունները: Ըստ երևույթին, այդ ստեղծագործությունները իմ մեջ ինչ-որ բան են արթնացրել, և իմ մեջ բնությունից ինչ-որ բան կար, որ ինձ մղեց դեպի գրականությունը: Եվ համոզված եմ, որ իմ ներշնչանքի աղբյուրը եղել են Լոռվա բնությունը և Հովհաննես Թումանյանը:


Հիշում եմ, երբ ընկերներով գնում էինք անտառ կամ դաշտերը, ես առանձնանում էի նրանցից, տարվում էի ինչ-որ ծաղկով, թփով, ծաղկած լորենիով, ժամերով լսում էի մեղվի բզզոցը ծաղկի վրա: Ես տարվում էի դրանցով, իսկ ընկերներս փայտ էին հավաքում, որ տուն տանեն: Ես մոռանում էի իմ այդ պարտականությունը, դա, իհարկե, թերություն էր, բայց տարվում էի բնության գեղեցկություններով:
Ցածր դասարաններից ես իմ մեջ զգում էի գրական ստեղծագործական հակումներ: Դպրոցի իմ ուսուցիչները իմ շարադրություններում տեսնում էին ստեղծագործական շնորհք, ոգևորում էին ինձ, խրախուսում:
ՈՒսուցիչս՝ Պետրոս Կոստանյանը, առաջինն էր նկատել դա ու մի անգամ ինձ ասաց. «Քո շարադրություններում ես լավ բաներ եմ տեսնում, որ ուրիշ աշակերտների մոտ չկա: Դու ստեղծագործական շնորհք ունես Աստծո կողմից տրված, ի ծնե, ի բնե: Պետք է ուշադիր լինես, շատ կարդաս...
Դրանից ոգևորված, սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել իմ շարադրություններին, ընթերցելուն, գրականության աշխարհ կոչված հզոր երևույթին, որը նոր էի բացում ինձ համար: 6-7-րդ դասարաններում սկսեցի բանաստեղծություններ գրել: Գրում էի խիստ գաղտնի, ոչ մեկին ցույց չէի տալիս: Եվ երբ առաջին բանաստեղծությունս տպագրվեց «Պիոներ կանչ»-ում, զարմացան և՛ ուսուցիչներս, և՛ շրջապատս:
Աստիճանաբար հասկացա՝ ինչ է բանաստեղծությունը, ինչ է պատմվածքը:
Գյուղի դպրոցն ավարտելուց հետո երկու տարի Լիպարիտ Սարգսյանը սովորեց անտառային տեխնիկումում: Իսկ 1957-ին եկավ Երևան ուսանելու: Երկու երազանք ուներ՝ տեսնել Ավետիք Իսահակյանին և Մասիսը իրականում:


-Մասիսը տեսել էի Մարտիրոս Սարյանի և այլ նկարիչների գործերում: Իսկ Ավետիք Իսահակյանը միակ կենդանի դասականն էր: Վարուժանի, Սիամանթոյի, Տերյանի, Թումանյանի հետ նստել-վեր էր կացել, աշխարհ ման եկած մարդ էր, մեծագույն բանաստեղծներից: Երևան գալուն պես առաջին հերթին գնացի գրողների տունը գտա, բայց Իսահակյանին չտեսա: Ասացին՝ տկար է, տնից դուրս չի գալիս:
Ընդունվեցի ինստիտուտ: Համակուրսեցիներս տաղանդավոր մարդիկ էին: Բոլորը գրում էին բանաստեղծություններ, պատմվածքներ: Նրանց թվում էին Հրանտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Թոփչյանը, Ֆելիքս Մելոյանը, Մելս Սանթոյանը, Գուրգեն Մանուկյանը, Գևորգ Թոսունյանը:
Ալեքսանդր Թոփչյանի հայրը գրողների միության առաջին քարտուղարն էր: Այն ժամանակ միության նախագահ չկար, Իսահակյանը պատվավոր նախագահն էր: Ալիկին խնդրեցի, որ օգնի ինչ-որ ձևով Իսահակյանին տեսնելու: Խոստացավ օգնել: Բայց, ցավոք, իմ այս երազանքը չկատարվեց՝ հոկտեմբերին Իսահակյանը վախճանվեց:


Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճից մինչև Պանթեոն ոտքով ճանապարհեցինք Վարպետին: Հիշում եմ Ավիկին՝ խոնարհված լալիս էր պապիկի վրա:
Շատ մեծերի տեսա, Վիկտոր Համբարձումյանին, աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանաչված գրողների, արվեստի մարդկանց: Այդ մասին ես գրել եմ իմ հիշողությունների գրքում: Ինստիտուտի դասախոսները շատ անվանի մարդիկ էին, սատարում էին ինձ: Դա ինձ շատ էր ոգևորում: Շնորհակալական զգացումով եմ հիշում Արշալույս Բաբայանին, որը ժամանակին «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն էր եղել, Վաչե Պարտիզունուն, հին գրականության սքանչելի մասնագետ Առաքել Առաքելյանին, լեզվաբան Աշոտ Աբրահամյանին: Նրանք սիրում էին մեզ, ուրախանում էին մեր հաջողություններով:


Հաճախ հանդիպումներ էին կազմակերպվում ճանաչված արվեստագետների հետ: Հիշում եմ հանդիպումը Մարտիրոս Սարյանի հետ: Ես մի բանաստեղծություն էի գրել Սարյանի մասին, բայց ամաչում էի ասել այդ մասին: Այդ լուրն ընկերներս հասցրել էին Արշալույս Բաբայանին: Բաբայանը լսեց բանաստեղծությունը և ինձ տարավ ռեկտորի՝ Համազասպյանի մոտ, քանի որ ծրագիրը պետք է հաստատեր ռեկտորը: Կանգնած Մարտիրոս Սարյանի կողքին, ես առաջին անգամ կարդացի մեծ նկարչին նվիրված բանաստեղծությունը: Մարտիրոս Սարյանը մոտեցավ ինձ: Փաթաթվեցինք, նա համբուրեց ինձ: Դա մոռանալ չի կարելի: Ինստիտուտի դահլիճում մենք հանդիպեցինք առաջին անգամ սփյուռք այցելած առաջին գրողին՝ Հրաչյա Քոչարին: Նա շատ զարգացած մարդ էր, իսկական հռետոր, բանավոր խոսքին տիրապետող, արտիստական խառնվածքով: Ասում էին, որ Քոչարը ավելի լավ խոսում է, քան գրում: Չորս ժամ պատմեց, Լիբանան էր գնացել, Բեյրութ, պատմում էր հայերի մասին: Չորս ժամ ձայնագրվում էր նրա խոսքը:


Այս դահլիճի կամարների տակ մենք հանդիպել ենք Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Վահագն Դավթյանի հետ:
Երկար տարիներ աշխատեցի «Պիոներ կանչ» թերթում: Աշխատանքի ընդունեց Վարդգես Պետրոսյանը: Այնուհետև «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերում, որի խմբագիրն անվանի արձակագիր Անահիտ Սահինյանն էր: Բնական է, որ նրանց հետ շփումը մեծ բան էր տալիս լրագրողի մասնագիտության, գիտելիքների առումով, գրողի, գրականությունը ճանաչելու, հասկանալու առումով:
Ամենակարևորը՝ այս խմբագրություններ էին գալիս մեր անվանի գրողները, նրանց հետ շփվում էի, առնչվում, իրենց գործերն էի կարդում, որպեսզի կարծիքս հայտնեմ որպես գրականության և արվեստի բաժնի վարիչ, իսկ հետագայում պատասխանատու քարտուղար: Հետագայում՝ արդեն հրատարակչությունում, աշխատանքն ավելի պատասխանատու և ուսանելի էր ինձ համար: Երկու տասնամյակ աշխատեցի: Այնտեղ գալիս էին մեր բոլոր անվանի գրողները: Նրանք իրենց խոսքն էին ասում, կարծիքը հայտնում: Անկեղծության և բարեկամության մթնոլորտ էր տիրում: Մի օր զանգահարեց Շիրազը: «Գրական թերթում» կարդացել էր իմ բանաստեղծությունները: Ասաց. «Կարդացի քո բանաստեղծությունները, հրաշալի էին...»:


Ես սարսռացի, որովհետև Շիրազի խոսքը ծանրակշիռ խոսք է, մեծ արվեստագետի խոսք է: Ես շնորհակալություն հայտնեցի: Երկու օրից Շիրազը եկավ հրատարակչություն: Ինձ նվիրեց թերթը և իր լուսանկարը հետևյալ մակագրությամբ. «Լիպարիտ բանաստեղծին, որը իմ սրտից էլ է հառաչել»: ՈՒ ավելացրել էր մի տող իմ բանաստեղծությունից. «Ես ձեր աղբյուրն եմ, ինձ մի պղտորեք»: Այդ բանաստեղծությունը ես նվիրել եմ նրան: Մինչ օրս ես պահում եմ այդ թերթը որպես մասունք, մի ծայրն էլ պոկված է: Այդպիսի ոգևորիչ խոսքեր մեր շատ գրողներ են ասել տարբեր առիթներով: Եվ դրանք, անշուշտ, շատ կարևոր դեր են խաղացել ստեղծագործական ոգևորության, նոր գործեր գրելու, ավելի պատասխանատու լինելու համար: Հիշում եմ, Վախթանգ Անանյանի 60-ամյակն էր, նշվում էր Խնկո Ապոր անվան գրադարանում: Հոբելյարի հասցեին գովեստի շատ խոսքեր ասվեցին: Եվ վերջում այդ մեծ վաստակ ունեցող, աշխարհի համարյա բոլոր լեզուներով թարգմանված գրողն ասաց. «Այ ընկերներ, այ սիրելիներս, եթե իմանայի, որ ինձ այդքան գովելու եք, կարգին կգրեի, ավելի լավ կգրեի»: Իհարկե, հումորով ասաց, բայց նման բաները դաս էին երիտասարդների համար. այդպիսի մեծ վաստակի տեր մարդը, այդքան համեստ...
Շատ բարյացակամ են եղել, խրախուսել են Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Մարո Մարգարյանը, Անահիտ Սահինյանը, շատերը:
Եվ եթե իմ սերնդակիցները ինչ-որ բանի հասել են, ապա շնորհիվ մեր մեծերի խորհուրդների, նրանց բարի վերաբերմունքի:

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3470

Մեկնաբանություններ