Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բարության 130 րոպե

Բարության 130 րոպե
22.06.2018 | 10:50

Բարդ է ռեժիսորի մասնագիտությունը, բարդ ու պատասխանատու: Առավել բարդ է գեղարվեստական ղեկավարի, այն էլ Սունդուկյան թատրոնի, մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի գործը, թատրոն, որն առաջին հերթին պարտավոր է հենվել ազգային դրամատուրգիայի վրա, առանց որի թատրոնն ազգային թատրոն չի կարող կոչվել: Համոզված եմ, որ չկա ազգային թատրոն, որի անկյունաքարը ազգային դրամատուրգիան չէ: Սա ծրագրային դրույթ է, անհրաժեշտություն: Անշուշտ, համաշխարհային դրամատուրգիան չի կարող անտեսվել… այսուհանդերձ, սա քննարկման այլ թեմա է:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը փորձում է և ըստ իս կարողանում է իրականացնել հենց այս դրույթ ծրագիրը։ Գաբրիել Սունդուկյան, «Պեպո», Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկաններ» ու հիմա էլ Ժորա Հարությունյան, «Հարսնացու հյուսիսից»… այս ամենին կարող ենք հավելել նաև «Մուսա լեռը»… չէ, իհարկե Ֆրանց Վերֆելին դրամատուրգ, այն էլ հայ դրամատուրգ չես կոչի, բայց ներկայացումն էլ Վերֆելի վեպը չէ: «Մուսա լեռ» ներկայացումը բեմականացում է (հեղինակ` Արմեն Էլբակյան), ներկայացում, հերոսապատում, որը, ինչու ոչ, խիստ ազգային է, հայի մասին է, հայի պայքարի, տեսակի մասին է։
Ինչևէ, «Պեպո» սոցիալական դրամայի մոտեցող, էպիկական տարրերով ներկայացումը, հետո խիստ գրոտեսկային, սատիրական, ինչու ոչ՝ պամֆլետային «Մեծապատիվ մուրացկանները», հիմա էլ «Հարսնացու հյուսիսից»-ը:


Մշտապես նորը որոնելու ձգտումը ստեղծագործող մարդու, արվեստագետի կարևորագույն առաքելությունն է: Չպետք է մտածել, թե ամեն մի նորը նորաձևն է, օրիգինալ երևալու ձգտումը, ամենևին։ Նորը, համենայն դեպս, Արմեն Էլբակյան ռեժիսորի համար չկրկնվողն է, առանձնահատուկ թատերական, արտահայտչաձևեր կիրառելը՝ փորձելը, ամեն մի ներկայացում յուրահատուկ թատերական ֆորմայի մեջ դնելը՝ հաշվի առնելով ամեն մի գործի բովանդակային կառուցվածքը ու գրական նյութի առանձնահատկությունները:
Այսպես… յուրաքանչյուր ներկայացում առաջին հերթին հաճույքի աղբյուր է, ինչու ոչ՝ խաղ, կատակ… ու միայն դրանից հետո մտքի պահուստ, գաղափարների շտեմարան։ Չէ, իհարկե միտքը, գաղափարը «Հարսնացու հյուսիսից» ներկայացման մեջ անհրաժեշտ են ու առկա՝ սեր, մարդասիրություն, բարություն։ Մի՞թե այս ամենից լավ, արժանի գաղափարներ կարող են լինել։ Բայց ներկայացումը կառուցված է հենց մեր նշած առաջին հերթինը հաշվի առնելով… հաճույք պատճառել առաջին հերթին հենց հանդիսատեսին:
Ճիշտն ասած, կասկածում էի, որ երիտասարդ հանդիսատեսը կընկալի փոքր-ինչ միամիտ հումորը, կսիրի այս մարդկանց (խոսքը ներկայացման հերոսների մասին է): Չէ՞ որ նրանք ուրիշ սերնդից են ու կարծես ուրիշ աշխարհից: Տարեցները նրանց ճանաչում են, ինչ-որ տեղ կարոտախտ ապրում, իսկ երիտասարդները, նոր հանդիսատեսը… բարեբախտաբար սխալվեցի:


Թատերական արվեստը դառնում է հանդիսատեսի սեփականությունը շնորհիվ այն բանի, որ հանդիսատեսն իրեն նույնականացնում է պերսոնաժի կամ էլ պերսոնաժների հետ: Այս միջոցով է, որ նա՝ մեծն հանդիսատեսը, կարողանում է «սողոսկել» իրադարձությունների միջավայր։ Առանց այս ամենի թատերական ներկայացումը՝ դրամատիկական թատրոնի ներկայացումը, հաջողություն ունենալ չի կարող: «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը հանդիսատեսն ընկալեց, ընդ որում` երիտասարդ, թե տարեց: Նրանք դարձան, եթե կարելի է այսպես ասել, այս «ընտանիքի» անդամ: Այս ամենին մեծապես նպաստեց դերասանների անսամբլային խաղը, բարձր մակարդակի անսամբլային խաղը: Հենց այսպիսի խաղի դեպքում է, որ չկան մեծ ու փոքր դերեր, փոքր ու մեծ դերասաններ, կա թատերախումբ, որն էլ իր հերթին հաճույք ստանալով օգնում է հանդիսատեսի նույնականացմանը: Այս մասին դեռ էլի կխոսենք:


Մի առիթով հանճարեղ դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին նշել է. «Դերասանի համար ամենադժվարը արագ ընդունելն ու արագ փոխանցելն է»: Ըստ էության, սա նշանակում է, որ չպետք է փորձես «խլել» խաղընկերոջ կտորը, նրա տեսարանը… «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը զերծ էր «իրար խանգարելու» միտումից: Ռեժիսորը այնպես էր կառուցել ներկայացումը, որ հնարավորություն էր տվել յուրաքանչյուր հերոսի ունենալ, եթե այսպես կարելի է ասել, «բենեֆիսային» իր կտորը, հատվածը, ու գրեթե բոլոր դերասաններն էլ առավել կամ պակաս հաջողությամբ խաղացին իրենց կտորները, գրավելով հանդիսատեսի միտքն ու հայացքը, չխոչընդոտվելով խաղընկերոջ ու խաղընկերների կողմից: Այսպիսով կարող ենք հաստատել, որ ի կատար է ածված ներկայացման անհրաժեշտ կռվաններից մեկը՝ միասնականություն և ամբողջականություն: Հիմա թատերայնության մասին: Մարդկանց միասնականությունը խթանող գլխավոր գործոններից մեկը թատերայնությունն է, կամ էլ, եթե կուզեք, թատերայնության գլխավոր ֆունկցիաներից մեկը մարդկանց միասնականությունը խթանելը: Թատերայնությունը, թատերական վարքը մարդուն բավականություն են պատճառում, բավարարվածության յուրօրինակ զգացում, կամ էլ հաճույք (տեսեք, կրկին հաճույք): Սա առանձնապես վերաբերում է դերասանին, բեմի վրա գործող դերասանին։ Նա մի տեսակ զգում է իր ազդեցության ուժը շրջապատի վրա: Զգում է ու հիացմունք ապրում սեփական խաղից ու ինքնարտահայտման աֆեկտից: Չեմ կասկածում, որ Արմեն Էլբակյան ռեժիսորը գիտե այս մասին: Սրա վկայություններն են նրա ներկայացումները, որոնք միշտ էլ թատերային են, երբեմն լակոնիկ ու խիստ, երբեմն էլ վառ ու գունեղ: «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը բացառություն չէ: Փորձենք բացատրել: Ներկայացման հերոսների վարքը ամեն դեպքում թատերային է, ժեստերը գունեղ, երբեմն հիպերբոլային ու գրոտեսկային: Սրանից կարելի է ենթադրել, որ այս ներկայացմանն առանձնակի թատերայնություն է հաղորդում պերսոնաժների խոսակցական ու էլ ավելի շատ ժեստային-միմիկական վարքի էֆեկտը: Հիշենք Մուրադի (Արմեն Մարության) «թաշկինակային թույլտվությունները», Արուսյակի (Աննա Էլբակյան) «գրոտեսկային ցնցումները ուշագնացությունից հետ գալիս», Երվանդի (Ալեքսան Թադևոսյան) «խորոզային շարժումները»` ժեստերը, Վարդուհու (Լուսինե Կոստանյան) «պարը» և այսպես շարունակ մինչև Մարֆա (Արաքսյա Մելիքյան), Աշխեն (Ծովինար Մարտիրոսյան)… Ասեմ, որ այսպես են կառուցված նաև մասսայական տեսարաններից շատերը՝ գրոտեսկային, պարային շարժումներ համաձայնեցված մենթալիտետին (հայ և ռուս) և իրավիճակին…


Այո, անվիճելի է, որ ժեստը որպես տեղեկատվության միջոց խոսքից բավականին աղքատ է, սակայն այն կարող է խոսքից էլ ուժեղ հնչել, հատկապես, երբ վերաբերում է էմոցիոնալ ոլորտին։ Ինչ- որ ասվեց ժեստի մասին որոշակի առումով վերաբերում է նաև լռությանը, որը կարող ենք փաստել` անհրաժեշտ գործոն է նաև դերասանների համար ժեստերի լեզվով շփվելու: Սա են ապացուցում Արմեն Էլբակյանի բեմադրած լռության տեսարանները… իմաստային, կատակերգական լռության պահեր… մասսայական լռության պահեր:
Կատակերգականը հանդիսատեսին հայտնվում է իրավիճակի օգնությամբ, բեմական խաղի, ժեստի միջոցով: Լռությունը դադար չէ, ընդմիջում չէ (որպիսին այն ընկալվում է որոշ ներկայացումների անհարկի չհաջողված միզանսցեններում): Այն գործողության շարունակությունն է, եթե կուզեք, դերասանների ինքնադրսևորման գոտիներից մեկը: Համենայն դեպս, «Հարսնացու հյուսիսից» ներկայացման մեջ մենք սա ենք տեսնում, տեսարաններ, որտեղ յուրաքանչյուրը լռում է յուրովի, իր տեսակին, իր կերպին համապատասխան: Հենց այս լռությունն է, որ ծնում է մի նոր կատակերգական երկխոսության սկիզբը: Այս ամենն իհարկե տրամաբանական է, ինչպես նշել է Մոլիերը` «որպեսզի հասկանանք ծիծաղելին, անհրաժեշտ է հասկանալ տրամաբանականը»: «Հարսնացու հյուսիսից» ներկայացման լռության տեսարանների դեպքում այս խոսուն լռությունն ինչ-որ ելքի որոնում է, ու այդ «լարված սպասման» կատակերգական լռությունն ընդհատվում է Արուսի ոչ պակաս ծիծաղելի հնչող «տնական սուջուխ կուտես» անհեթեթ խոսքերով, և հանդիսատեսը սա տրամաբանական է ընկալում, տրամաբանական ու զվարճալի: Արուսը մեզնից մեկն է, Մուրադը մեզնից մեկն է, ու այս միջոցով ու նրանց օգնությամբ մենք ինքներս մեզ ենք գտնում ու ճանաչում, մեր ընտանիքի անդամներից մեկին ենք ճանաչում: Եթե խոսք գնաց ընտանիքի մասին, կարծում եմ ճիշտ ժամանակն է խոսել ներկայացման միզանսցենի, բեմական կառույցի վերաբերյալ: «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը հիմնականում կառուցված է հենց երկրորդ պլանում, որը կոչվում է նաև ընտանեկան պլան: Այս պլանում է, որ ստեղծվում է ոչ բազմաքանակ մարդկանց խմբի մթնոլորտ, ու հենց երկրորդ պլանն է հնարավորություն տալիս ընկալելու մարդուն՝ պերսոնաժին, ամբողջականությամբ, շեշտադրելով նրա ժեստերը, ինչ-որ առումով միմիկան ու շարժումները: Երկրորդ պլանը տալիս է նաև կոմպոզիցիոն բավականին մեծ տարածք ու շարժման ազատություն: Սակայն չշեղելով ուշադրությունը ավելորդ մասշտաբայնությամբ (որը հատուկ է 3-րդ, 4-րդ և այլ պլաններին)… Իհարկե, մեր կողմից «բենեֆիսային եզրույթը» ստացած տեսարաններում Էլբակյան ռեժիսորն օգտագործում է նաև առաջին պլանն ու ինչ-որ տեղ ավանսցեն կոչվածը: Հենց տեսողական այս դաշտում է, որ հանդիսատեսն առավել մեծ հնարավորություն ունի ուսումնասիրելու այս կամ այն հերոսին, նրա ներքինն ու աչքերը, այսպես կոչված, հոգու հայելին… Սակայն Էլբակյանը չի շահագործում առաջին պլանը, առավել ևս ավանսցենը: Սրա կարիքը չկա էլ: Ներկայացումը մի մարդու մասին չէ, մի հերոսի մասին չէ, այն բավականին աշխույժ է, ռիթմիկ, երաժշտական: ՈՒժգին ու երկարատև շարժումները, որոնք կատարվում են հանդիսատեսի «քթի տակ» հոգնեցնում են, դժվարացնում ընկալումը: Խոսենք նաև շարժման մասին, բեմական շարժման: ՈՒղիղ գծով շարժումը գեղեցիկ է, ասկետիկ, ներկայացմանը հաղորդում է որոշակի չորություն, խստություն: Այսպիսին չէ և չի կարող լինել «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը: Այն առավել երաժշտական է (ուղիղ իմաստով չհասկանաք), ավելի մեղմ ու ըստ այդմ էլ պահանջում է շարժման այլ գրաֆիկա, եթե կուզեք երաժշտականություն: Հենց այսպիսին է կիսաշրջանաձև կամ կոր կոչվող շարժումը:

Ընդհանուր բեմական շարժման գրաֆիկան այս տեսանկյունով է կառուցել ռեժիսորը: Սա չի նշանակում, որ ներկայացման յուրաքանչյուր հերոս, կերպար պիտի ունենա շարժման նույն ուղղագիծը, ընթացքը: Այսպես, Նատալյան (Ալլա Վարդանյան)` փոքր-ինչ չոր ու խիստ հերոսուհին, ունի շարժման իր ուղղագիծը, որը պիտի լինի չոր ու ասկետիկ: Արուսը կարող է շարժվել և կոր գծով, և կիսաշրջանով, Մուրադը` երբեմն ուղիղ, երբեմն կիսաշրջան: Խոսքը ներկայացման ընդհանուր շարժմանն է վերաբերում: Սակայն ռեժիսորը չէր կարող ուշադրություն չդարձնել դետալներին, հենց այս մանրուքից, դետալներից է կառուցվում ամբողջական ներկայացումը, հենց մանրուքն է, որ կարևորվելով օգնում է ընդհանուր միզանսցենի կառուցմանը: Եվս մեկ դիտարկում: Բեմադրիչը, ըստ իս, համաձայն է այն մտքին, թե լավ է այն ներկայացումը, որն ինչ-որ տեղ կինո է հիշեցնում… Կինոյի (խոսքը «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի մասին չէ) ինչ ու ինչ տարրեր օգտագործված են այստեղ: Իսկական «Մոսկվիչի» հայտնվելը, պտտվող բեմը, որի օգնությամբ մենք կարծես ոչ թե տեսարանների փոփոխությանն էինք ներկա, այլ կադրերի… Այսուհանդերձ թատրոնը թատրոն է, կինոն` կինո: Թատրոնն ավելի շատ հիպերբոլի չափազանցության կարիք ունի, նշանակում է հենց թատերայնության կարիք: Կարծում եմ, որ ներկայացումը դրա վառ ապացույցն է:
Ոչ մի ներկայացում անթերի չի կարող լինել, այս ներկայացումը նույնպես: Կարելի է նշել որոշ տեսարանների ձգձգվածությունը, նաև այն, որ դերասանական խոսքը երբեմն հանդիսատեսին չի հասնում: Այսուհանդերձ մենք համոզված ենք, որ հաջողված է այն ներկայացումը, որը մարդկանց ավելի բարի է դարձնում, գոնե այն ժամանակահատվածում, որի ընթացքում նա դիտում է բեմում կատարվող հրաշքը… «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը մեզ պարգևեց բարության առնվազն 130 րոպե…


Դիանա ՀԱԼԻՍ
Ռեժիսոր, արձակագիր

Դիտվել է՝ 3624

Մեկնաբանություններ