Ֆրանսիայի «Յառաջի» փոխանցմամբ՝ հունիսի 28-ին Փարիզում տեղի ունեցավ «Թումո-Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի-Լու Փափազյանի ներկայությամբ: Արարողության ժամանակ հայտարարվեց, որ «Թումո-Փարիզ»-ն իր աշխատանքները կսկսի սեպտեմբերի 25-ից՝ Forum des Images կենտրոնում, Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: «Թումո-Փարիզ»-ը «Թումո» ստեղծարար արհեստագիտությունների կենտրոնի միջազգային առաջին կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-18 տարեկան 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, ի շարս որոնց՝ ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, կենդանապատում, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ ձևավորում, նկարչություն և երաժշտություն:
«Թումո-Փարիզ»-ը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Հիդալգոյի` «Թումո»-ն պիտի դառնա երիտասարդության հաղորդակցության խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ, այլև կկարողանան իրագործել իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:
Կենտրոնի բացման գաղափարը ծնվեց 2016-ին, երբ Թումո-Երևան իր այցի ժամանակ, գաղափարով սքանչացած, Անն Հիդալգոն կենտրոնի պատասխանատու Մարի-Լու Փափազյանի հետ համաձայնեց Փարիզում ևս նման կենտրոն բացել: Աշխատանքային բազմաթիվ այցերից հետո ծրագիրը համապատասխանեցվեց ֆրանսիականին, և այսօր բոլոր հարմարությունները ապահովելուց հետո «Թումո-Փարիզ»-ը արդեն պատրաստ է բացման: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո-Երևան` սկսելու վերապատրաստման աշխատանքները։ ««Թումո-Փարիզ»-ի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է,- ասել է Մարի-Լու Փափազյանը:- Այս քայլով սկսվում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա «Թումո»-ի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 «Թումո» կենտրոններ բացելու համար անհրաժեշտ նյութական և մարդկային ներուժը»։