Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Դեմքին լույս էր, որի շնորհիվ շարունակում է մեր մեջ ապրել՝ այսօր էլ ցրելով մեր ճանապարհի խավարը»

«Դեմքին լույս էր, որի շնորհիվ շարունակում է մեր մեջ  ապրել՝ այսօր էլ ցրելով մեր ճանապարհի խավարը»
28.09.2018 | 11:56

Վերջերս լույս է տեսել Հարություն Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքը, որը շատ արժեքավոր, ուսանելի և հետաքրքիր ժողովածու է. ներառում է գրող Մկրտիչ Սարգսյանի հետ հեղինակի երկարամյա շփումների ընթացքում ծնված հարցազրույցները, գրողի «Քաջ Նազարը», «Սերժանտ Կարոն», «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածները» վեպերի համով-հոտով վերլուծություններն ու մեկնաբանությունները:
«Ինձ, որպես ստեղծագործողի, գրի ու գրչի մարդու, հետաքրքրողը և ուրախություն բերողը մեր հոգիների հաղորդակցությունն էր,- գրում է Հովնաթանը գրքի մուտքում:- Մկրտիչ Սարգսյանն ինձ համար սոսկ զրուցակից չէր, մարդ էր, որ գիտեր կարեկցել, հոգի էր, որի հետ աղերս ուներ հոգիս, աչք էր, որ նայում էր աչքիս. բարի էր նայում. ինքս ինձ տեսնում էի ներսով ու դրսով, որովհետև հայտնվում էի լույսի մեջ: Կարծես իմ սրտից ջուր խմելով էր խոսում, կարծես լսում էի ինքս ինձ»:
«Գրավոր խոսքի պարագայում գրողն ինքն է իրեն պեղում, զրույցի ժամանակ գրողի ներաշխարհի հարստությունը պեղող, արևերես հանողը զրուցակիցն է: Խոսողին խոսեցնող միշտ էլ հարկավոր է: Զրուցակիցն է, որ տեսնելու և տեսնել է տալու ոչ միայն գրողին ու մտածողին, այլև մարդուն ու քաղաքացուն»,- այս է Հովնաթանի սույն առաքելության նպատակը, և պիտի ասել, որ նա այդ բանը կատարել է ավելի քան արժանապատվորեն:
Մկրտիչ Սարգսյանի հետ ունեցած զրույցները հիմնականում տեղի են ունեցել գրողի տանը, ասել է թե՝ ընտանեկան մթնոլորտում: Երբեմն զրույցին միջամտել և իր խոսքն է ասել տիկին Ելենան, իսկ երբ ավելի առաջ է գնացել, Դիվինի որդի Մկրտիչը շեշտակի հայացքով հասկացրել է նրան՝ դե՛, դե՛, Ելենա, գնա խոհանոց, մի բան պատրաստիր մեզ համար…


Գրքի՝ «Մկրտիչ Սարգսյան մարդը» խորագրով գրառումներում կարդում ենք. «Ով հիշում-տեսնում է, վկայելու է՝ Մկրտիչ Սարգսյան մարդու դեմքը սրբագործված էր և չուներ նենգության նշույլ: Փոխարենը դեմքին լույս էր, որի շնորհիվ շարունակում է մեր մեջ ապրել, այսօր էլ՝ ցրելով մեր ճանապարհի խավարը: Տեսնում եմ ոչ միայն ինձ ընկալող հայացքը, այլև սպիացած ձեռքը: Տեսնում եմ իրեն իր իսկ երկրային կառույցով, լսում եմ ձայնը, որ ձայնն է կարոտի ու կարեկցանքի, ձայնն է արթնության ու արդարության, ձայնն է Ջավախքի ժողովրդի ու երկնամերձ բնության, ձայնն է ռումբի պայթյունի և խաղաղության, ձայնն է հայոց հայրենիքի, հայ ժողովրդի և հավիտենության: Իսկ ձայնը մարդն ինքն է, մարդու էությունն է, բնավորությունը: Առաջ, երանելի մի ժամանակ, ես այդ ձայնը լսում էի երկրի վրա,- գրում է Հովնաթանը,- իսկ այժմ ինձ այն հասնում է երկնքից, բայց դարձյալ՝ մարդկային, երկրային: Ինձ համար այդ ձայնը կյանքի արժեք ունի, ապրեցնում է, այլապես ոչ կլսեի և ոչ էլ կվկայեի ձայնի մասին»: Ավելի լավ դժվար է ասել:


«Այն հարցին, թե ով է Մկրտիչ Սարգսյանը, ստույգ և սպառիչ պատասխան չեմ գտնելու,- ասում է Հովնաթանը,- չգիտեմ, շատ բան չգիտեմ Մկրտիչ Սարգսյան մարդուց, միայն մի բան գիտեմ. եթե տրտմած էի, անտրամադիր ու նաև հուսահատ, գնում գտնում էի նրան, և իմ ներաշխարհը փոխվում էր, ժպտում էի: Գնում տեսնում էի մարդու, որ հեղինակություն էր, հեղինակավոր գրող: Իսկ իր անձն ուշադրության և առանձնակի պատվի չէր արժանացնում: Հիմա հարցնում եմ ինքս ինձ՝ ինչու՞: Փորձեմ պատասխանել: Ինքն իրեն, իր արածը գնահատելու, պատվական համարելու միտում չուներ, ուշադրությունն իր անձի վրա չէր սևեռում, որպեսզի լիարժեք և, բանաստեղծի ասած, անանձնական ուրախությամբ կատարեր այն, ինչի համար կոչված էր: Նա գիտեր, որ իր կյանքը շարունակվող ընթացք է, որ ինքը վազքի մեջ է, հոգևոր վազքի մեջ, և դեպ իր անձը դառնալը խանգարելու է հոգու աշխատանքին: Խորապես գիտակցում էր նաև, որ իր գրելու, գործելու շնորհք-շնորհը Աստծո նվեր է: Ոչ միայն ուղիղ խոսեց, այլև ուղիղ ապրեց ու գործեց:


Մկրտիչ Սարգսյանը բանավոր խոսքի մեջ էլ նույն պարզ ու բարի էությունն էր: Մարդ էր, որ բարդույթներ չուներ, հետևաբար ցուցադրական կեցվածք չուներ: Գրող չէր խաղում, գրող էր: Բարեկամ չէր խաղում, բարեկամ էր: Բարի երևալու խնդիր չուներ, բարի էր: Երբ ժողովրդի առաջ հանդես էր գալիս, իր իսկ առաքինի վարքով, խոնարհ պահվածքով ու պարզ խոսքով գրավում էր ամեն մեկի սիրտը: Ժողովուրդն իսկույն զգում էր, որ դիմացինն իրենն է, իր զավակը: Ոչ թե ճառ էր ասում, այլ սիրտը բաց էր անում, պարզապես զրուցում էր: Ամեն մարդ կարող էր նրան մոտենալ և մտերմաբար ասել. «Ինչպե՞ս եք, ընկեր Սարգսյան»:
«Մկրտիչ Սարգսյանը սրբությամբ էր մոտենում իր ստեղծագործությանը, նույն սրբությունը պահում էր նաև ընկերական հարաբերություններում: Ընտանեկան սրբություն ուներ, մի բան, որ, ցավոք, սերնդակիցներից քչերն ունեին: Որպես գրող՝ իշխանություն ուներ, որը նույնպես ծառայեցնում էր ազգային գրականության ստեղծմանը, նրա շահերին:
Ասել են, ասում են, ասելու են. «Գրողի գործը ճշմարտությունն ասել, արտահայտելն է»: Մկրտիչ Սարգսյանը բնույթով բարի էր, նրա բարությունը ժառանգական էր, նախնիներից եկող: Ահա այդ ազնվական բարությունն է, որ այսօր պակասում է այս աշխարհին, ահա այդ բարության կարոտից է, որ Մկրտիչ Սարգսյանի ներկայությունը մարդիկ պահում են իրենց մտքի և սրտի մեջ:


Ինչ անում էր, թեթև էր անում, սահելով: Նայելիս էլ չէր ճնշում, բանը ճշտում էր: Քո սայթաքման, քո անկման, քո սխալի մեջ քեզ տեսնելիս երբեք ցավ չէր պատճառում, ցավակից էր լինում, կանգնում կողքիդ: Կյանքի ծարավ ուներ, ծարավ, որ ծնունդ էր պարտքի ու սիրո զգացման: Դրսից հանդարտ էր, ներսից՝ փոթորկոտ: Շատ բան կարող էր լքել նրան՝ հիշողությունը, կյանքը, բայց ոչ երբեք սերը: Ահա այդ սիրուց է, որ ծիլ տվին, ծաղկեցին հիշողության դաշտի այս ծաղիկները, ի մի եկած, փունջ դարձած ծաղիկները, որ ժպտալու, բուրելու են շարունակ, քանի որ թոշնել, դալկանալ, թառամել չունեն: Եվ այդ ծաղիկներն առանց գրողի ստեղծագործությունների դժվար է պատկերացնել, որոնք Հարություն Հովնաթանի հմուտ մեկնաբանություններով նոր երանգով են բացվում ընթերցողի համար:
Այսպես, «Քաջ Նազար» հեքիաթ-վիպակում մենք գործ ունենք Նազար հազարմեկերորդի հետ, որը շարքային մարդ է, ոչ այնքան շատ վախկոտ, ոչ այնքան շատ անխելք ու հիմար, այլ շարքային մեկը, որի բախտը պարզապես բերել է, և հրաշքով հայտնվել է թագավորի գահին: Սա այն դեպքը չէ, որ ինքը գոհ է դրանից և իրեն համարում է միակ արժանավորը: Ոչ, նրա միտքը մեկ-մեկ պայծառանում է, մտածում է նույնիսկ հրաժարվել գահից, սակայն այդ բանը նրան անել թույլ չի տալիս արդեն իսկական վախը: Որովհետև հասկանում է, որ նման քայլ անելուց հետո իրեն անմիջապես կսպանի իր շրջապատը (Գոռգոռը, Փսփսը, Դղիրդը):
Այս Նազարը շատ է տարբեր իր նախորդներից, գուցե նաև հաջորդներից, ինչ իմանաս: Նա ոչ մի ժողովրդի չի կոտորում, չի նվաճում, առաջարկում է ընդամենը դառնալ իր ժողովուրդը, և նրանք սիրով համաձայնում են:
Նազարը հետաքրքրվում է, թե ինչպես է վարձահատույց լինելու իրեն անվարձահատույց ծառայող նախարարներին: Նախարար Դղիրդը ոչ միայն հրաժարվում է իր վարձից, այլև նրան է փող տալիս. «Թող տերն իր մոտ միշտ փող ունենա»: Նրանց զրույցն ավարտվում է Դղիրդի հետևյալ ամփոփիչ խոսքով. «Եղավ, տեր իմ: Մենք առաջ կընկնենք և քո անունը կտանենք հանձնելու աշխարհին: Դու քո անվանդ հետևից կամաց արի»:
Ամեն ինչ վճռված է, մնում է ընդամենը, որ Նազարը կարողանա ժամանակին իր անվան հետևից գնալ: Որը և նա, ըստ էության, անում է:


Այդպես ամբողջ աշխարհն իր թագավորության տակ առնելու խաղաղ գործը շարունակվում է մինչև այն ժամանակ, երբ Նազարաշենից պալատ է գալիս Ուստիան-Նազանը: Նազարը նրան սիրով ընդունում է, թագուհի կարգում, և կյանքը շարունակվում է իր բնական հունով այնքան, որ Նազարը հայրանում է, աշխարհին պարգևում իր ժառանգին, որ աշխարհն իր նման տեր ունենա, անտեր չմնա:


Հասկանալի է, որ սա նազարականության հավերժականության մշտական թեման է, որը Սարգսյանը մեկ անգամ ևս արձանագրում է իրենավարի:
Ժամանակ անց Նազանը հայտնվում է հոգեբուժարանում, այդ վճիռը կայացնում են պալատականները, որովհետև նա չարախոսում է իրենց թագավորին, իսկ թագավորը չի ուզում նրա մահը:


Այս գործի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ուշադիր ընթերցողը նրանում չի կարող չտեսնել գրողի ժամանակի մի շարք պետական այրերի: Եվ պետք չէ բոլորովին զարմանալ, որ Շիրազն այս առիթով ասել է. «Մկրտիչն էդ ոնց է գրել, էդ ոնց է գրել «Քաջ Նազարը»»: Ավելացնենք ընդամենը, որ Հարություն Հովնաթանն էլ այդ ամենն այնքան պատկերավոր է ներկայացնում այս գրքում, որ նրա ապրումներն ու խոսքը նույնքան կարևոր ու արժեքավոր են և առիթ են մեկ անգամ ևս ըմբոշխնելու այս հրաշալի գործը՝ նաև նրա նրբանկատ և իմաստուն մեկնաբանություններով: Դժվար է նրան մեկ անգամ ևս չասել շնորհակալություն այն բանի համար, որ այդ ամենը Հարությունն անում է անցյալի հայ բազմաշերտ գրականության մեջ տեղ գտած համապատասխան նյութի հետ համադրելով, բազմաթիվ զուգահեռներով և հերթական անգամ բացահայտում է գրող Մկրտիչ Սարգսյանի աստվածաշնորհյալ լինելու հանգամանքը:


«Սերժանտ Կարոն» աշխույժ հետաքրքիր, փոքր-ինչ ինքնակենսագրական բնույթի վեպ է:
Կարոն Հայրենական մեծ պատերազմ զորակոչված հարյուրհազարավոր հայերից մեկն է, խորհրդային մեծ բանակի շարքային զինվորներից: Բայց դա այդպես է միայն արտաքուստ: Որովհետև գրողի գրչի տակ Կարոն դարձել է հայ զինվորի հավաքական կերպար: Ջավախքեցի է, բայց ներկայանում է որպես երևանցի, որովհետև Երևանը Հայաստանն է, միայն նրանով կարող ես ներկայացնել հային ու հայ զինվորին: «Երևանը աշխարհին է հայտնի, Երևանը հայրանվան պես մի բան է»,- ասում է: Բայց դա չի խանգարում, որ նա իր տան ու երկրի կարոտն առնի, հարազատի նման ջերմ ու հոգատար լինի իր հայրենակցի նկատմամբ:


Սերժանտ Կարոն «լեզու» բերող է և իր գործը լավ է անում: Խոհարարուհի Մարուսյային, որն իր վրա անթաքույց սեր է գցել, խաբած և հայրենիքին դավաճանած կապիտանին ինքնագլուխ գնում բերում է՝ Մարուսյայի մուռը հանելու համար՝ «էդ աղջկա արտասուքը ինձի կերավ»: Այդ արարքի համար նրան պարգևատրում են «Կարմիր աստղի» շքանշանով: Բայց երբ գեներալը նրան նախատում է ինքնագլխության համար և ասում, որ հակառակ դեպքում ավելի բարձր պարգևի կարող էր արժանանալ, Կարոն պատասխանում է. «Ես պարգևի համար չէ, որ կկռվիմ, ես հայրենիքիս համար կկռվիմ»:


Սերժանտ Կարոն՝ Ջավախքի կարոտով այրվողը, թողել է հայրենի Ջավախքը և եկել Երևան: «Ախր, ինչու՞ բոլորս, խոսքը մեկ արած, եկանք քաղաք, չհասկացա: Ինձի կթվա, թե ես նորեն ֆրոնտում եմ, և պատերազմը վերջացել է, տուն պիտի երթամ: Աչքս գեղի վրա է… Արմատս հողի մեջ է, մեր դուռը… Մեր թոնիրն անկրակ, անծուխ, մեր տունը անմարդ, անշունչ… Հողի սրտին դիպա, էն էլ աչքիս նեղացածի պես կերևա: Հողին պարարտանյութ պետք չէ, իմացիր, քրտինք է պետք: Հողեն մենակ առնել չի լինի, հողին տալ է պետք: Հողը քեզի կապրեցնի, դու էլ իրեն պիտի ապրեցնես»:
Սա ազգային մեծ ցավի ուրույն մի դաշտ է, որի մեջ խորանալիս շատ հեռուն կգնանք: Դա խոսակցության առանձին նյութ է: Ուստի դառնանք մեր սերժանտ Կարոյին, որն արդեն Խորհրդային Միության հերոս է՝ հետմահու, Կարո Զարգարյան: Իր գերեզմանին պսակ է դրել, պատվո պահակ կանգնել:
Պատահածը սխալմունք է, ինքը հրաշքով ողջ է մնացել, բայց ոչինչ չի արել այդ սխալն ուղղելու համար. «Հետմահու կյանքը շատ հետաքրքիր է: Հիմի, ախպերս, մահվանս հաշվին կապրիմ, միակ մարդն եմ, որ կվայելեմ հետմահու կյանքը»: Բայց մի բան հաստատ է. «Հերոս չեմ… Քանի ողջ եմ, շարքային մարդ եմ»:


Հաջորդ երկու գործերը, որ Հարություն Հովնաթանը քննարկում է, գրողի՝ պատերազմական թեմայով «Կյանքը կրակի տակ» և «Ճակատագրով դատապարտվածները» վեպերն են, որոնք, պիտի արձանագրել, իրենց վավերական ճշմարտացիությամբ անգերազանցելի են: Այստեղ միահյուսվել են հեղինակի տեսածը, ապրածը ու գրողական բարձր արվեստը: Գրողն ապրել է վեպերի յուրաքանչյուր դրվագ, սեփական աչքերով տեսել ու նյարդերով զգացել է, թե որքան տարբեր են իրենց կյանքը հայրենիքի ազատագրմանը զոհաբերող զինվորների ճակատագրերը, և որքան նույնական՝ նրանց նվիրումը:
Պատերազմը զարմանալի մի իրականություն է. այն կարող է ավարտվել միայն ֆիզիկապես, բայց բոլոր նրանց հոգիներում, որոնք ապրել են այդ դաժան իրականությունը, այն երբեք չի ավարտվում. ապրում է նրանց հոգու մեջ, նրանց հիշողություններում, զոհված ընկերների հանդեպ ունեցած ապրող պարտականություններում: Ամենուրեք:


«Ես գրում եմ իմ օրագիրը և գիտեմ՝ ով չի եղել ռազմադաշտում, դժվար թե ըմբռնի այս մեծ փորձությունը, որին ենթարկվում է այսօր մարդու հոգին: Սպանում են իրար, սպանում եմ ես էլ, սակայն մարդասպանությունն իմ արհեստը չի: Սպանելով սպանողին՝ ես կռվում եմ սպանելու դեմ և երբեք՝ սպանելու համար: Ահա այս է իմ և թշնամու տարբերությունը»:
«Իմ սերնդի ուղին դաժան ու հերոսական եղավ: Իմ սերնդակիցներն այժմ հայրեր են: Սակայն ավելի շուտ պատմություն են նրանք՝ եղբայրական գերեզմաններ, աղբյուր-հուշարձաններ, հետմահու հերոսներ… դափնեկիրներ, հետմահու արդարացված «մեղավորներ» և, վերջապես, տան մեջ մեծացրած և սրբացած լուսանկարնե՛ր, քան հայրեր: Հերոսանալու բախտ շատերն ունեցան, հայրանալու բախտ՝ քչերը: Քչերը ողջ մնացին: Բայց մնաց գլխավորը՝ երբեք չմակարդվող արյունը»:


Այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի, կյանքը շարունակվում է, շարունակվում է նաև կրակների տակ: Այս է Մկրտիչ Սարգսյանի ապրեցնող հավատամքը պատերազմական թեմաներով գրած բոլոր ստեղծագործություններում: Դրա լավագույն արտահայտություններից մեկը, թերևս, պատերազմի ամենաթեժ պահին ծնված երեխային ուղղած նրա խոսքն է «Կյանքը կրակի տակ» վեպում. «Այդ մենք ենք շնորհակալ քեզ, փոքրի՛կս, քո կենսահաստատ ճիչի համար, որ մի քանի օր շարունակ սավառնում էր մեր նահանջող, ջախջախված, իսկ այնուհետև՝ հարձակվող շարքերի վրա, որպես կյանքի և հաղթանակի հավերժող հիմն»:


Ավարտելով մեր այս անդրադարձը Հարություն Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» հրաշալի գրքին՝ մեկ անգամ ևս ցանկանում ենք արձանագրել հեղինակի հսկայական աշխատանքն ու նախանձելի նվիրումը գրող Մկրտիչ Սարգսյան մարդուն, քաղաքացուն, հասարակական գործչին ու գրողին, հակառակ դեպքում՝ դժվար է պատկերացնել այն հոգեհարազատությունն ու ջերմությունը, որոնցով լեցուն է այս ժողովածուն՝ առաջին տողից մինչև վերջինը, որոնք առանձնահատուկ համ ու հոտ են տալիս Հարությունի իմաստուն ու համընդգրկուն մեկնաբանություններին:


Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ
«Հայկական հանրագիտարան հրատարակչության»
գլխավոր խմբագիր-տնօրեն

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ