Հայաստանում բազմաթիվ երեխաներ դուրս են ընտանեկան խնամքից: «Երևան» քառակը որոշել է բարեգործական համերգով մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել այս երեխաների խնդիրների վրա:
Հոկտեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա «Երևան» քառակի համերգը, որի ողջ հասույթը կտրամադրվի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Քառյակի հիմնադիր Նարեկ Սահակյանի խոսքով համերգն ունի հստակ ուղերձ: «Քանի որ մեր երկիրն անցումային, քաղաքական թոհուբոհի ժամանակաշրջանում է, հասարակության խոցելի խավը, մասնավորապես առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամություն ունեցող երեխաները հայտնվում են ստվերում: Որպես արվեստագետներ՝ մեր գործով ուզում ենք հիշեցնել այս խնդրի մասին, նաև մեր քայլն անել՝ նրանց կողքին այս շրջանում գտնվելու համար», - նշեց Նարեկ Սահակյանը:
«Երևան» քառակի կազմում եմ Նարեկ Սահակյանը (առաջին ջութակ), Արտաշես Մելիքյանը (երկրորդ ջութակ), Վերոնիկա Վարդպատրիկյանը (ալտ), Միքայել Նավասարդյանը (թավջութակ): Խմբի երկրորդ ջութակահար Արտաշես Մելիքյանն էլ նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են ժամանակակից կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի, ինչպես նաև Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները: «Քառյակի նպատակն է տարածել հայ կոմպոզիտորների հաջող ստեղծագործությունները, որոնք մոռացության են մատնված: Օրինակ, Արտեմի Այվազյանը երկու շատ գեղեցիկ քառյակ է գրել, բայց ձանագրությունները շատ քիչ են: Մեր նպատակն է նաև հնարավորություն տալ լսել այդ երկու կոմպոզիտորների գեղեցիկ գործերը», - նշեց Արտաշես Մելիքյանը: «Երևան» քառակի բարեգործական համերգային փորձն առաջինն է, սակայն ոչ վերջինը: Քառյակը հուսով է՝ այսօրվա երեկոն որպես օրինակ կծառայի և կոգեշնչի նաև մյուսներին՝ աջակցել կարիքավոր երեխաներին: