2004 թվականին իմ «Օթյակ» հեղինակային շարքում հաղորդում պատրաստեցի ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մասին:
Գագիկ Ղազարյան -Ճանաչված ու սիրված երգչուհի, հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը հինգ տասնամյակից ավելի բեմում է: Նա երգել է մեծն Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգի-պարի վաստակավոր անսամբլում, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլում, մենահամերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում:
Վարդուհի Խաչատրյան -Ինչպես սկսեցի երգել: 8 տարեկան էի, երբ գնացի դպրոց: Մեր ընտանիքն ապրում էր Լենինականում: Այդ դպրոցը շատ մեծ մարդիկ էին ավարտել՝ Հովհաննես Շիրազը, Ալեքսանդր Համբարձումյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը և ուրիշներ:
Առաջին դասին ուսուցչուհին հարցրեց. «Երեխաներ, ով ի՞նչ է ուզում դառնալ»: Ես շատ աշխույժ և համարձակ երեխա էի, առաջինը ձեռք բարձրացրի:
-Ես ուզում եմ երգչուհի դառնալ,- ասացի:
-Երգչուհի՞,- հարցրեց ուսուցչուհին:- Իսկ դու երգել գիտե՞ս:
-Իհարկե գիտեմ:
-Դե արի գրատախտակի մոտ ու երգիր:
Ես երգեցի.
Ծիտիկ եմ, ծիտվիտիկ եմ:
Մոր բերած եմ, հոր պահած եմ:
Ազիզ նանի խաղցրած եմ:
-Հոյակապ է,- ասաց ուսուցչուհին:
Իսկ դասարանը ծափահարեց:
-Իսկ ուրիշ երգ գիտե՞ս,- հարցրեց ուսուցչուհին:
-Այո,- պատասխանեցի ու երգեցի.
Կախված է ճյուղից ճոճը ծիտիկի:
Փչիր, հովիկ, փչիր, ճոճն օրորիր:
Տանի-բերի, նանի ծիտիկն անի:
Դասարանը կրկին ծափահարեց, իսկ ուսուցչուհին ասաց. «Դու դարձա՜ր երգչուհի»: Ոչ թե դու կդառնաս, այլ դու դարձա՜ր... ՈՒսուցչուհին շարունակեց. «Էլ ով ի՞նչ է ուզում դառնալ»:
Կողքիս մի տղա էր նստած, անունը Սաշիկ: Նա ասաց. «Ես ուզում եմ նկարիչ դառնալ»:
Հետագայում այդ տղան մեկնեց Լենինգրադ, ավարտեց այնտեղ գեղարվեստի ակադեմիան: Վերադառնալով Հայաստան, իր վարպետությունը հղկեց Մարտիրոս Սարյանի մոտ: Դա մեր ճանաչված նկարիչ, հանրապետության վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն է: Իմ բեմական գործունեության 50-ամյակի առթիվ նա ստեղծեց իմ դիմանկարը և նվիրեց ինձ:
Գ.Ղ. -Վարդուհի Խաչատրյանը բազմակողմանի օժտված անհատականություն է: Նա ոչ միայն երգում է, այլ ստեղծել և ղեկավարում է «Վարդենի» համույթը, ուր միայն աղջիկներ են նվագում, ստեղծել է ռոմանսի դպրոց, որն իր անունն է կրում: Վարդուհի Խաչատրյանը գրում է՝ նա երեք գրքի հեղինակ է. «Ռոզան Վարդուհու մասին» (ինքնակենսագրական), «Դու նորից եկել ես...» (Նիկոլ Գալանտերյանի մասին), և գիրք իր ուսուցչի՝ Թաթուլ Ալթունյանի մասին:
Վ.Խ. -Իմ իսկական անունը Ռոզա է: Ինչպես եղավ, որ ես կոչվեցի Վարդուհի: 1956 թվականն էր: Ես և ամուսինս աշխատում էինք երգի-պարի անսամբլում: Անսամբլը նոր էր վերադարձել Մոսկվայից, ուր մասնակցում էր հայ գրականության ու արվեստի երկրորդ տասնօրյակին:
Այդ տարիներին մի լավ ավանդույթ կար՝ շաբաթ և կիրակի երգի-պարի անսամբլը հանդես էր գալիս ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:
Համերգներից մեկի նախօրյակին Թաթուլ Ալթունյանը շատ հուզված եկավ փորձի. «Երեխաներ,- դիմեց մեզ,- վաղը հյուրեր ունենք՝ 15 հոգևորական արաբական երկրներից: Մենք բարձր պետք է պահենք անսամբլի պատիվը»:
Մենք էլ հուզվեցինք: Այդ ժամանակ մենք չգիտեինք ինչ է Սփյուռքը, նրանք էլ չգիտեին ինչ է Սովետական Հայաստանը:
Համերգի օրը 15 գեղեցիկ հոգևորականներ փարաջաներով զբաղեցրին իրենց տեղերը կառավարական օթյակում: Առաջին բաժնի վերջին համարը «Ծիծեռնակն» էր: Հաղորդավարը հայտարարեց. «Ծիծեռնակ», երգում է Ռոզա Խաչատրյանը»: Այն ժամանակ դեռ կոչում չունեի: Դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց կատարումս: Ընդմիջմանը Ալթունյանը «Ռոզա, Ռոզա, Ռոզա...» բացականչելով մոտեցավ ինձ ու ասաց. «Ռոզա, քեզ հետ ուզում են խոսել»: Մտքովս ինչ ասես չանցավ: Հետո մտածեցի. «Երևի ամուսնուս՝ Դավթի բարեկամներն են»: Դավիթը նոր եկած էր համարվում: Պարսկաստանից էր եկել: Ինձ մոտեցավ հոգևորականներից մեկը և ասաց. «Աղջիկս, դու հայկական բեմում երգում ես ռուսական անունով: Սիրելիս, չէ՞ որ այդ Ռոզան մեր գեղեցիկ վարդն է»: Նա վզից հանեց ոսկե խաչը, ասաց. «Օրհնած խաչ է: Այս վայրկյանից ես օրհնում եմ քեզ՝ Վարդուհի, կկրես այս խաչը և այլևս չլսեմ, որ քեզ Ռոզա հայտարարեն»:
Երկրորդ բաժինը սկսվում էր «Կռունկով»: Հաղորդավարը հայտարարեց. «Կռունկ», երգում է Վարդուհի Խաչատրյանը»: Այդ օրվանից անունս փոխվեց: Այդ մասին ես գրել եմ «Ռոզան Վարդուհու մասին» գրքում:
Գ.Ղ. -Վարդուհի Խաչատրյանի ամուսինը՝ Դավիթ Վարդանյանը, հայ մտավորական էր, արվեստագետ: Նա երգել է երգի-պարի անսամբլում, Հայաստանի պետական երգչախմբում:
Վ.Խ. -Դավիթը նաև տաղանդավոր մարզիկ էր, շտանգիստ: 1944-ին Իրանի ծանրամարտի եզրափակիչ մրցմանը ներկա էր և երկրի շահը: Նա պետք է հատուկ նվեր հանձներ հաղթողին: Իհարկե, բոլորի ցանկությունն էր, որ հաղթող դուրս գա պարսիկ մարզիկ: Սակայն պարսիկներից ոչ մեկը չի բարձրացնում նշված ծանրությունը, և հաղթում է Դավիթը: Շահը նրան է հանձնում գեղեցիկ պարսկական սափորը: Դավիթը գեղեցիկ ձայն ուներ, գեղեցիկ բաս էր: Կյանքիս ընթացքում շատ ձայներ եմ լսել, բայց նրանն ուրիշ էր, երկրորդը չկար: Հարուստ ներքին ուներ ու շատ բարի էր: Կոմիտասի «Անտունին» նրա կատարմամբ անզուգական էր: Ամեն անգամ Դավթի կատարումները լսելիս ես հուզվել եմ, նույնիսկ լաց եմ եղել: Մենք շատ երջանիկ ենք եղել:
Մեր որդին՝ Վարդանը, բարձր կարգի մասնագետ է, քիմիկոս: Նա չգնաց մեր ճանապարհով, չցանկացավ երգիչ դառնալ, չնայած լավ ձայն ունի: Սովորեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ուսումը շարունակեց Մոսկվայի Մենդելեևի անվան համալսարանում: Որտեղ էլ աշխատել է, միշտ սիրված է եղել, այդ սերը նա վաստակել է շնորհիվ իր բարության, ազնվության: Որդիս ունի լավ ընտանիք: Հոյակապ հարս ունեմ, բազմակողմանի զարգացած, ընտանիքին նվիրված:
Վարդանի տղան նույնպես ավարտեց Մոսկվայի Մենդելեևի անվան համալսարանը, հոր պես քիմիկոս է: Ես ուրախանում եմ, հպարտանում եմ տղայիս ընտանիքով:
Ամուսինս՝ Դավիթ Վարդանի Վարդանյան,
տղաս՝ Վարդան Դավթի Վարդանյան,
թոռս՝ Դավիթ Վարդանի Վարդանյան,
ծոռնիկս՝ Վարդան Դավթի Վարդանյան:
Ինձ թվում է, այդպես էլ կշարունակվի:
Գ.Ղ. -Վարդուհի Խաչատրյանի երգացանկը հարուստ է և բազմազան՝ հայկական ժողովրդական և գուսանական երգեր, հայ և ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ:
Վ.Խ. -Մայրս շատ երաժշտական կին էր: Չէր սովորել, բայց հիանալի լսողություն ուներ և փոքրիկ քնքուշ ձայն: Արդուկ անելիս նա միշտ երգում էր: Երգում էր «Քույր իմ նազելի», «Սարեր, կաղաչեմ», «ՈՒռին»... Ամուսինս՝ Դավիթը, Հովհաննես Բադալյանը Նիկոլ Գալանտերյանի ուսանողներն էին: Ամեն օր Դավիթն առաջարկում էր ինձ ռոմանս երգել: Կատարումից հետո ասում էր. «Դու չես զգում, ինչ ես երգում»: Ես մտահոգվում էի: Հետո հասկացա, թե ինչ էր ուզում լսել ինձնից: Հասկացա, երբ կորցրի հորս, մորս, եղբորս, քրոջս: Ես որոշեցի նրանցից յուրաքանչյուրին մի ռոմանս նվիրել: Դա ինձ ուժ տվեց, անկախ ինձնից, ես կարծես փոխվում էի, վերանում, զգում էի նրանց ներկայությունը, մի խոսքով՝ հոգով էի երգում:
1993-ին Կամերային երաժշտության տանը համերգ ունեցա, ծրագրում միայն ռոմանսներ էին: Նիկոլ Գալանտերյանի «Լույսերը մարան» ռոմանսը ես նվիրել եմ վաղամեռիկ եղբորս, որը բժիշկ էր: Երբ հայտարարվեց ռոմանսը, լույսերը դահլիճում իրոք մարան: Եվ 7 ռոմանս երգեցի մութ դահլիճում: Համերգից հետո ինձ մոտեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, նշանավոր օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը. «Ես գիտեի, որ լավ երգչուհի ես, բայց որ լավ նկարչուհի ես, չէի պատկերացնում: Դու նկարեցիր այնպես, որ ես ամեն ինչ տեսա»: Ես ինձ շոյված զգացի: Դավիթն ու հարազատներս օգնեցին ինձ զգալ ռոմանսը, նկատել այն: Իմ բեմական գործունեության 50-ամյակին նվիրված համերգի ավարտից հետո բեմ բարձրացավ մեր մեծանուն «Ոզնին»՝ Արամայիս Սահակյանը: Նա ասաց. «Այսօրվանից մեր Վարդուհուն համարենք ռոմանսի թագուհի»: Եվ ինձ նվիրեց հետևյալ տողերը.
Գեղեցկուհի Վարդուհի,
Դու իսկական հայուհի,
Հայ ռոմանսի թագուհի:
Իսկ արվեստի դպրոցի տնօրեն Արմեն Նալբանդյանը ավելացրեց.
-Բեմն առանց քեզ տեսք չունի:
Այդ համերգից հետո ես հիմնեցի ռոմանսի դպրոց: Բանաստեղծ Դևը սիրած աղջիկ ուներ: Երկուսն էլ աշխատում էին Հայկական ընկերությունում: Այնպես էր պատահել, որ երիտասարդները խռովել էին և չէին շփվում միմյանց հետ: Սակայն երկուսն էլ ծանր էին տանում այդ բաժանումը: Նիկոլ Գալանտերյանը շատ մոտ էր Դևին և որոշել էր մի բան անել, որ զույգը վերականգնի շփումը՝ մեկ տարի նրանք չեն հանդիպել: Այդ մասին ինձ պատմել է Դավիթը:
Նիկոլ Գալանտերյանը հավաքում է ընկերներին, խնդրում է նրանց, ով ինչ կարող է բերի տնից (այդ ժամանակ դժվար էր կյանքը) ու սեղան են բացում: Հրավիրում են խռոված զույգին: Աղջիկը նստած է լինում, երբ մտնում է Դևը: Տեսնելով աղջկան, Դևը չի դիմանում. «Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ... Քեզ երկար, շատ երկար եմ սիրել...»: Գալանտերյանը մոտենում է դաշնամուրին ու այդ պահին ծնվում է հայկական լավագույն ռոմանսներից մեկը՝ «Դու նորից եկել ես...»
Գ.Ղ. -Վարդուհի Խաչատրյանը նոր էր ընդունվել երգի-պարի անսամբլ: Փորձ էր: Փորձն անցկացնում էր Թաթուլ Ալթունյանը: Հանկարծ մաեստրոն ընդհատում է փորձը և դիմելով Վարդուհուն, ասում է. «Իմ մասին միայն դու կարող ես գրել»: Այդ նախադասությունը դարձավ մարգարեական. Վարդուհի Խաչատրյանի վերջին գիրքը կոչվում է. «Իմ մասին միայն դու կարող ես գրել»:
Վ.Խ. -Լենինականից նոր էի տեղափոխվել Երևան և ուզում էի օպերային երգչուհի դառնալ: Հեշտությամբ ընդունվեցի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Այդ ժամանակ ինձ «Փոքրիկ Կարմեն» էին ասում. ես երգում էի Կարմենի բոլոր արիաները Ժ. Բիզեի համանուն օպերայից: Ինձ այնքան էին հավանել, որ կոնսերվատորիայի քննություններից հետո (ես ստացա 5 ու խաչ), ինձ տարան երկրորդ կուրս: ՈՒրախացած, ոգևորված եկա Ալթունյանի մոտ. «Մակագրեք, խնդրեմ, դիմումս...»
-Գիտեմ,- ընդհատեց ինձ Վարպետը,- 5 ու խաչով ընդունվել ես կոնսերվատորիա:- Մտածեցի. «Գիտի, երևի հետևել է...»: Իսկ Ալթունյանը շարունակեց. «Համաձայն եմ, բայց լավ մտածիր: Քո տեղը մեր անսամբլում է, ժողովրդական երգն է: Դու դա ապացուցել ես»: Ես դիմումս հետ վերցրի: «Ապրիս»,- ասաց Ալթունյանը: Այդ բառը նա ինձ ասել է 3 անգամ:
1959-ին երգի-պարի անսամբլը մեկնեց հյուրախաղերի արաբական երկրներ: Առաջին համերգը պետք է տեղի ունենար Կահիրեում: Ալթունյանը մի սկզբունք ուներ՝ մինչ համերգը մենք պետք է անպայման տեսնեինք դահլիճը, որտեղ պետք է ելույթ ունենայինք, կարևոր չէր` համերգը քաղաքու՞մ է, թե՞ գյուղում:
Ճանապարհից հոգնած, սոված գնացինք այն դահլիճը, որտեղ երեկոյան պետք է ելույթ ունենայինք: Մեր զգեստները արդուկված կախված էին գրիմանոցներում: Ալթունյանը ստուգեց միայն միկրոֆոնը, ասաց. «Վարդուհի, երգիր «Կռունկի» սկիզբը, տեսնեմ ինչպես է հնչում»: Ես երգեցի: «Ապրիս,- ասաց,- գնացեք հանգստանալու, երկու ժամից մեքենաները ձեզ կբերեն համերգի»: Թաթուլ Ալթունյանը համերգի ժամանակ բեմում չէր լինում, միայն «Կռունկի» ժամանակ էր չափ տալիս. մուտք էր տալիս երգչախմբին, ինձ: Երբ դուրս էինք գալիս հյուրանոցից, որ գնանք համերգի, ասացին, որ Ալթունյանը 40 աստիճան ջերմություն ունի ու համերգի չի գալու: Ես շատ վատ զգացի ինձ. «Եթե մաեստրոն չափ չտա, ես կարող է սխալ մուտք անեմ»: Արագ գնացի Ալթունյանի համարը: Պառկած էր, գլուխը փաթաթված, թշերը կարմիր:
-Թաթուլ Տիգրանիչ, բա ես ի՞նչ պետք է անեմ:
-Ես գիտեմ, որ շատ լավ պիտի երգես, և գիտեմ, որ դու ինձ էնտեղ կտեսնես, դու ինձ կտեսնես կանգնած: Ես քեզ մուտքը կտամ, կտեսնես...
Գնացինք համերգի, շատ եմ հուզված, դողում եմ, ոտքերս թուլանում են... Հայտարարվեց «Կռունկը»: Երբ հասավ իմ հերթը, Ալթունյանը աչքիս առաջ եկավ և մուտքս տվեց: Երեք անգամ երգեցի: Ընդունելությունը չտեսնված էր: ՈՒրախ-ուրախ ծաղկեփնջերով մտնում եմ Ալթունյանի սենյակը: Ոչ կարմիր էր, ոչ սավան կար գլխին. «Ասացի, չէ՞, որ ինձ կտեսնես էնտեղ... Ապրի՜ս...»։
Երրորդ «ապրիսը» ստացա «Կռունկի» համար: Եվ պատահական չէ, որ իմ համերգները միշտ սկսում եմ «Կռունկով»: ՈՒ երբ ես պետք է մուտք անեմ, տեսնում եմ Ալթունյանի ձեռքը, տեսնում եմ էլի նրան կանգնած... Նա ինձ ուղղորդում է, ճանապարհ է ցույց տալիս, միշտ ինձ հետ է...
Երբ ես ստեղծեցի աղջիկների «Վարդենի» անսամբլը, համերգները դարձյալ սկսում էինք Կոմիտասի «Կռունկով» Ալթունյանի մշակմամբ: Առաջին համերգին հրավիրել էի Գևորգ Էմինին: Խնդրեցի նրան երգի ավարտին արտասանեմ հատված իր բանաստեղծությունից, որը շատ համահունչ է «Կռունկին»: Նա պատասխանեց. «Վարդուհի ջան, ես միայն կարող եմ շնորհակալ լինել, որ այդ մեծերի կողքին ինձ էլ ես դնում»: Եվ ես միշտ երգը կատարելուց հետո «Կռունկի» մեղեդու ներքո արտասանում եմ.
Գնա կռունկ երկրեերկիր
ՈՒ ետ դարձիր,
Բարով դառնաս երամիդ
հետ եղբայրների մեր տարեգիր,
բարով դառնաս:
Դարձիր այնպես, որ ոչ մի տեղ,
ոչ մի պանդուխտ քեզ չսպասի,
Կռունկ, «ուստի կուգաս» չասի ու չլացի,
բարով դառնաս...
Եվ «Կռունկի» կատարումով ավարտվում է հաղորդումը:
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ