Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մշակույթի զանազան ոլորտները միավորելու անհրաժեշտությունը` գերակա խնդիր

Մշակույթի զանազան ոլորտները միավորելու անհրաժեշտությունը` գերակա խնդիր
30.11.2018 | 00:25

Հայաստանի մշակութային տարածքը հասարակության շերտավորման սոցիալական գործընթացի հստակ արտացոլումն է։ Այստեղ նույնպես մշակույթը կորցնում է իր ամբողջականությունը, ստանում է գործառութային կապերի անհավասարակշռվածություն, որի հետևանքով մասնատվածության հատկանիշներ է ձեռք բերում. կա՛մ թուլանում է նրա բաղադրիչ օղակների կենսունակությունը, կամ դրանք պարզապես անշարժանում են։
Մշակույթը տնօրինող նախկին պետական-հասարակական կառույցները, որոնք որոշակի մակարդակով հետևում էին գեղարվեստական ստեղծագործության հետագա կյանքին, դա իրականացնում էին, ելնելով իրենց վարչական պարտականություններից։ Ընդ որում, որպես օրենք, նրանցից չէր պահանջվում ստեղծագործության արժեքային-ակսիոլոգիական փորձաքննություն։ Փոխարինելու եկած մշակութային կառույցները (ասոցիացիաներ, միավորումներ, հիմնադրամներ, կենտրոններ և այլն), ինչպես և հին կառույցները, հրաժեշտ տվեցին այդ պարտականություններին, դրանով իսկ վակուում ստեղծելով սոցիոմշակութային կարգավորման ընդհանուր համակարգում։


Անջատողական միտումների սրացումը նախորդ և նոր ձևավորված կազմակերպությունների փոխհարաբերություններում, կարծիքների անհատականացումը, իսկ երբեմն էլ ծայրահեղ բևեռացումը, փոխհամաձայնության բացակայությունը մի շարք հանգուցային խնդիրների շուրջ իրենց ազդեցությունը թողեցին գեղարվեստական ստեղծագործության ամենատարբեր ոլորտների գործունեության վրա։
Պետության համար կարևորագույն նշանակություն ունի մշակույթի արտահանման խնդիրը։ Դրա լուծման արդյունավետությունը բացառապես կապված է բազմապիսի ծառայությունների փոխգործակցության հետ, որոնք ծառայում են միասնական նպատակի՝ արտերկրում ներկայացնելու հայ արվեստի ու գրականության նվաճումները։ Ներկայումս ազգային մշակույթի արտահանումն ուղղված է անցյալի արտեֆակտներին, դասական ժառանգության հաստատուն նմուշներին։ Ինչ վերաբերում է արդի ստեղծագործական նվաճումներին, ապա դրանց արտահանումը զուրկ է տրամաբանորեն մտածված գործողություններից, ինչ-որ չափով կոնցեպտուալ ծրագրավորումից և հեռանկարային կանխատեսումներից։ Հակառակը, այդ գործողությունն աչքի է ընկնում գեղարվեստական գնահատման տարերայնությամբ ու խառնաշփոթությամբ, ոչ ադեկվատ և սուբյեկտիվ, երբեմն ոչ մասնագիտական չափանիշներով։ Հայտնվելով պետության «խորթ զավակի» կարգավիճակում, հայ մշակույթը չի կարող ակնկալել լիարժեք, առաջադեմ կենսագործունեություն թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։


Պատճառների ուսումնասիրությունից հետևում է մշակույթի զանազան ոլորտները միավորելու անհրաժեշտությունը, հասարակության սոցիալական զարգացման հրատապ խնդիրներից ելնելով, առաջնահերթ արվեստներն առանձնացնելու, ստեղծագործության արդյունքը որակապես տարբերակելու և, վերջապես, մշակութային արտահանման հարցը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը հանրապետությունում նոր, սակայն շատ երկրներում գոյություն ունեցող կառույցի՝ Ազգային մշակութային խորհրդի ստեղծումն է։
Ազգային մշակութային խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը միավորում է մշակույթի տարբեր ոլորտների փորձագետների։ Նրա առաքելությունն է՝ համախմբել ջանքերը արվեստի ու գրականության բոլոր ոլորտներում երկրի համար առաջադիմական նշանակություն ունեցող համազգային խնդիրների շուրջ։ Ազգային մշակութային խորհուրդը ոչ վարչական և ոչ կառավարական կառույց է, որը չունի կոնկրետ մշակութային օբյեկտներ վերահսկելու և ղեկավարելու իրավասություն։ Դրա փոխարեն, Ազգային մշակութային խորհրդի ներգրավումը միջպետական մշակութային կապերի, ինչպես նաև պետության ներսում հասարակության գեղարվեստական զարգացման հայեցակարգերի մշակման գործընթացում, նրան տալիս է գործառույթները կոորդինացնող կառույցի հատուկ կարգավիճակ։
Միջկառավարական կառույցների ընդհանուր հիերարխիայում Ազգային մշակութային խորհուրդն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտին։


Ազգային մշակութային խորհուրդը կարող է համընդհանուր քննարկման ներկայացնել միջպետական մշակութային կապերի որոշակի ճյուղին վերաբերող նախագիծ կամ կառավարության առաջարկով մշակել համապետական նշանակության գործողությունների ծրագիր։ Երկու դեպքում էլ Ազգային մշակութային խորհուրդը հանդես է գալիս բացառապես որպես խորհրդակցական մարմին։ Նրա հավաքական կարծիքը կարող է վիճարկվել և հավանություն չստանալ ո՛չ պետության, ո՛չ էլ մշակույթով զբաղվող վարչական կազմակերպությունների կողմից։


Այսպիսով, Ազգային մշակութային խորհրդի հիմնական նկատառումներն են՝
1. Մշակույթի ոլորտում պետության հայեցակարգային քաղաքականության մշակում;
2. Պետության ներսում մշակութային-գեղարվեստական զարգացման կոռելյացիա;
3. Պետական գաղափարների հեռանկարների քննարկում;
4. Ծավալուն մշակութային նախաձեռնությունների իրագործում հանրապետությունում և նրա սահմաններից դուրս;
5. Հայ ժողովրդի մշակույթի առաջնահերթ հատկանիշների բացահայտում, որոնք կարող են ունենալ արտահանման նշանակություն;
6. Արդի փուլում մշակույթի զարգացման հասարակական-փիլիսոփայական նախադրյալների ուսումնասիրում;
7. Հանրապետության տարածքում ստեղծագործական գործունեության արդյունքների գեղարվեստական-ակսիոլոգիական փորձաքննություն;
8. Այլ երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ կապերի հաստատում և փոխհամագործակցություն։


Ազգային մշակութային խորհրդի ստեղծման առաջարկներով ես բազմիցս հանդես եմ եկել մամուլում՝ սկսած 1990-ականներից։ Հավանաբար դեռ ժամանակը չէր հասունացել։ Այժմ այլ իրավիճակ է, այլ է Հայաստանի պետական քաղաքականությունը, ինչը առաջարկվող նախաձեռնությանը ապրելու իրավունք է տալիս։


Սվետլանա ՍԱՐԳՍՅԱՆ
Արվեստագիտության դոկտոր,
Երևանի Կոմիտասի անվ. պետական
կոնսերվատորիայի պրոֆեսոր

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ